Ծովակալ Լազար Մարկոսի Սերեբրյակով

Նրա պապերի ազգանունը վկայում է, որ նրանք «արծաթյա գործերի վարպետ էին»

Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է․  1795 թ.
Ծննդյան վայրը․ Կարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմ)
Ծագումը․ հայկական (Ղազար Մարկոսի Արծաթագործյան)
Ռազմական կոչում․  Ռուսական կայսերական նավատորմի ծովակալ
Գործունեության բնագավառ․ ռազմական և պետական գործիչ, սևծովյան ափի պաշտպանության կազմակերպիչ
Առնչվող քաղաք․ Նովոռոսիյսկ (հիմնադրում և զարգացում 1838 թ.)
Ռազմական գործունեություն․ սևծովյան ափի եզրագծի ամրապնդում Կովկասյան պատերազմի ժամանակ,  ամրությունների, նավահանգստային ենթակառուցվածքների շինարարություն
Գիտական գործունեություն․ մասնակցություն Կովկասի տեղագրական հետազոտություններին; 1852 թ․ արշավ; Կովկասի տեղագրական առաջին ճշգրիտ քարտեզի կազմում
Հասարակական գործունեություն․ աջակցում Սևծովյան ափամերձ գոտում ժողովուրդների բնակեցմանը; տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքի զարգացում
Հիշատակ․ 2025 թվականի հունիսի 5‑ին  Նովոռոսիյսկի քույր քաղաք Գավառում  (Հայաստանի Հանրապետություն) հուշատախտակ է տեղադրվել

Ծովակալ Լազար Մարկոսի Սերեբրյակով (реконструкция)

*

1838 թվականի սեպտեմբեր։ Սուջուկի ծոցում ոչ մի տուն չկար, այն ընկղմված էր մթության մեջ։ Ամայի ափ, տատասկներ, վտիտ թփուտներ։ Նավերը մեկի մյուսի հետևից մտնում էին ծովածոց. «Սիլիստրիա», «Սուլթան Մախմուդ», «Եվստաֆիայի հիշողություն»՝  առագաստանավեր, բրիգեր… Խարիսխներն ընկնում էին ջուրը, և լռությունը դարձյալ պարուրում էր ծոցը։ 

Նավերից մեկի տախտակամածին կանգնած էր կոնտր-ադմիրալը։ Նա ուշադիր զննում էր իր առաջ սփռված այդ վայրի ափը, որի փոխարեն քաղաք էր տեսնում. նավահանգիստներ, ծովակալություն, եկեղեցիներ, տներ, փողոցներ։ Նա տեսնում էր այդ ամենը և գիտեր՝ կլինի։

Լազար Մարկոսի Սերեբրյակով։ Հայերեն՝  Ղազար Մարկոսի Արծաթագործյան։ Պապերի ազգանունը վկայում է, որ նրանք «արծաթյա գործերի վարպետ էին»։ Երբ տասնութ տարեկանում նավատորմ մտավ որպես կամավոր՝ ռուսերեն թարգմանեց ազգանունը։  Այդպես էլ, նոր լեզվի հնոցում ձուլված, դուրս եկավ Սերեբրյակովը։ 

Սակայն երիտասարդն իրականում ոչ արծաթ ուներ, ոչ ոսկի, ոչ էլ ծանոթություն։ Կամավորներն այդ ժամանակ իրենց հաշվին էին ծառայում. սովորիր, կրիր բեռը և սպասիր սպայական կոչման։ Մինչև գարդեմարին ծառայել է չորս տարի, մեկ տարուց դարձել միչման, հինգ տարի անց՝ լեյտենանտ։

Իսկ 1828-ին սկսվեց ռուս-թուրքական պատերազմը։ Անապայի մատույցներում նրա գումարտակը առաջինը մտավ թուրքական ամրոց։ Այնուհետև՝ Վառնա, Մեսեմվրիա, Միդիա։ Վերադարձավ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով՝ ժապավենակապով և Գվարդիական անձնակազմում իր տեղով։  

 1832-ին նրան ջոկատով Կոստանդնուպոլիս ուղարկեցին, այնուհետև՝ Եգիպտոս։ Այստեղ արդեն նրա արծաթե լեզվի կարիքն առաջացավ. Սերեբրյակովը լեզուներ գիտեր, հասկանում էր սովորույթներն ու կարողանում էր մարդկանց հետ պայմանավորվել։  

 1834 թվականին նա «Պոլտավա» նավի հրամանատարն էր՝ կովկասյան ափերի մոտ։ Երկու տարուց՝ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան ծովային 18 ռազմական գործողության և ծառայությունների համար։ 1837-ին նա արդեն 1-ին կարգի կապիտան էր, Կովկասյան գծի հրամանատարին կից շտաբի հերթապահ սպա։ 

1838 թվականի սեպտեմբերի 12-ին Սերեբրյակովը մտավ Ցեմեսի ծոց։ Եվ այնտեղ էլ մնաց։

Վեց հազար դեսանտ, թնդանոթներ, զինամթերք. այդ ամենը ափ հանվեց, դասավորվեց և սակրավորները սկսեցին աշխատել կացիններով։ Կայսրի 1839 թվականի հունվարի 14-ի հրամանագրով ամրությանը տրվեց  Նովոռոսիյսկ անունը։ Սերեբրյակովը նշանակվեց Սևծովյան ափամերձ գծի առաջին բաժնի և նավահանգստի պետ։  

Գլխավոր հրամանատար Գոլովինը Պետերբուրգ էր զեկուցել առ այն, որ Սերեբրյակովը  «ձեռքի տակ ունենալով փոքրաթիվ զորք և սահմանափակ նյութական միջոցներ» արել էր ավելին, քան պահանջվում էր։ Ողջ Նովոռոսիյսկի ամրացումն ավարտել էր, միավորիչ գիծ էր անցկացրել, զորանոցներ կառուցել։ Փողը հաշվում էր, մարդկանց՝ խնայում։ 

Նրա օրոք Նովոռոսիյսկում  նավահանգիստներ, ծովակալություն, եկեղեցիներ, տներ հայտնվեցին։ Նա գրադարան էր բացել, դպրոց հիմնադրել լեռնցիների երեխաների համար, հանրային ժողով կազմել։ Ռազմական ճամբարը աչքի առաջ քաղաքի էր վեր ածվում։

1852 թվականի ամռանը Սերեբրյակովը արդեն վիցե-ադմիրալ էր, ողջ Սևծովյան ափամերձ գծի պետ՝ Անապայից մինչև թուրքական սահման։ Բայց վաթսունամյա Սերեբրյակովը հիմա էլ որոշում է Կովկասյան լեռնաշղթա տանել տեղագիրների խումբը՝ ուշադիր հետևելով, թե որտեղից են թուրքերը Աբխազիա և Վրաստան ներթափանցում։ Անցավ Նախաիրի և Մարուխի լեռնացքները, որտեղ ձյան շերտը հասնում էր մինչև գոտկատեղ, իսկ քամիները գետնին էին տապալում։ Բայց նա հաղթահարեց և սեպտեմբերի 10-ին վերադարձավ Նովոռոսիյսկ։ 

 Հետո երկտող գրեց. «Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի միջով ճանապարհ Սուխումիից դեպի Կուբան»։ Քարտեզն էլ նրա ղեկավարությամբ կազմվեց՝ Կովկասի առաջին ճշգրիտ քարտեզը։ Այդ քարտեզի համար Սերեբրյակովը արժանացավ Ալեքսանդր Նևսկու շքանշանի, ինչպես նաև ընտրվեց Ռուսական աշխարհագրական միության անդամ։ 

 …Վրա հասավ Ղրիմի պատերազմը։ Ռուսական նավերը խորտակվեցին Սևաստոպոլի ծոցում, ծովափնյա ամրաշինությունները մնացին անպաշտպան։ Սերեբրյակովը ամրոցներ էր ապամոնտաժում, դուրսբերում կայազորները, մարդկանց, զենքերը և գույքը տեղափոխում Նովոռոսիյսկ։ Հետո, երբ պատերազմը տեղափոխվեց դեպի Կարս, թուրքերից հետ գրավեց Վրաստանի ափամերձ ամրոցները։  

Պատերազմից հետո, 1856 թվականին, նրան ծովակալի կոչում շնորհվեց, և որպես Ծովակալությունների խորհրդի նորընծա անդամ նա հրավիրվեց Պետերբուրգ։ 

Ծովակալը պատահականորեն զոհվեց։ 1861 թվին մեկնել էր իր Ղրիմյան կալվածք, կառքը գլորվել էր սարից։ Սերեբրյակովը վնասել էր ոտքը, չէր կարողանում քայլել և նրան տեղափոխել էին Պետերբուրգ, որտեղ էլ նա մահացել էր 1862 թվականի փետրվարի 28-ին՝ մրսածությունից։ 

Սերեբրյակովին Կարասուբազարում են հուղարկավորել՝ ընտանեկան դամբարանում։ 1955 թվականին ծովակալ Իսակովը վերահուղարկավորման թույլտվություն ստացավ։ Նրա աճյունը տեղափոխեցին Սևաստոպոլ, Եղբայրական գերեզմանոց, Ղրիմի պատերազմի հերոսների մոտ։ Տապանաքարին փորագրվել է. «Նովոռոսիյսկ քաղաքի և նավահանգստի հիմնադիր»։

Այսօր Նովոռոսիյսկում նրա անունն է կրում առափնյան։ Կենտրոնում՝ հիմանդիրների հուշարձանը՝ գեներալ Ռաևսկի, ծովակալ Լազարև և նրանցից մի քիչ առաջ ծովակալ Սերեբրյակով՝ հայացքը հառած դեպի ծովածոց։

2025 թվականի հունիսի 5‑ին  Նովոռոսիյսկի քույր քաղաք հայկական Գավառում  հուշատախտակ է տեղադրվել՝ ի պատիվ Սերեբրյակովի։ Գավառի քաղաքապետը, խոսելով ծովակալի մասին, նշել է. «Նրա նման մարդիկ հիշեցնում են, որ մեր ընդհանրություններն ավելի շատ են, քան թվում է»։ Նովոռոսիյսկի քաղաքապետը հավելել է. «Մենք վերականգնել ենք հիշողությունը։ Մեր ընդհանուր պատմությունը հզոր է, մեծ, հանճարեղ»։

Հետո էլ Ռուսաստանի և Հայաստանի օրհներգերի ներքո եղևնի են տնկել։ Չէ որ բարեկամությունն էլ է ծառի պես. արմատներ է ձգում և ամրանում՝ տարեց տարի ավելի հզորանալով։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով