Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ․ կայազորային ուղղափառ եկեղեցի
Կոորդինատներ․ 41.009395, 44.385248 (մոտավորապես)
Ամբողջական անվանում․ Ջալալօղլու կայազորային (փայտե եկեղեցաշինության կորսված հուշարձան)
Տեղակայման վայր․ Հայաստանի Հանրապետություն, ք․ Ստեփանավան
Նվիրված է․ Սուրբ նահատակ Գեորգի Հաղթանակողին
Կառուցման ժամանակահատված․ 1832-1841թթ․
Կորսման տարի․ հստակ չէ (հավանաբար XX դար)
Ժամանակակից կողմնորոշիչ․ Ա․Վերմիշյանի անվան Մշակույթի տան տարածք


*
Ձորագետի կիրճի վրա, որտեղ սարերը տեղի են տալիս քարավանային ուղիների առաջ, յուր ժամանակին տեղակայված էր Ջալալօղլի ռազմական բնակավայրը։ Այսօր դա Ստեփանավանն է՝ Լոռու մարզի հանգիստ քաղաքներից մեկը։ Սակայն եթե բարձրանաք դեպի հին ռուսական գերեզմանոց, որտեղ խոտերի արանքում նշմարվում են կազակների սպիտակ խաչերը, կզգաք, որ այստեղ այլ կյանք էր։ Եվ փայտե եկեղեցի կար, որի ներսում խեժի ու խունկի բույր էր տարածվում, իսկ խաչը հսկում էր ռազմական ճանապարհը։
Այն կառուցել են 1832-1841 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նախաձեռնողը Բոբիր ազգանունով պաշտոնաթող զինվորական էր։ Ով էր նա, որտեղից, և ինչու էր հենց նրա մոտ ծնվել եկեղեցի կառուցելու միտքը՝ դժվար է ասել։ Սակայն, ինչպես երևում է, հավատքը մեծ էր, եթե ծեր զինվորականն որոշել էր, որ եկեղեցի է պետք։ Եվ կառուցեցին այն փայտե գերաններով, ինչպես հայրենիքում՝ Տամբովում կամ Վորոնեժում։ Պատերը սոճու բույր ունեին, պատկերակալը փայլում էր ոսկով, իսկ կիրակի օրերին այստեղ էին գալիս կայազորի զինվորները, սպաների կանայք և երեխաները։
1841 թվականին տաճարն ընդլայնեցին։ Այժմ այնտեղ կարող էր աղոթել մինչև հարյուր հիսուն մարդ։ Դա շատ չէ, սակայն զինվորական բնակավայրի համար՝ բավարար։ Շուրջը քարավանների աղմուկ էր․ Պարսկաստանից և Թուրքիայից Ջալալօղլիով ապրանք էին տանում Թիֆլիս, այնտեղից էլ՝ Ռուսաստան։ Արևելյան Հայաստանի կայսրության մաս կազմելուց հետո, 1828 թվականին կառուցված ամրոցը վերահսկում էր այս ճանապարհները։ Տաճարն էլ դարձավ կայազորի հոգևոր կենտրոն։
Հնաբնակները մինչև հիմա պատմում են, որ այս վայրերում է եղել Դենիս Դավիդովը՝ մարդ-լեգենդ, հուսար-բանաստեղծ, 1812 թվականի հերոս։ Ասում են՝ նա կանգ էր առել Ջալալօղլիում, կանգնել եկեղեցու մոտ, նայել սարերին։ Փաստերն այստեղ պարուրված են մշուշով և ավանդույթն այդ ապրում է ժողովրդի մեջ, ինչպես այն բոլոր լեգենդները, որոնց ցանկանում ես հավատալ։
Գեորգիևյան եկեղեցում էր պսակադրվել դեկաբրիստ Վլադիմիր Ռաևսկու որդին։ Այդ պսակադրության մեջ յուրահատուկ, լուսավոր թախիծ կար․ Սիբիրով անցած և Կովկասում իր դարն ավարտող հայրն օրհնում էր երիտասարդներին․․․ Եվ տաճարն այդ՝ հասարակ, փայտե, դարձավ այն ընտանիքի ստեղծման վկան, որում հավերժ միահյուսվել էին ցավն ու հույսը։
Ավելի ուշ, 1882 թվականին, Ջալալօղլիում ևս մի տաճար հայտնվեց՝ Կուբանի կազակական զորքի Սևծովյան 1-ին գնդի դաշտային եկեղեցին։ Այն օծված էր Ալեքսանդր Նևսկու անունով, մինչև երկու հարյուր մարդ էր տեղավորում և, ցավոք, նույնպես չի պահպանվել։ Կազակներն այստեղ աղոթում էին արշավանքներից առաջ, մկրտում երեխաներին, կատարում էին սպանվածների հոգեհանգիստը․․․ այժմ եկեղեցու մասին հիշեցնում են միայն արխիվներում պահպանված տողերը։
Գեորգիևյան եկեղեցին չվերապրեց խորհրդային տարիները։ Թե երբ և ինչպես է այն կորսվել՝ հստակ տվյալներ չկան։ Գուցե այրվել է, կամ վերածվել շինանյութի, կամ էլ պարզապես փտել անձրևից և ձյունից․․․ Դրա տեղն այժմ Ա․ Վերմիշյանի անվան Մշակույթի տունն է։ Երաժշտություն են նվագում, պարում են, ծիծաղում։ Եվ միայն գերեզմանոցում կազակների հին գերեզմաններն են հիշեցնում, որ այստեղ տաճար կար։
Եթե մի օր լինեք Ստեփանավանում, բարձրացեք բլուրը, այնտեղ, որտեղ խաչերն են։ Կանգնեք լռության մեջ։ Քամին բերում է լեռնաբույսերի բույրը և թվում է, թե այդ քամու մեջ դեռ լսվում են փայտե հատակի ճռռոցը, ավազանի մոտ մանկան լացն ու եկեղեցական երգը․ «Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ, ողորմեա մեզ․․․»:
