Ընդհանուր տեղեկություններ
Անունը. Ալեքսանդր Անանիայի Կորելով
Կոորդինատներ․ 41.087429 N, 44.666049 E
Անուն․ Սերգեյ Էլիզբարի Արղության-Երկայնաբազուկ
Տիտղոս․ իշխան
Տարեթիվ․ 20 հունվարի 1836 — 1 մայիսի 1906 թթ.
Ռազմական կոչում․ Կավալեր-գնդապետ
Ծառայություն․ Ռուսական կայսրության բանակի հետևակ
Ռազմական գործողություններ․ Կովկասյան պատերազմ 1817–1864 թթ.; Ռուս-թուրքական պատերազմ 1877–1878 թթ․
Վիրավորվել է․ 1877 թ․
Գերազանցության համար կոչումներ․ պրապորշչիկ (1861), փոխ-տեղակալ (1863), կապիտան (1877), փոխգնդապետ (1884)
Զբաղեցրած պաշտոններ․ Թիֆլիսի ռազմական գիմնազիայի տնտեսվար; Թիֆլիսի կադետական կորպուսի տնտեսվար
Գերեզման․ Սանահին վանքի տարածք, գյուղ Սանահին, Հայաստանի Հանրապետություն
Սկզբնաղբյուր․ Յու․Ա․ Ասադով, «Ցարական Ռուսաստանի 3000 հայ սպաները (1701–1921)», հ․1, 2018


*
Դեբեդ գետի կիրճից վեր խոյացած ժայռի եզրին է գտնվում Սանահին հնագույն վանական համալիրը։ Նրա պատերը դեռ X դարն են հիշում, երբ այստեղ առաջին տաճարներն էին կառուցում, գրքեր արտագրում, երեխաներին սովորեցնում։ Դարեդար վանքն ընդլայնվում էր, գմբեթներն ամրանում, շինությունները՝ ավելանում, իսկ շուրջը՝ մարդիկ բնակվում։ Սանահինը դարձել էր ոչ միայն հոգևոր կենտրոն, այլև հայ բազմաթիվ հայտնի տոհմերի ընտանեկան հանգրվան։ Այստեղ իշխաններ են ննջում, հենց այստեղ էլ վանական գերեզմանոցում, հին խաչքարերի և տապանաքարերի արանքում կա մի համեստ խաչ։ Փորագրությունը վկայում է․ «Իշխան Սերգեյ Էլիզբարի Արղության-Երկայնաբազուկ, կավալեր-գնդապետ։ 20 հունվարի 1836 – 1 մայիսի 1906»։
Արղության-Երկայնաբազուկների ընտանիքը հնուց Ռուսաստանին ծառայող հայկական հայտնի իշխանական տոհմերից է։ Սերգեյ Արղության- Երկայնաբազուկն էլ նախնիների հետքերով է գնացել՝ ընտրել ռազմական ուղին և ամբողջ կյանքը պատերազմների և ծառայությունների մեջ անց կացրել՝ ի շահ Հայրենիքի։
Գրեթե կես դար տևած Կովկասյան պատերազմը նրան էլ կլանեց իր հորդառատ ջրերը։ 1861 թվականին, ռազմական գերազանցության համար նա արժանացավ առաջին սպայական կոչման՝ պրապորշչիկ, իսկ երկու տարուց, 1863-ին, կրկին աչքի ընկավ և դարձավ փոխ-տեղակալ։ Թե որտեղ է կոնկրետ կռվել նա, որ կիրճերում և որ լեռնցիների դեմ, պատմությունը լռում է, սակայն նրա անունը հիշատակվում է պարգևատրվածների ցուցակներում։
Իսկ հետո վրա հասավ 1877–1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Կովկասյան ճակատ, ամրոցների պաշարում, արյունահեղ մարտեր։ Բախումներից մեկի ժամանակ իշխանը վիրավորվել էր։ Սակայն այդ ժամանակ էլ չէր թողել ծառայությունը, որին ինքնամոռաց նվիրված էր․ արիության համար նա արժանացել էր Կապիտանի կոչման։
Պատերազմից հետո Արղության-Երկայնաբազուկը հայտնվեց Թիֆլիսում։ Այստեղ նա որպես տնտեսվար էր աշխատում՝ նախ Թիֆլիսի ռազմական գիմնազիայում, իսկ այնուհետև՝ Թիֆլիսի կադետական կորպուսում։ Պաշտոնը ռազմական չէր, բայց պատասխանատու՝ կերակրել, հագցնել, ապահովել ապագա սպաների կենցաղային պայմանները։ 1881 թվականին նա արդեն մայոր էր, 1884-ին՝ փոխգնդապետ։ Այդ կոչումով էլ մնացել էր մինչև կյանքի վերջին օրերը՝ զբաղվելով խաղաղ, բայց երիտասարդներին կրթելու ոչ դյուրին աշխատանքով։
Սերգեյ Արղության-Երկայնաբազուկը մահացել է 1906 թվականի մայիսի 1-ին։ Հուղարկավորել են նրան ոչ թե Թիֆլիսում, այլ այստեղ, Սանահինում, որտեղ Արղության-Երկայնաբազուկների տոհմական կալվածքն էր և դամբարանը՝ Սանահինի վանական գերեզմանոցում՝ հնագույն հանգրվան, որտեղ հանգչում են նրա նախնիները և ամեն քարը շնչում է պատմությամբ։
Այժմ իշխանի գերեզմանը կանգնած է վանքի բակի ծայրամասում, հայտնի դամբարանից մի փոքր հեռու։ Տապան, խաչ, անուն։ Շուրջը՝ դարավոր պատեր, երկնասլաց գմբեթներ, և լեռնային գետի հավերժական աղմուկ։ Երբեմն այստեղ զբոսաշրջիկներ են բարձրանում, երբեմն տեղաբնակներ՝ տեղանքը բարեկարգելու և մոմ վառելու։
