Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայիտաճար

Գյումրու ռուսական ռազմական բազայի տարածքում կանգնած է մի տաճար՝ ուշագրավ պատմությամբ

Ընդհանուր տեղեկություններ

Տեսակ․ կայազորային ուղղափառ տաճար
Կոորդինատներ․  40.7869 N, 43.8271 E
Անվանումը․  Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի տաճար (Ալեքսանդրայի եկեղեցի)
Գահի օծում․ Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրա
Կառուցման ժամանակահատված․ 1837–1842 թթ
Հիմնարկեքի տարեթիվ․ 4 հոկտեմբերի 1837 թ. (Նիկոլայ I-ի ներկայությամբ)
Օծման տարեթիվ․ 1842 թ.
Ճարտարապետ /նախագիծ․ ինժեներ-գնդապետ Ռուդենկով
Տարողունակությունը․ մինչև 800 մարդ
Կարգավիճակ․ գործող տաճար
Տեղակայման վայր․ Հայաստանի Հանրապետություն, ք․ Գյումրի (նախկինում՝ Ալեքսանդրապոլ)
Գտնվում է․ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության 102-րդ  ռազմաբազայի տարածքում

Պատմական ենթատեքստ
— Ալեքսանդրապոլ բերդը անվանակոչվել է ի պատիվ կայսրուհի Ալեքսանդրա ֆյոդորովնայի;
— տաճարը օծվել է նրա երկնային հովանավոր Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի անունով (III–IV դդ.);
— շինարարությունը իրականացվել է բերդի ռուսական կայազորի կարիքների համար

Առանցքային իրադարձություններ․
— 1918 թ. — հրդեհ ռազմական գործողությունների ժամանակ; ըստ ավանդույթի՝ գնդերեց Մատֆեյ Միրոնովը զոհվել է՝ հրաժարվելով բացել տաճարի դռները զավթիչների առաջ;
— 2008–2009 թթ. — վերականգնում՝ ՌԴ Պաշտպանության նախարարության աջակցությամբ;
— 2009 թ. մայիսի 8 — տաճարի վերաօծում։

Սրբություններ և հիշարժան ընծաներ
— Զորաց Տիրոջ (Սավաոֆ Տիրոջ) խոշոր սրբապատկեր, որը նվիրաբերել է Նիկոլայ I կայսրը (պատկանում է Բրյուլովի վրձնին)
— Արդահանի գրավման հիշատակին նվիրված խաչվառներ (1877);
— Ռուսաստանի և Հայաստանի պետական և հոգևոր գործիչների կողմից նվիրաբերված ժամանակակից սրբապատկերներ և եկեղեցական ընծաներ

Գահի տոն․ մայիսի 6 (Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի օր)

*

Գյումրիում, ռուսական 102-րդ գործող ռազմաբազայի տարածքում, զարմանալի ճակատագրով տաճար է կանգնած։ Այստեղ հայտնվելու համար պետք է անցնել հսկիչ-անցագրային կետով, ներկայացնել փաստաթղթերը և հայտնվել մեկ այլ աշխարհում, որտեղ ուղղափառ գմբեթներն ընկերակցում են ռազմական համազգեստին, իսկ պատմությունը մինչև հիմա բաց չի թողնում իր հերոսներին։ Դա Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի եկեղեցին է։ Եվ այն ունի իր գաղտնիքները։ 

1837 թիվ։ Ռուսական կայսրությունը ամրացնում է իր դիրքերը Կովկասում։ Ալեքսանդրապոլ (այդպես էր կոչվում այդ ժամանակ Գյումրին) ստուգումներով ժամանում է անձամբ Նիկոլայ I կայսրը։ Հոկտեմբերի 4-ին նա իր ձեռքով դնում է ապագա տաճարի հիմքի առաջին քարը։ Կողքին բերդն է, որը հենց նոր կոչվել է իր կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով։ Տրամաբանական է, որ եկեղեցին էլ պետք է օծվի նրա երկնային հովանավորի՝ Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրա Հռոմեացու պատվին, ով քրիստոնեության մոլի հալածողներից մեկի՝ Դիոկղետիանոս կայսեր կինն էր։

Նախագիծը մշակել էր ինժեներ-գնդապետ Ռուդենկովը։ Տաճարը տարողունակ էր ստացվել՝ այստեղ միաժամանակ կարող էր աղոթել մինչև 800 զինվորական։ Կառուցել էին հինգ տարի։ Եկեղեցին օծվել էր 1842 թվականին և այդտեղ առաջին Սուրբ պատարագն էր  մատուցվել։ Սակայն գլխավոր առեղծվածը ներսում էր։ Կայսր Նիկոլայ I-ը թագավորական նվեր էր արել տաճարին․ հանճարեղ գեղանկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» կտավի հեղինակ Կառլ Բրյուլովի վրձնին պատկանող  3,2 x1,80 մետր չափի Զորաց Տիրոջ (Սավաոֆ Տիրոջ) սրբապատկերը։ Պատկերացրեք միայն՝ կայազորային խիստ տաճարում, զինվորական շինելների և ուսադիրների կողքին, ինչպես թանգարանում, կախված է հանճարեղ վարպետի աշխատանքը։  

Ավելի ուշ եկեղեցում հայտնվեցին նաև «Ի հիշատակ Արդահան քաղաքի գրավման՝ 1877 թվականի մայիսի 6-ին» գրությամբ թանկարժեք խաչվառները։ Թե ով է դրանք ընծայել, մինչ օրս հայտնի չէ։  

Անունների ևս մեկ զարմանալի միահյուսում․ բերդը անվանել են ի պատիվ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի, իսկ տաճարը՝ նրա երկնային հովանավորի և հնագույն սուրբ նահատակի։ Դարերով իրարից բաժանված երկու Ալեքսանդրան այստեղ են հանդիպել՝ հայկական հողում։  

1918 թվականի մայիսի 25-ին Ալեքսանդրապոլ ներխուժեց թուրքական բանակը։ Կայազորի հիմնական ուժերը ամրոցից դուրս էին գտնվում։ Ներսում ընդամենը զինվորների երկու դասակ էր մնացել և սպաների կանայք ու երեխաները։ Նրանք հասցրել էին հեռանալ լրացուցիչ դարպասներով և թաքնվել Արփաչայ գետի կիրճում։

Իսկ քահանան մնացել էր։

Գնդերեց Մատֆեյ Միրոնովը հասկանում էր՝ թուրքերը տաճար կմտնեն, հասկանում էր, թե ինչ կանեն ուղղափառ սրբության հետ և արեց այնպես, ինչպես նրան հուշում էր քահանայի և ռուս սպայի սիրտը։ Նա փակեց բոլոր լուսափեղկերը, ծանր դռները և մնաց ներսում։  

Թուրքերը փորձեցին ջարդել դրանք, բայց չկարողացան։ Գործի դրեցին թեթև հրետանին․ տաճարի պատերը դիմադրում էին։ Կատաղած զավթիչները այրեցին եկեղեցին։

Հայր Մատֆեյ Միրոնովը վառվեց իր տաճարի հետ միասին։

Եկեղեցու պատին այսօր հասարակ և սարսափելի խոսքերով ցուցանակ է փակցված․ «1918 թվականին Ռուսական բանակի զորամասի քահանա հայր Մատֆեյ Միրոնովը վառվել է Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի տաճարի հետ միասին՝ հրաժարվելով բացել դռները թուրք զավթիչների առաջ»։   

Հրդեհից հետո տաճարը գրեթե մի դար կիսավեր է կանգնել։ Այրված պատեր, պատուհանների դատարկ ակնակապիճներ, կրակի հետքերով սև տուֆ։ Տեղաբնակները խուսափում էին մոտ գալ տաճարին։ Թվում էր՝ այն հավերժ խոնարհվել է։  

Սակայն 2008 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հովանու ներքո վերականգնման աշխատանքներ սկսվեցին։ Զինվորական ինժեներները վերականգնեցին Նիկոլայ I-ի կառուցած տաճարը։  90 տարվա մոռացությունից հետո եկեղեցին նոր շունչ առավ։

2009 թվականի մայիսի 8-ին հրաշք տեղի ունեցավ․ Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ տաճարը կրկին օծվեց։ Օծման կարգը կատարեց Եգորևսկի եպիսկոպոս Մարկը։ Եվ այդ պահից եկեղեցին կենդանացավ։

Այսօր Սուրբ թագուհի Ալեքսանդրայի տաճարը գործում է ռուսական  102-րդ ռազմաբազայի տարածքում։ Այստեղ զինվորականների եկեղեցական երգչախումբ է ձևավորվել, ժամկետային զինծառայողները մասնակցում են պատարագների։ Գահի տոնը մայիսի 6-ն է՝ Սուրբ նահատակ Ալեքսանդրայի հիշատակի օրը։

Տաճարում բացառիկ ընծաներ կան․ սրբապատկերներ Ռուսաստանի Նախագահից, Պատրիարք Կիրիլից, Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ-ից, ՌԴ Պաշտպանության նախարարից։ Խորհրդանշական է, որ Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիներն այստեղ են հանդիպել, 1918-ի կրակը հիշող կամարների ներքո։

Որտե՞ղ է ննջում հայր Մատֆեյ Միրոնովը։ Նրա աճյուն այդպես էլ չեն գտել։ Ասում են՝ այն խառնվել է տաճարի մոխրին։ Ոմանք էլ շշնջում են, որ գիշերները, երբ խաչերը լուսավորվում են լուսնի լույսով, խորանի մոտ կարելի է տեսնել այս պատերից ներս մտնող յուրաքանչյուրի՝ ռուս զինվորի, հայ երեխաների, մեզ համար աղոթող ծնկաչոք քահանայի ստվերը։  

Բրյուլովի սրբապատկերն էլ է ոչնչացվել այն հրդեհի ժամանակ։ Բայց մի՞թե անգամ հատվածներ չեն պահպանվել։ Գուցե 1918-ին տեղաբնակները հասցրե՞լ են ինչ-որ բան թաքցնել։ Պատասխաններ չկան։

Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի տաճարը պարզապես Գյումրու հնագույն եկեղեցիներից չէ, այլ յուրահատուկ, այստեղ ձուլված եռամիասնության հուշակոթող՝ կայսերական մեծության, մարդկային քաջության և վերածնման հրաշքի։ Այստեղ յուրաքանչյուր քար վկա է։ Ամեն պատ՝ աղոթք։ Եվ ամփոփված է այդ ամենը երկինքն ու երկիրը միավորած կնոջ անունով՝ սուրբ Ալեքսանդրա։  

Եթե մի օր Գյումրի գնաք, մի զլացեք, քայլեք մինչև 102-րդ ռազմաբազայի հսկիչ-անցագրային կետը։ Անցաթուղթ խնդրեք։ Կանգնեք այդ պատերի մոտ։ Գուցե ձեզ էլ կթվա, որ օրը ցերեկով կովկասյան արևի շողերի ներքո դեռ լուսավորում է հարյուր տարի առաջ ռուս քահանայի վառած մոմը․ և ոչ ոք, և ոչինչ այն չի կարողացել հանգցնել։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով