Ընդհանուր տեղեկություններ
Կոորդինատներ․ 40.781177 N, 43.899693 E
Ռազմականհակամարտություն. 1806–1812 թթ. ռուս-թուրքական պատերազմ
Ռազմականգործողություններիթատերաբեմ. Կովկասյան ռազմաճակատ
Վայրը. Արփաչայ (Ախուրյան) գետի հովիտ, Գյումրու մոտակայքում
Ռուսականզորք. Ռուսական կայսրության Կովկասյան բանակ
Հրամանատարներ. Գեներալ-անշեֆ Իվան Գուդովիչ; գեներալ Նեսվետաև
Հիմնականստորաբաժանումներ. Կովկասի և Խերսոնի նռնականետային գնդեր, 9-րդ և 15-րդ Յեգերական գնդեր, Նարվայի դրագունական գունդ, կազակական ստորաբաժանումներ
Հակառակորդ․ Օսմանյան բանակ
Հրամանատար. Յուսուֆ Զիյաուդդին փաշա
Ուժերիհարաբերակցություն.
Օսմանյանբանակ. ավելի քան 20 հազար մարդ, 25 հրանոթ և 2 հրասանդ
Ռուսականզորք. Մոտ 6–7 հազար մարդ
Արդյունք. Օսմանյան զորքի պարտություն և նահանջ դեպի Կարս
Ռազմավար: հրետանի, դրոշներ, ճամբարի ռազմական գույք
Պատմականնշանակություն. Կովկասյան ռազմաճակատում Ռուսաստանի դիրքերի ամրապնդում, 1804–1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքի բեկման հիմք
Աչքիընկածանձինք. հայ սպաներ և աշխարհազորայիններ; Սուրբ Գեորգիի IV աստիճանի շքանշանի ասպետ Ֆ.Ե.Հախվերդով
Հետևանքներ. Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդում, Պարսկակստանի հետ խաղաղ բանակցությունների նախադրյալների ապահովում


*
Արփաչայ գետը, այժմ՝ Ախուրյանը, սահմանաբաժան է։ 1807 թվականի ամռանը գետը սակավաջուր էր, բայց անձրևներից հետո այն փրփրում էր և պղտոր ջրերով ողողում քարերը։ Գետի աջ ափին, թուրքական Թղնիս գյուղի մոտ կանգնած էր Յուսուֆ փաշայի բանակը։ Ձախ թևին, Գյումրու մոտ, Գուդովիչի և Նեսվետաևի ռուսական ջոկատները։
Պատերազմը միաժամանակ երկու ճակատով էր ընթանում։ Պարսիկները հարավից էին ճնշում, իսկ թուրքերը նոր ճակատ էին բացել արևմուտքում։ Ստամբուլում ֆրանսիական դեսպանները սուլթանին համոզում էին, որ ռուսները թուլացել են և պետք է հարվածել, քանի դեռ ուշ չէ։ Կովկասում օսմանյան զորքի գերագույն հրամանատար Յուսուֆ փաշան հավատաց։ Հունիսի սկզբին նա տասը հազարանոց կորպուսով շարժվեց դեպի Գյումրի։
Փոքրաթիվ զորքով Գյումրիում տեղակայված Նեսվետաևը գիտեր, որ երկար չի կարող դիմադրել։ Ճակատից թուրքերն էին, ձախ կողմից, գրեթե թիկունքից՝ Էրիվանում ուժերը կենտրոնացրած պարսիկները։ Նրանք անհամբեր սպասում էին թուրքերի հաջողությանը՝ իրենց կողմից հարված հասցնելու համար։ Նեսվետաևը սուրհանդակներ էր ուղարկում Գուդովիչին՝ օգնություն խնդրելով։ Գուդովիչի պատասխանը կարճ էր՝ գալիս եմ։
Կովկասյան բանակի գերագույն հրամանատար գեներալ-անշեֆ Իվան Գուդովիչը զորքով Կարսից էր գալիս։ Երկու հարյուր վաթսուն մղոն տասնհինգ օրում. խելագար ընթացք, տեղատարափ անձրև, Շիրակի ցեխակոլոլ լեռներ։ Հունիսի 8-ին նա մոտեցավ Գյումրուն և կանգ առավ Ղոնաղռան գյուղի ավերակների մոտ՝ քաղաքից յոթ մղոն հեռավորության վրա։ Զինվորներն այնքան էին հոգնել, որ չէին կարողանում շարունակել ճանապարհը։ Գուդովիչը հանգիստ տվեց նրանց։
Թուրքական ճամբարում իմացան ռուսների տեղաշարժի մասին և խառնվեցին իրար։ Յուսուֆ փաշան սուրհանդակ ուղարկեց Էրիվանի խանի մոտ՝ զորք ուղարկիր, օգնիր վերացնել գյավուրներին։ Կարսի Մահմեդ փաշան նամակներ գրեց Արթիկի Բուդագ-սուլթանին և իր հարազատ քրոջը՝ Ջաֆար Կուլի Խանի կնոջը՝ առաջարկելով իրենց կողմ անցնել կամ գոնե տեղեկություններ հայտնել ռուսների մասին։ Օգնությունը շուտ հասավ։ Արդյունքում թուրքական կողմն ուներ քսան հազարից ավել զորք, քսանհինգ թնդանոթ և երկու հրասանդ։
Իսկ Գուդովիչն ու Նեսվետաևը՝ վեց հազար յոթ հարյուր յոթանասունչորս դաշույն և սուր։
Գուդովիչն որոշեց առաջինը հարձակվել։ Ծրագիրը շատ խիզախ էր. շրջանցել թուրքական ճամբարը և կտրել Կարսից։ Հարձակումը նախատեսված էր սկսել հունիսի 18-ին։ Նախօրեին կրկին հորդառատ անձրև էր, ճանապարհներն անանցանելի էին, հետևակը մինչև ծնկները ցեխաջրի մեջ։ Գուդովիչը հիմնական ուժերը բաշխել էր չորս կարեում։
Առաջինը՝ գեներալ Ռոզենի հրամանատարությամբ՝ Կովկասի և Խերսոնի նռնականետային գնդերի երկու գումարտակ։ Երկրորդը՝ գեներալ Տիտովի հրամանատարությամբ՝ Խերսոնյան նռնականետային երկու գումարտակ։ Երրորդը՝ Պորտնյագինինը՝ 9-րդ և 15-րդ Յեգերական գնդերի չորս գումարտակ։ Չորրորդը պահուստային էր՝ մայոր Ուշակովի հրամանատարությամբ՝ կովկասյան նռնականետային գումարտակ և Նարվայի դրագունական գնդի երեք հեծելավաշտ։
Դանդաղ էին շարժվում, մեծ դժվարությամբ։ Գուդովիչը հասկացավ, որ մինչև առավոտ չի հասցնի և որոշեց հետաձգել հարձակումը։ Սակայն թուրքերը նրանից առաջ ընկան։ Հունիսի 18-ի լուսաբացին նրանք հարձակման անցան Թղնիսի կողմից։ Հետևակի խիտ շարասյուները հարձակվեցին Ռոզենի ձախ թևի կարեի վրա, իսկ հեծելազորը Տիտովի միջին կարեի վրա։ Քսանհինգ թնդանոթ հարվածում էր կենտրոնում տեղակայված Պորտնագինի կարեին։
Իրավիճակը ճգնաժամային էր։ Թվում էր, թե Արփաչայի ափին կրկնվում է Աուստերլիցը. նույն շրջանցումը, անձրևը, ցեխը, անսպասելի հարվածը ամենազգայուն կետին։ Մարտի մեջ մտավ Ուշակովի պահուստային զորքը, սակայն ուժերն անհավասար էին։
Հենց այդ պահին հարվածեց Նեսվետաևը։
Նա իր զորքը բերեց շրջանցիկ ճանապարհով՝ ցեխի ու մացառների արանքով, և թիկունքից հարձակվեց թուրքերի վրա։ Այդ հարվածն որոշիչ դարձավ։ Հաղթանակի մեջ վստահ թուրքերը հանկարծակիի եկան իրենց ետևում տեսնելով ռուսներին։ Սերասկերը չհասցրեց ձի հեծնել և ոտքով փախավ։ Նրան հետևեց ամբողջ բանակը։ Մարտի դաշտում մնաց տասը հրանոթ, երկու հրասանդ, դրոշներ և երկու ճամբար՝ իր սպառազինությամբ։ Թուրքական կողմը ավելի քան հազար զոհ տվեց։
Մոտակա բլուրներում, երեսունհինգ մղոն հեռավորության վրա, տասներկու հազար զորքով կանգնած էր պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան։ Նա մարդկանց ուղարկել էր տեսնելու, թե ինչով կավարտվի ճակատամարտը։ Նրանք նայում էին և ապշում, թե ինչպես են ռուսների հետապնդումից փախչում թուրքերը։ Աբբաս-Միրզան միայն ծանր հոգոց հանեց՝ Յուսուֆ փաշան օժտված հրամանատար էր համարվում, և, չցանկանալով գործ ունենալ հաղթողի հետ, նահանջեց դեպի Նախիջևան։
Ավելի ուշ նա գրեց Գուդովիչին, որ Պարսկաստանը պատրաստ է խաղաղության։ Ապրիլին էլ էր գրել, մինչև ճակատամարտը, սակայն այդ ժամանակ դրանք միայն խոսքեր էին։ Արփաչայից հետո խոսքերը կշիռ ստացան։
Այդ մարտում շատերը աչքի ընկան։ Իշխան Լուարսաբ Թարխանովը դարձավ մայոր, իշխան Գեորգի Աբամելիքը՝ կապիտան, Աղա Արղությանը՝ փոխ-տեղակալ, Ռոստոմ Կորգանովը և Սահինովը՝ նույնպես փոխ-տեղակալ։ 9-րդ հրետանային բրիգադի հրամանատար գնդապետ Ֆյոդոր Հախվերդովը, ռուսական բանակի առաջին հայ սպան էր, ով կրակի հմուտ վարման և արիության համար արժանացավ Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանի։
Կոմս Գուդովիչին Կայսրը ֆելդմարշալի կոչման արժանացրեց։ Արփաչայի մոտ հաղթանակը հնարավորություն տվեց զինադադար կնքել թուրքերի հետ և արձակեց ռուսների ձեռքերը՝ պարսիկների հետ պատերազմի համար։ Միաժամանակ այն նաև լավ դաս էր. Կովկասում, որտեղ քարերը ողողված են ջրերով, իսկ անձրևները վերացնում են ճանապարհները, մարդկային թվի առավելությունն առ ոչինչ է, երբ կա թշնամուն թիկունքից հարվածող Նեսվետաև։
