Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ. ուղղափառ տաճար
Կոորդինատներ. 41.149899 N, 44.779131 E
Ընդհանուր տեղեկություններ
Անվանումը. Սուրբ Գևորգի (Աստվածաբան) եկեղեցի
Տեղակայման վայրը. ք. Ախթալա, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն
Տեղանքի պատմական ենթատեքստ. Ախթալա միջնադարյան բերդ (հիմնադրումը՝ X դար)
Տարածաշրջանի կրոնական պատմություն. 1801 թվականից Անդրկովկասում Հունական ուղղափառ եկեղեցու կենտրոն (Ալեքսանդր I կայսեր հրամանով)
Վանական համալիրի կրոնական պատկանելություն. ի սկզբանե՝ Հայ եկեղեցու միաբնակության ավանդույթ; XIII դարում՝ քաղկեդոնական ուղղափառություն (Իվանե Զաքարյանի օրոք)
Ճարտարապետական առանձնահատկություններ. բազալտից ոչ մեծ շինություն
Կից օբյեկտներ. շրջակայքում մոտ 20 պատմական գերեզման կա
Ժամանակակից նշանակություն. ուղղափառ, այդ թվում՝ տարածաշրջանի հունական համայնքի ավանդույթների հետ կապված ուխտագնացությունների վայր
*
Դեբեդ գետի կիրճի ժայռոտ սարահարթի վրա վեր է խոյանում Ախթալայի բերդը։ Կապտավուն բազալտից պատերն այնքան խիտ են շարված, որ թվում է՝ ոչ թե մարդն է արարել դրանք, այլ ինքը՝ լեռը։
Բերդն այդ կառուցել են դեռևս X դարում Կյուրիկյան-Բագրատունի տոհմի արքաները՝ ճանապարհները վերահսկելու և հանքերը պաշտպանելու համար, որտեղից դարերով պղինձ էին արդյունահանում։ Տեղանքը մտածված էր ընտրվել. երեք կողմից ուղղաձիգ ժայռեր են, մոտենալ կարելի է միայն հյուսիսից, իսկ այնտեղ էլ աշտարակներով պարիսպներ են։
Ամրոցի ներսում, օժանդակ շինությունների և բնակելի հատվածների արանքում տեղակայված է գլխավոր՝ Սուրբ Աստվածածնի տաճարը։ Այն կառուցել են 1188 թվականին, ինչի մասին վկայում է խաչքարի արձանագրությունը։ Իսկ շուրջը, միմյանցից տարբեր հեռավորության վրա, ևս չորս փոքրիկ եկեղեցի է ծվարել՝ Սուրբ Երրորդության, Սուրբ Առաքելոց, Հովհաննես Ոսկեբերանի և մեզ հետաքրքրող՝ Սուրբ Գևորգ Աստվածաբանի եկեղեցին։
Այս վայրը զարմանալի ճակատագիր ունի։ Մինչև XII դարի վերջն այն Հայոց եկեղեցուն էր պատկանում։ Սակայն հետագայում տեղի ունեցած իրադարձությունը փոխեց ամեն ինչ։ Վրաց Թամար թագուհու արքունիքի անվանի զորահրամանատար Իվանե Մխարգրձելին (Զաքարյան), ում պատկանում էին այս հողերը, հայկական ուղղափառությունից դավանափոխ է լինում Բյուզանդական ծեսի ուղղափառության, որն այդ ժամանակներում «հունական հավատք» էր կոչվում։ Եվ Ախթալայի վանքը դառնում է քաղկեդոնական, ինչը նշանակում է, որ այն ընդունում է 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Ինքը Իվանեն մահից հետո այստեղ հուղարկավորվեց, գլխավոր տաճարի մուտքի մոտ, իր կառուցած դամբարանում։
Հետագա դարերում վանքը և ծաղկունք, և անկում է տեսել։ XIV դարում Պղնձահանք անվանումն անհետացավ տարեգրություններից՝ իր տեղը զիջելով Ախթալային։ XVIII դարում վանքն ամայացավ։ Սակայն 1801 թվականին Ալեքսանդր I կայսեր հրամանով այն դարձավ Անդրկովկասում Հունական Ուղղափառ Եկեղեցու կենտրոն։ Այստեղ ձգվեցին այս վայրերում ապրող հույները, և մի շարք սերունդների համար տաճարը հարազատ դարձավ։
Մինչ օրս սեպտեմբերի 21-ին, Սուրբ Աստվածածնի տոնին, այստեղ հույն ուխտավորներ են գալիս։ Նրանք աղոթում են հնագույն տաճարում, որի կամարների ներքո պահպանվել են XIII դարի բյուզանդական որմնանկարները, որոնց մեջ միահյուսվել են հայկական, վրացական և հունական դիմագծերը։ Պատերին պատկերված սրբերի թվում կարելի է տեսնել նաև Վրաստանի Լուսավորիչ Նունեին և հայոց Գրիգոր Լուսավորչին։
Ամրոցից մի փոքր հեռավորության վրա, մեկուսացված, բազալտե փոքրիկ տաճար է կանգնած՝ Սուրբ Գևորգ Աստվածաբանի եկեղեցին։ Այն գլխավորից համեստ է, առանց որմնանկարների և պճնանքների։ Շուրջը մոտ երկու տասնյակ գերեզման կան։ Թե ովքեր են այստեղ ննջում՝ հույներ, ռուս զինվորականներ, սպաներ, թե սովորական բնակիչներ, արդեն չես իմանա․ գրությունները ջնջվել են։ Սակայն այն փաստը, որ քսանից ավելի մարդ որպես իր վերջին հանգրվանն է ընտրել այս վայրը, խոսում է այն մասին, որ նրանց համար կարևոր, նշանակալից էր այս եկեղեցին։ Այն իրենցն էր։
Ախթալան այսօր էլ կանգուն է։ Ամրոցի պատերը առաջվա պես ամուր են, տաճարներն էլ անփոփոխ նայում են դեպի կիրճը։ Ու եթե մի խաղաղ օր բարձրանաք այնտեղ, երբ հանդարտվում է քամին և արևը լուսավորում է բազալտե պատերը, կզգաք, որ «ժամանակների վազքն» (Ա. Ախմատովա) այստեղ այլ կերպ է ընկալվում՝ ասես դանդաղելով, ինչպես և հարկն է այն վայրերում, որտեղ տարբեր ազգության, տարբեր կրոնական պատկանելության, բայց ընդհանուր հավատքի մարդիկ էին աղոթում՝ Միակ Աստծո առաջ։
