Չերքեզի կիրճ («Չերքեզի ձոր»)

Название ущелья — отдельная история, имеющая две версии, как два берега одной реки

Ընդհանուր տեղեկություններ

Տեսակ․ պատմա-աշխարհագրական օբյեկտ, քաղաքային բնական հուշարձան
Կոորդինատներ․ 40.7978 N, 43.8283 E
Տեղակայման վայր․ Հայաստանի Հանրապետություն, ք․ Գյումրի (նախկին՝ Ալեքսանդրապոլ), Սև բերդի տարածք

Ձևավորման պատմական ենթատեքստ
— Ռուսական կայսրության Ալեքսանդրապոլի բերդաքաղաքային համակարգի զարգացում
— 1828–1829 թթ․ ռուս-պարսկական պատերազմից հետո Սև բերդի կառուցում (1834 թ.-ից)

Տարածքի ամրաշինական առանձնահատկություններ
— հարում է Սև բերդի ամրոցապատին
— պատերի մեջ հրակնատներ
— ամրոցի պատի ետևում պաշտպանական խրամատ

Պատմական իրադարձություն
— XIX դարում տարածքը կապված էր ռազմական գործողությունների և զորքի տեղակայման հետ
— Ռուսական կայսրության զինվորական ստորաբաժանումների հավանական տեղակայում (այդ թվում՝ Կաբարդինյան գունդ)

Տեղանվան ծագում (վարկած)․
— Չերքեզի վերաբնակիչների տեղակայումը դեպի Օսմանյան կայսրություն ճանապարհին
— կապ «չերքեզյան» անունը կրող ռուսական զորամասերի տեղակայման հետ

Տարածքի ժամանակակից կիրառում․
— քաղաքի հասարակական տարածք
— Սուրբ Մկրտության տոնին ուղղափառ ծիսակարգերի անցկացում (ջրօրհնեք և ավանդական սուզումներ)

Պատմամշակութային նշանակություն․ Գյումրու XIX դարի ռազմական պատմության հետ կապված բերդաքաղաքային լանդշաֆտի մաս

*

Գյումրիում, Սև բերդի մատույցներում, հողը խոր ճեղքվածք ունի։ Ծայրին կանգնելուց և ներքև նայելուց, այնտեղ, որտեղ պարիսպներում սևին են տալիս հրակնատները, կարելի է տեսնել դեպի հատակը ձգվող արահետներով  թփակալած կիրճը։ Դա Չերքեզի կիրճն է կամ Չերքեզի ձորը՝ վայր, որտեղ հավերժ միահյուսվել են քարը, ջուրը և հիշողությունը։

Բլրի վրա ամրոցի շինարարությունը սկսել էին 1834 թվականին։ Ռուսաստանը նոր էր հաղթել Թուրքիայի հետ հերթական պատերազմը (1828–1829), սահմանը տեղափոխվել էր, սակայն թուրքերը շարունակում էին մնալ մոտակա լեռնաշղթաների ետևում։ Ամրաշինություն էր անհրաժեշտ։ Ինժեներներն ընտրեցին այդ բլուրը, իսկ ստորոտում բացվող կիրճը պաշպանության մաս դարձավ։ Պարիսպներում հրակնատներ բացեցին․ մի ամբողջ շարք, որպեսզի կարողանան կրակի տակ պահել կիրճի ամբողջ հատակը։ Պատի ետևում խրամատ փորեցին և ջրով լցրեցին։ Եթե թշնամին փորձեր մտնել, նրան երկու կողմից էլ հակահարված կտային։

Կիրճի անվանումը առանձին պատմություն է, որը երկու վարկած ունի՝ ինչպես մի գետի երկու ափ։

Առաջինն արմատներով չերքեզներին է հասնում։ Երբ Կովկասյան պատերազմը լեռնցիներին քշում էր դեպի Օսմանյան կայսրություն, տեղահանվածներն այս վայրերով էին անցնում․ կանգ էին առնում, կիրճում վրաններ բացում, գուցե, որոշ ժամանակ ապրում, մինչև սահմանագծից այն կողմ ճանապարհը շարունակելը։ Եվ իրենց անունը թողեցին այս հողին։

Երկրորդ վարկածը ռազմական է։ 1828–1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ այստեղ զորամասեր էին տեղակայված։ Մեկը կաբարդինյան էր կոչվում, մյուսը՝ չերքեզյան՝ ի պատիվ չերքեզական  ցեղերից մեկի։ Հայաստանի Ազգային արխիվում այդ տարիների փաստաթղթեր են պահպանվել, որտեղ Ալեքսանդրապոլի կայազորի զորամասերի շարքում հիշատակվում է 80-րդ Կաբարդինյան հետևակային գունդը։ Չերքեզկաներով զինվորները  քայլում էին այս արահետներով, պահակային ծառայություն տանում հրակնատների մոտ։ Գուցե նրանցից մեկն էլ յուրովի ձորը կոչեց Չերքեզական։

Դրանից բացի կա նաև մեկ այլ, «բանավոր» վարկած, գրեթե լեգենդ․ թե հենց այստեղից, այս կիրճից է ձևավորվել քաղաքը։ Իբր այստեղ այն նույն չերքեզները,  կամ զինվորները, կամ վերաբնակիչները, առաջինն են կառուցել մի քանի տասնյակ տունը։ Այժմ դա անհնար է ստուգել։ Բայց երբ նայում ես զառիթափ լանջերին, դրան հեշտ է հավատալ՝ վայրը հարմար է, ջուրը՝ մոտիկ, պատն էլ՝ լավագույն պաշտպանն է։

XIX դարում այստեղ անհանգիստ էր։ Կիրճում բախումներ էին տեղի ունենում, պատմաբաններն անգամ արյունալի մարտերի մասին են հիշատակում։ Թե ով ում հետ և երբ, արդեն մանրուքներ են, ավազե հատիկներ պատմության մատույցներում, սակայն օդն այստեղ մինչև հիմա վառոդի երանգ ունի։

Հետո ամեն ինչ հանդարտվեց։ Բերդը մոռացության տրվեց, զինվորները հեռացան, կիրճը թփակալեց։ Արահետները գրեթե անհետացան։ Քաղաքն ընդհուպ մոտեցավ կիրճին և այն դարձավ արվարձան։ Հեշտ է պատկերացնել, որ ժամանակի ընթացքում այն կարող էին պարզապես հողով լցնել և կառուցապատել։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ինչո՞ւ։ Որովհետև հենց ծայրին, հենց պարիսպների մոտ ․․․ ռեստորան բացվեց։ Ձկան ռեստորան, որը, որքան էլ ծիծաղելի չթվա, փրկեց պատմական հուշարձանը։ Ռեստորանին պետք էր բացվող տեսարանը, պետք էր պարիսպը և այդ կիրճը։ Եվ ձորը մնաց։

Այսօր այստեղ ոչ միայն ձուկ ուտելու են գալիս։ Հունվարի 19-ին, Սուրբ Մկրտության նախօրեին կիրճ են իջնում ուղղափառ հավատացյալները։ Ներքևում, որտեղ քարերի արանքում հոսում է առվակը, հորդանան են բացում։  Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի տաճարի քահանան ծիսակարգ է կատարում, օրհնում ջուրը, մոմեր են վառվում, մարդկանց մարմիններից գոլորշի է բարձրանում, իսկ ամենախիզախները երեք անգամ ընկղմվում են սառցե ջրի մեջ։

 Այդ պահերին, եթե վերևից, հրակնատների միջով նայես, տարօրինակ տեսարան է բացվում․ ներքևում լույսեր, ստվերներ, շարժ և այդ ամենի վրա վեր են խոյանում բերդի սև քարերը, որոնք արդեն երկու հարյուր տարեկան են։ Դրանք հրացաններով զինվորներ են տեսել, պատերազմներ, տեսել են, թե ինչպես էին հեռանում չերքեզները։ Իսկ այժմ տեսնում են սառցե ջրի մեջ մտնող և աղոթքով դուրս եկող մարդկանց։

Չերքեզի ձորը Գյումրու գլխավոր տեսարժան վայրը չէ։ Զբոսաշրջիկները հիմականում շրջանցում են այն։ Բայց այստեղ ապրողները գիտեն՝ դա այն վայրն է, որտեղ պատմությունը չի մահացել, այլ իջել է ձորը և հոսում է ջրով, որտեղ կարելի է կանգնել հրակնատների մոտ, լսել քարերի մեջ թափառող քամու ձայնը և հիշել նրանց, ովքեր կանգնել են այստեղ մեկուկես դար առաջ։ Եվ նրանց, ովքեր գնում էին դեպի Թուրքիա, և ովքեր չերքեզկա էին կրում, և ովքեր հիմա, Սուրբ Մկրտության տոնին, դուրս են գալիս հորդանանից և խաչակնքվում։

Նրանք բոլորը «Չերքեզի ձոր» անունով փոքրիկ աշխարհի մաս են։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով