Եվգենի Եվգենիի Վիշինսկու գերեզմանը

Ե․Ե․ Վիշինսկի՝ գեներալ-լեյտենանտ, Հայկական Առանձին կորպուսի շտաբի պետ

Ընդհանուր տեղեկություններ

Կոորդինատներ․ 40,738815 N, 44,866075 E
Անունը․ Եվգենի Եվգենիի Վիշինսկի
Տարեթիվ․ 13 հուլիսի 1873 — 30 սեպտեմբերի 1918
Զինվորական կոչում․ գեներալ-լեյտենանտ
Զինվորական մասնագիտացում․ Գլխավոր շտաբ, ռազմական արևելագետ
Հիմնական ծառայություն․ Կովկասի ռազմական շրջան, Կովկասյան բանակ
Հրամանատարական պաշտոն․ Էրիվանի 13-րդ լեյբ-գրենադերական զորամասի հրամանատար
Շտաբային պաշտոններ․ Կովկասի բանակի շտաբի պետ, Հայկական առանձին կորպուսի շտաբի պետ
Դիվանագիտական ծառայություն․ Էրզրումում Ռուսաստանի հյուպատոսության քարտուղար
Մահացել է․ Դիլիջանում (Հայաստան)
Գերեզմանը․ Դիլիջանի ուղղափառ եկեղեցու բակ
Գերեզմանի արդի կարգավիճակ․ կորսվել է սողանքների հետևանքով (XX դարի կեսեր)
Ծագումը․ Սուվալկայի նահանգի ազնվականների ընտանիքից
Կրթությունը․ Մոսկվայի հետևակային յունկերական ուսումնարան; Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիա
Ռազմական պարգևներ․ Սուրբ Գեորգիի IV աստիճանի շքանշան, Գեորգիևյան զենք, Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Աննայի, Սուրբ Ստանիսլավի տարբեր աստիճանների շքանշաններ  

Եվգենի Եվգենիեւիչ Վիշինսկի (վերակառուցում)
Այն վայրը, որտեղ գտնվում էր Վիշինսկու գերեզմանը

*

Դիլիջանի լեռներում ու աշնանային անտառներում մինչ օրս փնտրում են ռուս գեներալի գերեզմանը։ Հնաբնակներն ասում են՝ Սուրբ Գեորգի  Հաղթանակողի եկեղեցի կար՝ սպիտակ, զանգակատնով, իսկ բակում՝ խաչով տապանաքար։ Հետո, անցյալ դարի կեսերին, հողը ցնցվեց, սողանքը կլանեց և եկեղեցին, և գերեզմանը։ Ամեն ինչ անհետացավ, ասես չի էլ եղել։ Բայց մնաց հիշողությունը։

Եվգենի Եվգենիի Վիշինսկին ծնվել է 1873 թվականի հուլիսի 19-ին, Սուվալկայում, Սուվալկայի նահանգի ազնվականների ընտանիքում։ Հայրն ու մայրը, ամենայն հավանականությամբ, ծագումով լեհ էին, սակայն ինքն իր փաստաթղթերում միշտ նշում էր՝ ուղղափառ, ռուս։  Ավարտել է գիմնազիան, Մոսկվայի հետևակային յունկերական ուսումնարանը, այնուհետև՝ Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան՝ առաջին կարգով։  

1892 թվականին, տասնինը տարեկան հասակում, կամավոր զինվորագրվածի իրավունքով, որպես շարքային ծառայության է անցել Կովնոյի բերդային 2-րդ հետևակային գումարտակում։ Հասել է մինչև փոխտեղակալի,  պորուչիկի, շտաբս-կապիտանի կոչման։ 1900 թվականին գիտության բնագավառում գերազանց հաջողությունների համար կցվել է Գլխավոր շտաբին և ուղարկվել Կովկասի ռազմական շրջան։ Այդ ժամանակներից ի վեր Կովկասը նրան բաց չի թողել։

 Շտաբում ծառայում էր որպես հանձնարարությունների գծով ավագ սպա, այնուհետև՝ շտաբային սպա,  ավագ ադյուտանտ։ 1904–1905 թվականներին Կովկասի 3-րդ հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար էր, իսկ 1908-ին, լինելով փոխ-գնդապետ, գումարտակի հրամանատարության փորձաշրջան է անցել Էրիվանի 13-րդ լեյբ-գրենադերական գնդում։ Այն նույն գնդում, որը կրում էր  ցար Միխայիլ Ֆյոդորովիչի անունը և 1827-ին գրավել էր Էրիվանը։

    1908-1914 թվականներին նա Էրզրումում ռուսական հյուպատոսության քարտուղար էր՝ պալատական խորհրդականի կոչումով։ Վեց տարի ուսումնասիրում էր թուրքերին, տեղի բարքերը և օգտակար ծանոթություններ ստեղծում։ Գիտելիքները հետագայում պետք եկան․ նա համարվում էր Անդրկովկասի և Թուրքիայի գծով լավագույն ռազմական արևելագետներից մեկը։ Գիտական աշխատություններ էր գրում, տարածքի աշխարհագրական և վիճակագրական բնութագրեր կազմում։

1914-ի մայիսին վերադառնում է Պետերբուրգ, Գլխավոր շտաբի գլխավոր վարչություն, իսկ երկու ամսից սկսվում է պատերազմը։  

1914-ի օգոստոսից ռազմաճակատում էր։ Նախ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբում, իսկ  1915-ի ապրիլի 19-ին իր հրամանատարության տակ ստացավ Էրիվանի 13-րդ լեյբ-գրենադերական գունդը։ Այն գունդը, որի գումարտակի հրամանատարն էր նախկինում։ Իր կնոջը՝ Աննա Օտտովնային ուղղված նամակում նա գրում էր․ «Լյուբաչով, 14 մայիսի։ Ահա ես արդեն զորամասում եմ, ավելի ճիշտ ստանձնել եմ գնդի հրամանատարությունը, որն արդեն հավաքվել է այստեղ։ Հենց նոր եմ վերադարձել ճաշից, որին նախագահողը ես էի։ Ընդհանուր առմամբ սեղանի շուրջ մենք 50 էրիվանցի էինք։ Հին էրիվանցիներից քսանն էին, բայց, իհարկե, երիտասարդությունն էլ ամենալավ տպավորությունն է թողնում։ Մեր հետագա ճակատագիրը դեռ անորոշ է, բայց հնարավոր է՝ վաղն արդեն մարտի դաշտ մեկնենք»։

Գունդը մարտնչում էր Գալիցիայում։ 1915 թվականի հունիսի 2-ին, Լյուբաչովի մատույցներում Վիշինսկին Գեորգիևյան զենքի արժանացավ։ Հարևան ջոկատները սասանվեցին և նահանջեցին, իսկ էրիվանցիները թշնամու ուժգին կրակի տակ կանգուն  մնացին Զավադովկա գետի ձախ ափին։ Ռազմազեկույցում հետո գրեցին․ «Չնայած հարևան ստորաբաժանումների կողմից դիրքերի կորստին և հակառակորդի ճնշմանը՝ թշնամու սաստիկ կրակի տակ դիմացավ զբաղեցրած դիրքում, ինչով և ապահովեց ընդհանուր նահանջը»։ 

Այնուհետև՝ այլ մարտեր էին, այլ պարգևներ․ Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով, այնուհետև 3-րդ աստիճանի շքանշան սրերով։ 1916-ին նրան գեներալ-մայորի կոչում է շնորհվել։ Նույն տարվա հոկտեմբերի 13-ին պարգևատրվել է Գեորգիևյան զենքով, իսկ հեղափոխությունից հետո, 1918 թվականի մայիսի 13-ին,  Կովկասյան ճակատի հրամանատարի լիազորությամբ նրան Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան է շնորհվել․ հազվադեպ պատիվ, որին եզակիներն էին արժանանում։

    Նաև արտասահմանյան պարգևների է արժանացել․ Բանի անգլիական շքանշան և պարսկական Առյուծի և Արեգակի II աստիճանի շքանշան։  

Պատերազմը ավարտին էր մոտենում։ Վիշինսկին Կովկասյան բանակի գլխավոր շտաբի հերթապահ գեներալն էր, գեներալ-զորաբնակարանապետի օգնական, իսկ  1917-ի հունիսից՝ շտաբի պետ։ 1917-ի դեկտեմբերին, երբ ռազմաճակատն արդեն փլուզվում էր, նրան Երզնկա ուղարկեցին՝ թուրքերի հետ զինադադարի մասին պայմանավորվելու։  

Իսկ 1918-ի մարտին նա ընտրություն կատարեց․ դարձավ Հայկական առանձին կորպուսի շտաբի պետ։ Գեներալ Նազարբեկովի հետ թուրքական հարձակումների ու փախստականների հոսքի քաոսի մեջ կանոնավոր զորամասեր էր հավաքում։ Շտաբը Դիլիջանում էր տեղակայված։ Շտաբի անձնակազմի մեծ մասը Հայաստանում մնացած ռուս սպաներ էին՝ պորուչիկ Ներշով, շտաբս-կապիտաններ Շումով և Մեդվեդև, փոխ-տեղակալ Դվերնիցկի և ուրիշներ։

Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Հովհաննես Քաջազնունին հետո հեռագիր ուղարկեց նրանց․ «Շտաբի գործունեության դադարեցման կապակցությամբ իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զինվորականներին ծառայության համար, իսկ Ձեզ, մեծարգո՛ Ֆոմա Իվանի և Եվգենի Եվգենիի խնդրում եմ Հանրապետության կառավարության անունից ընդունել ջերմ շնորհակալությունը՝ այս ծանր ժամանակներում ցուցաբերած անձնուրաց ծառայության համար… Վստահ եմ, որ Դուք և Եվգենի Վիշինսկին չեք մերժի նաև հետագայում ծառայեցնել Ձեր գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ Հայաստանի»։ Գեներալները չհրաժարվեցին։ Վիշինսկին Հայաստանի հետ մնաց մինչև վերջ։

Նա մահացավ 1918 թվականի սեպտեմբերի 30-ին, Դիլիջանում, քառասունհինգ տարեկան հասակում․ պատերազմը, տիֆը, ծանրաբեռնվածությունն արեցին իրենց գործը։ Հուղարկավորեցին Սուրբ Գեորգի Հաղթանակողի ռուսական ուղղափառ եկեղեցու բակում, ինչպես հարկն է գեներալին՝ զինվորական  բոլոր պատիվներով։ Այրի Աննա Օտտոնովնան դստեր Իրինայի հետ տեղափոխվեցին Թիֆլիս, իսկ ավելի ուշ արտագաղթեցին։ Աննա Օտտոնովնան մահացավ 1939 թվականին, օտարության մեջ։ 

Իսկ դարակեսին սողանքը վերացրեց և եկեղեցին, և գերեզմանը։ Այլևս չվերականգնեցին։ Մնաց միայն անունը։ Գեորգիևյան ասպետների ցուցակներում, ռազմազեկույցներում,  Հայաստանի կառավարության շնորհակալական նամակներում։ Եվ այն մարդկանց սրտերում, ովքեր հիշում են, որ Ռուսաստանը և Հայաստանը ոչ միայն քաղաքական գործիչներն են կապում, այլև գեներալ Վիշինսկու նմանները։  Նա ուսումնասիրել և բնութագել էր այս հողը, պայքարել նրա համար և նրա գրկում գտել իր վերջին հանգրվանը, թեկուզև առանց քարե հուշարձանի՝ իր հետքը թողնելով այնտեղ։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով