Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ․ Ուղղափառ եկեղեցի
Կոորդինատներ․ 39.239191 N, 46.381836 E
Նվիրված է․ Սուրբ նահատակ Խարալամպիոս, եպիսկոպոս Մագնեզիացուն
Տեղակայման վայր․ ք․ Կապան, Սյունիքի մարզ, Հայաստանի Հանրապետություն (քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա)
Կառուցման տարեթիվ․ 1865 թ.
Պատմական ենթատեքստ․ Կովկասում Ռուսական կայսրության փոխարքա Մեծն իշխան Միխայիլ Նիլոլաևիչի իշխանության օրոք
Շինարարության ընթացքում եկեղեցական կառավարումը․ Ռուսական Ուղղափառ Եկեղեցու Վրաստանի էկզարխատ (էկզարխ արքեպիսկոպոս Եվսեբիոս Իլյինսկի)
Նշանակությունը․ եկեղեցի տարածաշրջանի ուղղափառ բնակչության համար
Սրբի հիշատակի տոն․ փետրվարի 23 (եկեղեցական օրացույցով)
Հետազոտվածության աստիճան․ տվյալները սահմանափակ են, շարունակվում է պատմական փաստերի որոնումը

*
Կապանից տասը կիլոմետր հեռավորության վրա, Կրկորա լեռան լանջին, Սյունիքի անտառների և ժայռերի մեջ ծվարել է մի եկեղեցի։ Տեղացիները այն հունական եկեղեցի են անվանում՝ «Բերձենների եկեղեցի»։ Այն կառուցված է մուգ շագանակագույն տուֆից և բազալտից, իսկ քիվերի և պատուհանների շրջանակների սպիտակա-դեղնավուն կրաքարը անսպասելի թեթևություն, գրեթե եթերայնություն է հաղորդում եկեղեցուն։ Քարը այստեղ ուղտերով է բերվել Շուշիի մոտ գտնվող քարհանքերից։
Եկեղեցին կառուցել են 1865 թվականին, ազգությամբ հույն Կոնդուրով եղբայրները։ Այդ ժամանակ Կովկասը կառավարում էր Ռուսական կայսրության փոխարքա Մեծն իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, իսկ Վրացական էկզարխատը՝ արքեպիսկոպոս Եվսեբիոսը (Իլյինսկին)։ Տաճարը կառուցել էին Կապանի պղնձաձուլական գործարանում աշխատող ուղղափառ հավատացյալների համար։
Իսկ գործարանը եկեղեցուց տասներկու տարի առաջ կառուցել էր ազգությամբ հույն Խարալամպիոս Կոնդուրովը, ով այստեղ էր եկել Ալավերդուց՝ 1850-ական թվականներին, տեսել հարուստ պղնձե հանքերակներ և ամբողջ թափով գործի լծվել։ Շուտով Կրկորայի լանջերին հունական բնակավայր տարածվեց՝ Բաշքենդը, ինչը նշանակում է «վերին քաղաք»։ Հարյուրավոր բանվորներ էին իջնում հանքեր, պղինձ ձուլում, իսկ կիրակի օրերը բարձրանում էին եկեղեցի, որի անունն էր կրում նաև իրենց բարեգործը։
Խարալամպիոս Մագնեզիացին, ում հիշատակը եկեղեցին տոնում է փետրվարի 23-ին, 202 թվականին պատժվել էր իր հավատքի համար։ Նա արդեն հարյուր տասներեք տարեկան էր, երբ նրան բռնեցին և ամենասարսափելի տանջանքների ենթարկեցին։ Երբ դահիճները քերում էին նրա մաշկը, ծերունին շնորհակալություն հայտնեց նրանց. «Դուք նորոգում եք իմ հոգին»։ Խորհրդանշական է, ի դեպ, որ Խարալամպիոս անունը, որը ծագում է հունարեն «ուրախություն» (χαρά) և «լուսավորել, փայլել» (λάμψη) բառերից, թարգմանվում է որպես «ուրախություն արձակող»։ Այդպիսի տոկունությունից ապշած զինվորներից երկուսը անմիջապես հավատացին Քրիստոսին, ինչի համար մահապատժի ենթարկվեցին։ Սուրբ Խարալամպիոսը համարվում է բոլոր հանքափորերի և հողից հարստություն պեղողների հովանավորը։ Այդ իսկ պատճառով Կապանի հույն հանքափորները նրան են ընտրել որպես երկնային պաշտպան։
Բաշքենդում եկեղեցին կանգնել է ավելի քան կես դար։ Խորհրդային իշխանությունների օրոք այն փակվեց, իսկ 1960-ական թվականներին, երբ շրջակայքում արդյունաբերական պայթյուններ էին դղրդում, եկեղեցին մեծ վնասներ կրեց։ Հույները հետզհետե հեռանում էին՝ ոմանք Ռուսաստան, ոմանք էլ՝ պատմական հայրենիք։ Դարավերջին գյուղը դատարկվեց։
Այսօր Սուրբ Խարալամպիոսի եկեղեցին վթարային վիճակում է։ Գմբեթը ճկվել է, պատերը ճաքել, ներսում էլ տարածվել է բորբոսի և լքվածության հոտը։ Մուտքի վրա դեռ կարելի է տեսնել հունարեն և եկեղեցա-սլավոներեն գրությունները, իսկ շուրջը լռություն է, որը խախտում են միայն տերևների խշշոցը և ոչխարների հետևից հազվադեպ եկող հովիվը։ Այս եկեղեցին կառուցած Խարալամպիոս Կոնդուրովի գերեզմանը նույնպես այստեղ է, պատի տակ, սակայն տապանաքարը ծածկվել է խոտով, անունն անգամ հնարավոր չէ կարդալ։
Իսկ յուր ժամանակին այստեղ զանգեր էին ղողանջում, և հույն հանքափորները, խաչակնքվելով, գնում էին իրենց վտանգավոր աշխատանքը կատարելու։ Դա հիշում է քարը։ Եվ մինչ կանգուն է եկեղեցին, կանգուն է նաև այդ հիշողությունը։
P.S. Աշխատանքներ են տարվում Հայաստանի Ազգային արխիվում այդ եկեղեցու և հավատացյալների մասին լրացուցիչ տեղեկություններ գտնելու ուղղությամբ։
