Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ․ Ռուսական կայսերական բանակի հետևակային գունդ
Կոորդինատներ․ 40.792334 N, 43.844336 E
Կազմավորվել է․ 1726 թվականի դեկտեմբերի 15-ից
Գնդի տոն․ հունվարի 6
Վերջնական անվանում․ 1917 թվականի մարտից՝ Գեներալ-ֆելդմարշալ իշխան Բարյատինսկու 80-րդ Կաբարդինյան հետևակային գունդ
Տեղակայում (XX դարի սկիզբ)․ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), ավելի ուշ՝ Կարս
Կազմալուծում․ 1918 թվականի սկիզբ
Մասնակցություն պատերազմական գործողություններին․
— Կովկասյան պատերազմ (1817–1864 թթ.)
— Ռուս-պարսկական պատերազմ (1826–1828 թթ.)
— Ռուս-թուրքական պատերազմ (1828–1829 թթ.)
— Խիվայի արշավանք (1873 թ.)
— Ռուս-թուրքական պատերազմ (1877–1878 թթ.)
— Ախալ-Թեքեի արշավանք (1877–1879 թթ.)
— Առաջին համաշխարհային պատերազմ (1914–1918 թթ.)
Զորամասի նվաճումները․
— Ալեքսանդրովյան հոբելյանական ժապավեններով Գեորգևյան զինադրոշ (1859 թ.)
— Գեորգևյան չորս արծաթե շեփոր (1865 թ.)
— Արծաթե փող «Չենստոխով ամրոցի գրավման ժամանակ գերազանցության համար» (1813 թ.)
—Գլխարկներին ամրացված նշաններ «Գերազանցության համար» գրառումով (1814, 1830 թթ.)
— Հատուկ երաժշտական ազդանշան «Արշավ մարտական գերազանցության համար» (1868 թ.)
— Մարտական գերազանցության համար շնորհված հատուկ սպայական համազգեստի կոճականցքեր (1879 թ.)
Ծառայության վայրեր․ Կովկաս, Անդրկովկաս, Փոքր Ասիա, Միջին Ասիա
Լրացուցիչ տեղեկություններ․ զորամասի նվագախմբի մասնակցությունը Ալեքսանդրապոլի հասարակական կյանքին (համերգներ քաղաքային այգում)

*
Ալեքսանդրապոլում, զորանոցի զորահրապարակում, առավոտյան վերկացի հետ հավաքվում էր զորքը՝ սպիտակ շապիկներով զինվորները շարվում էին դասակներով, սյուրթուքներով սպաները ուղղում էին հանդերձանքը, և քաղաքը հետզհետե լցվում էր շիլայի և ծխախոտի բույրով։ Գունդն այստեղ տեղակայված էր անցյալ դարի կեսերից, արմատներ էր ձգել այս հողում, մտերմացել նրա հետ։
80-րդ Կաբարդինյան հետևակային գունդ։ Մտերիմների համար՝ պարզապես «կաբարդինցիներ»։ Գունդ, որի պատմությունը սկսվել է մինչև Ալեքսանդրապոլի ռուսական քաղաք դառնալը։
Գունդը ծառայություն էր տանում սկսած 1726 թվականի դեկտեմբերի 15-ից։ Այն այլ անվանում ուներ, ուրիշ մարդիկ էին ծառայում, ուրիշ վայրերում կռվում։ Բայց այդ ժամանակ արդեն, Եկատերինա I կայսրուհու օրոք, ձևավորվել էր այն կորիզը, որը հարյուր տարի անց պիտի Անդրկովկաս բերեր զինվորներին։
Պավել I-ի օրոք, 1798 թվականին, այն կոչվում էր գեներալ-լեյտենանտ Կիսելյովի հրացանակիրների գունդ, այնուհետև՝ Բրիզեման ֆոն Նետինգի, հետո Կնորինգի․ տարիներ էին անցնում, փոխվում էին հրամանատարները, բայց գունդը մնում էր։ 1801 թվականի մարտի 31-ին, արդեն Ալեքսանդր I-ի օրոք, զորամասին վերադարձրին Կազանի հրացանակիրների անվանումը։ Իսկ 1819 թվականի նոյեմբերի 4-ին նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ․ Կազանի գունդն անվանափոխվեց Կաբարդինյան հետևակայինի և վերջինիս փոխանցվեցին դեռևս 1726 թվականին կազմալուծված հին Կաբարդինյան գնդի ծառայողական գերակայությունն ու զինադրոշները։
Հենց այդ տեսքով այն հասավ Կովկաս։ Զորամասը նույնն էր մնացել։ 1834 թվականի մարտի 21-ին այն վերակազմավորեցին Կաբարդինյան եգերականի․ այնպիսի ժամանակներ էին, երբ եգերական զորամասերը գնահատվում էին դիպուկ կրակի և ցրված շարասյան պայմաններում գործելու ունակության համար։ 1843 թվականի մարտի 26-ին գնդում նոր հրամանատար նշանակվեց, և այն վերանվանվեց գեներալ-ադյուտանտ իշխան Չերնիշևի եգերական գնդի։ Անունը հնչեղ էր, սակայն զինվորների և սպաների համար այն շարունակում էր մնալ «կաբարդինյան»։
Եվ միայն 1857 թվականի հունիսի 21-ին, իշխանի մահից հետո, գնդին վերադարձրին նախկին անունը՝ Կաբարդինյան հետևակային։ Իսկ 1859 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կաբարդինցիների համար յուրահատուկ հպարտության առիթ դարձավ․ հրամանատար նշանակվեց Գեներալ-ֆելդմարշալ իշխան Բարյատինսկին, ով ժամանակին գերևարել էր Շամիլին և վերջակետ դրել Կովկասյան պատերազմում։ Գունդը կոչվեց Գեներալ-ֆելդմարշալ իշխան Բարյատինսկու Կաբարդինյան հետևակային։
1864 թվականի մարտի 25-ին, երբ ռուսական բանակում նոր համարակալում մտցվեց, գունդը ստացավ Գեներալ-ֆելդմարշալ իշխան Բարյատինսկու 80-րդ Կաբարդինյան հետևակային անունը, որով էլ քայլեց մինչև դարավերջ։
1894 թվականի նոյեմբերի 2-ին, արդեն Նիկոլայ II-ի օրոք, տեղի ունեցավ վերջին անվանափոխությունը․ այն կոչվեց Գեներալ-ֆելդմարշալ իշխան Բարյատինսկու 80-րդ Կաբարդինյան հետևակային Նորին Մեծության գունդ, ինչը նշանակում է, որ այժմ գնդի հրամանատարն է անձամբ Կայսրը․ մեծագույն պատիվ։
1917 թվականի մարտին, Փետրվարյան հեղափոխությունից հետո, նախ հանվեցին «Նորին Մեծության» բառերը, իսկ 1918 թվականին Գեներալ-ֆելդմարշալ իշխան Բարյատինսկու 80-րդ Կաբարդինյան հետևակային գունդը կազմալուծվեց։
Բայց մինչ այդ պատերազմ էր։ Շատ պատերազմներ։
Նախ «կաբարդինցիները» կանգնած էին Եկատերինագրադում, կովկասյան ճակատում։ 1826–1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գունդն անմիջապես մարտի դաշտ չուղարկվեց։ Պատմաբան Զիսերմանը գնդի պատմությանը նվիրված իր եռահատորում գրել է, որ այն «զբաղված էր Կաբարդում անդորրի պաշտպանությամբ և վերջինով Անդրկովկասի և Ռուսաստանի կապի ապահովմամբ՝ Վլադիկավկազի և Գեորգիևսկի միջև ընկած տարածքում»։ Միայն 1827 թվականին «կաբարդինցիներին» գործող կորպուս ուղարկեցին։
Պարսկաստանի հետ Թուրքմենչայի պայմանագրի վրա դեռ չէր չորացել թանաքը, երբ նոր պատերազմ սկսվեց Թուրքիայի հետ։ 1828 թվականի հունիսի 14-ին գունդը Գյումրուց (հետագայում՝ Ալեքսանդրապոլ) շարժվեց դեպի Կարս։ Այնուհետև Բայազետն էր, հետո՝ Էրզրումը․․․Փոքր Ասիայում կաբարդինցիները կռվել են երկու տարի։
Իսկ հետո վերադարձան Կովկաս, որտեղ էլ սկսվեց հենց այն պատերազմը, որը անմահ փառք բերեց գնդին։ Կովկասյանը։ Անվերջը։ 1817-ից մինչև 1864 թվականը։
Գունդն ամենուր էր։ 1800 թվականի նոյեմբերի 7-ին, այդ ժամանակ դեռ հին անվան տակ, գունդն աչքի ընկավ Իորա գետի մոտ Ավարի զորքերից մարտական դրոշը վերցնելով, ինչի համար ավելի ուշ, արդեն Կաբարդինյան դարձած գունդը, հատուկ գրություն ստացավ իր զինադրոշի վրա։ 1839 թվականի օգոստոսի 22-ին գունդը գրոհել էր Ախուլգո անառիկ գյուղը, որտեղ թաքնվում էր Շամիլը, իսկ 1845 թվականի հունիսի 14-ին՝ Անդի, հուլիսի 6-ին՝ Դարգո, 1859 թվականի ապրիլի 1-ին Վեդեն գյուղերը։
Դրա համար գունդը արժանացել էր Ալեքսանդրովյան հոբելյանական ժապավեններով Գեորգևյան զինադրոշի, որի վրա ասեղնագործված էին այդ բոլոր անվանումները՝ Իորա, Ախուլգո, Անդի, Դարգո, Վեդեն։ Գեորգևյան չորս արծաթե շեփոր էր ստացել գունդը 1864 թվականին Արևմտյան Կովկասը նվաճելու համար, Արծաթե շեփորը վերջինիս ժառանգաբար անցել էր 39-րդ եգերական գնդից՝ 1813-ին Չենստոխով ամրոցի գրավման ժամանակ գերազանցության համար։ Զինվորների գլխարկներին ամրացված էին «Գերազանցության համար» գրառումով նշաններ՝ 1826–1829 թթ․ Պարսկաստանի և Թուրքիայի դեմ պատերազմների համար, իսկ «Արշավ մարտական գերազանցության համար» հատուկ երաժշտական ազդանշանը ստացել էր 1868-ին, հատուկ սպայական համազգեստի կոճականցքերը՝ 1879-ին։
Գունդը կռվել է Խիվայում, Ախալ-Թեքեյում, 1877–1878 թթ․ Բալկաններում, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն ամենուր էր, որտեղ կռվում էր Ռուսաստանը՝ Կովկասում և Միջին Ասիայում։
Ալեքսանդրապոլ կաբարդինցիները XIX դարի կեսերին էին եկել։ Քաղաքը ռազմական էր, զորամասային։ Զորանոցներ, լազարեթներ, սպայական ժողովներ, եկեղեցի։ Կյանքն այստեղ հագեցած էր՝ զորավարժություն, հերթափոխ, արշավանք, վերադարձ։
Սակայն միայն ռազմական հաջողություններ չէին գրանցվում։ Վկայություններ են պահպանվել, որ Կաբարդինյան գնդի զինվորները քաղաքային վարչակազմի խնդրանքով համերգներ էին տալիս Ալեքսանդրապոլի քաղաքային այգում։ Փողային նվագախումբ, թմբուկների և շեփորների որոտ․ երեկոյան այգում վալս, մարշ և պոպուրի էր տարածվում։ Քաղաքի բնակիչները գալիս էին լսելու և պարելու, ծափահարում էին, խնդրում կրկնել։ Գունդը քաղաքային կյանքի մի մասն էր։ Ոչ օտար էր, ոչ էլ նվաճող, այլ՝ հարազատ։
Գյումրիում, նախկին Ալեքսանդրապոլում, զորանոցները կանգուն են մինչ օրս։ Սև տուֆից, երկար, կամարաձև պատուհաններով, դիմային պատի կիսամաշ անվանագրերով։ Տեղացիները քաղաքի այս հատվածը «կազարմաներ» են անվանում։ Երեխաները կռիվ-կռիվ են խաղում այն զորահրապարակում, որտեղ յուր ժամանակին քայլերթով անցնում էին լեգենդար «կաբարդինցիները»։ Եվ եթե ուշադիր լսես խաղաղ երեկոյի շշուկը, երբ հանդարտվում է քամին և քաղաքի վրա է իջնում մշուշը, թվում է, թե հեռվում լսվում է փողային նվագախմբի կատարմամբ վալսը՝ հին, ռազմական, որը հնչում էր Ալեքսանդրապոլի քաղաքային այգում։
