Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ․ զինվորական ուղղափառ տաճար (կայազորային եկեղեցի)
Կոորդինատներ․ 40.7672 N, 44.8396 E
Տեղակայման վայրը․ Հայաստանի Հանրապետություն, ք․Գյումրի (Կազաչի պոստ թաղամաս)
Նվիրված է․ Սուրբ Արսենի Սերբացուն
Կառուցման տարեթիվ․ 1910 թ․
Ճարտարապետ․ Ֆյոդոր Վերժբիցկի
Ճարտարապետության տեսակ․ XX դարասկզբի տիպային զինվորական եկեղեցի
Պատմական կապ․ կառուցվել է 1877–1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում ընկած Բաքվի 153-րդ հետևակային գնդի զինվորներին նվիրված հուշարձանի մոտ
Նախորդող ավանդույթ․ Բաքվի 153-րդ հետևակային գնդի Սուրբ Արսենի Սերբացու անվան դաշտային եկեղեցի
Մոռացության շրջան․ 1917 թ.-ից հետո
Վերականգման փորձ․ 2010 թ․-ից (Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ)
Ժամանակակից կարգավիճակ․ մասնակի վերականգնված, երբեմն մատուցվում են պատարագներ
Անվանակոչության տոն․ նոյեմբերի 10
Կարգավիճակ․ Հայաստանում XX դարասկզբի զինվորական ուղղափառ տաճարաշինության հուշարձան


*
Գյումրիում, Կազաչի պոստում է կանգնած Հայաստանի ամենախոշոր ուղղափառ տաճարը։ Եթե քաղաքի կենտրոնից քայլես դեպի հին ամրոցը, դիմացդ անսպասելիորեն վեր է խոյանում տաճարը՝ հսկա, կարմիր աղյուսից, երկու գմբեթով՝ մեկը խորանի, մյուսը մուտքի վրա, ամուր պատերով և խիստ գծերով։ Նա դյուցազունի է նման, ով նստել է երկար արշավանքից հետո մի փոքր հանգստանալու և այդպես էլ մնացել դարեդար։ Դա Սուրբ Արսենի Սերբացու տաճարն է և նրա պատմությունը անքակտելիորեն կապված է ռազմական փառքի, ընկածների հիշատակի և դեպի վերադարձ երկար ճանապարհի հետ։
Ամեն ինչ սկսվել էր XIX դարի վերջին, երբ այս վայրերում էր տեղակայվել Բաքվի 153-րդ հետևակային գունդը։ Գունդն իր դաշտային եկեղեցին ուներ, որը կրում էր Արսենի Սերբացու՝ XIII դարի արքեպիսկոպոս, Սավվա Սերբացու աշակերտի և մի մարդու անունը, ով մեծ ներդրում ունի Բալկաններում ուղղափառության ամրապնդման գործում։ Ինչո՞ւ հենց նա։ Հավանաբար, որովհետև Կովկաս և Թուրքիա արշավանքների գնացող զինվորների համար կարևոր էր բարդ ժամանակներում ապրած և իրենից հետո գրավոր աշխատություններ թողած սրբի օրինակը։ Նրա անվանակոչության տոնը նշում են նոյեմբերի 10-ին, և գնդի համար դա յուրահատուկ օր էր։
Երբ դաշտային եկեղեցում այլևս չէին տեղավորվում բոլոր ցանկացողները, բարձրացավ մեծ տաճարի կառուցման հարցը։ Վայրի ընտրությունը խորհրդանշական էր՝ 1877–1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում ընկած Բաքվի 153-րդ հետևակային գնդի զինվորներին նվիրված հուշարձանի մոտ։ Նրանց, ովքեր չվերադարձան մարտի դաշտից, և պիտի ապրեին կենդանի մնացածների հիշողության մեջ։ Տաճարը ոչ միայն հոգևոր կենտրոն և աղոթատեղի դարձավ, այլև նրանց սխրանքի կենդանի հուշարձան։
Այդ ժամանակ Ռուսաստանում արդեն հաստատվել էր ճարտարապետ Ֆյոդոր Վերժբիցկու մշակած տիպային զինվորական եկեղեցու նախագիծը։ Վերժբիցկին լավագույնս հասկանում էր զինվորի հոգին․ նրա տաճարները կառուցվում էին կայսրության ամբողջ տարածքում՝ Պետերգոֆից մինչև Սամարղանդ, Վարշավայից մինչև Ֆերգանա։ Նրա նախագիծը նախատեսված էր մինչև 1200 մարդու համար, այլ բառերով՝ այստեղ միաժամանակ կարող էր աղոթել ամբողջ գունդը։ Ուղղանկյուն, ընդարձակ, երկու գմբեթով՝ մեկը խորանի, մյուսը մուտքի վրա, որը միաժամանակ նաև որպես զանգակատուն էր ծառայում․ այդ եկեղեցիները իրենց մեջ ամփոփում էին բյուզանդական հիմնավորությունը և հին ռուսական նախշազարդությունը։ Կառուցվում էին աղյուսից, որպեսզի դարերով ծառայեն։
Գյումրիում (այդ ժամանակ դեռ Ալեքսանդրապոլում) տաճարի հիմքը դրվել էր 1910 թվականին։ Յուրահատուկ տարիներ էին․ Նիկոլայ II-ի կառավարման ժամանակաշրջան, ով, ինչպես հայտնի է, մեծ նշանակություն էր տալիս կրոնին, ամբողջ Ռուսաստանով մեկ հազարավոր տաճարներ էին կառուցվում և վերականգնվում, տասնյակ սրբեր սրբադասվում, այդ թվում՝ Սերաֆիմ Սարովսկին։ XX դարասկզբին կայսրությունում 50 հազարից ավելի ծխական եկեղեցի և վանք էր գործում։ Եվ Կազաչի պոստի այդ տաճարն ընդամենը փոքր օղակն էր ամբողջ երկրում ծավալված խոշոր եկեղեցաշինության շղթայում։
Պետական միջոցներով էին կառուցում, հիմնովի, խղճով։ Տաճարը ամենամեծ ուղղափառ եկեղեցին էր Հայաստանում՝ և այդպիսին էլ մնում է մինչ օրս։ Այն օծվել է Սուրբ Արսենի Սերբացու անունով՝ պահպանելով 153-րդ գնդի դաշտային եկեղեցու մասին հիշատակը։ Եվ մինչև 1917 թիվը այստեղ պատարագներ էին մատուցվում, աղոթքներ հնչում, զինվորները հաղորդություն էին ստանում արշավանքներից առաջ և շնորհակալություն հայտնում Աստծուն՝ վերադարձի համար։
Իսկ հետո վրա հասավ հեղափոխությունը, և այս տաճարը, ինչպես և հազարավոր մյուսները, այլևս ոչ ոքի պետք չէր։ Այն փակեցին, հարստահարեցին և երկար տասնամյակներ մոռացության մատնեցին՝ որպես հեռացած դարաշրջանների լուռ վկա։ Աղյուսը խունանում էր, գմբեթները՝ խամրում, ներսում սուրում էր քամին։ Կազաչի պոստը վաղուց դադարել էր անցակետ լինել, և միայն հին լուսանկարներն էին հիշեցնում, թե ինչպիսին էր տաճարը յուր ժամանակին։
2010 թվականին, Պատրիարխ Կիրիլի օրհնությամբ սկսվեցին վերականգման աշխատանքները։ Թվում էր՝ մի ամբողջ դար այստեղ կանգնած տաճարը իր «հոբելյանական» տարում վերջապես կստանա երկրորդ շունչը։ Սակայն ինչ-որ բան այնպես չգնաց․ աշխատանքները դադարեցվեցին։ Եվ այժմ Սուրբ Արսենի Սերբացու եկեղեցին զարմանալիորեն կիսամոռացված վիճակում է գտնվում․ լիարժեք չի գործում, բայց և վերջնականապես մոռացված չէ։ Ժամանակ առ ժամանակ այստեղ պատարագներ են մատուցվում, և այդ օրերին պատերը կրկին աղոթք են լսում։ Դրանք հիշում են և 153-րդ գնդի զինվորներին, և թուրքական պատերազմում ընկածներին, և այստեղ երբևէ աղոթածներին։ Կազաչի պոստում աղյուսե հսկան դեռ սպասում է, որ մի օր նրա դռները կբացվեն բոլորի առաջ։ Ընդմիշտ։
