Կաթողիկոս Եփրեմ ԱՁորագեղցու գերեզմանը

Եփրեմ Ա Ձորագեղցին, առաջինը Կովկասում, արժանացավ Ռուսական կայսրության բարձրագույն շքանշանի

Հղման տեղեկատվություն

Անունը․  Եփրեմ Ա Ձորագեղցի (Տեր-Հովհաննիսյան)
Կոորդինատներ․ 40.1618 N, 44.2914 E
Աստիճան․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս
Պատրիարքական կառավարման ժամանակաշրջան․ 1809–1830 թթ.
Նստավայր․ Առաջնորդանիստ Էջմիածին
Ծննդյան տարեթիվ․ 1748 թ., գ. Ձորագեղ
Մահվան տարեթիվ․ 1835թ․ հուլիսի 16, Վաղարշապատ
Գերեզմանը․ Սուրբ Գայանե վանքի գերեզմանոց (Վաղարշապատ)
Կրթությունը․ Էջմիածնի հոգևոր ճեմարան
Եկեղեցական գործունեություն․ Հնդկաստանում Հայոց կաթողիկոսի նվիրակ, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսական թեմի առաջնորդ (1801–1809)
Պատմական դեր․ հայ ազատագրական շարժման դեպի Ռուսաստան վերակողմնորոշման կողմնակից,  XIX դարի սկզբի ռուս-հայկական փոխազդեցության գործընթացների մասնակից
Պետական պարգևներ․ Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշան (առաջին պարգևատրվածը Կովկասում), Սուրբ Աննայի I  աստիճանի շքանշան
Առնչվող պատմական իրադարձություններ․ XIX դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմներ, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը, Օշականի ճակատամարտի հերոսների հուշարձանի կառուցում (1834 թ․)

*

Վաղարշապատ, հնագույն քաղաք, որտեղ յուրաքանչյուր քար պարուրված է պատմության շղարշով։ Այստեղ, Սուրբ Գայանե վանքի պատերի մոտ, մամուռով ու ժամանակով ծածկված հին տապանաքարերի արանքում կա մի գերեզման՝ համեստ, առանց որևէ ավելորդությունների և պճնանքի։ Սակայն այդ գերեզմանի կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել։

Եփրեմ Ա Ձորագեղցի․ այս անունն է փորագրված տապանի վրա։ Հայերի համար կաթողիկոս, պատմության համար՝ նաև մեկը նրանցից, ով փրկություն բերեց Արևելյան Հայաստանին։

Նա ծնվել է 1748 թվականին, Ձորագեղ գյուղում, մի ընտանիքում, որտեղ հավատքը նույնքան բնական էր, որքան սեղանի հացն ու աղբյուրի ջուրը։ Մանկուց նրան Էջմիածնի հոգևոր ճեմարան էին ուղարկել՝ սովորելու, ընկալելու, հիշելու։ Դրան հաջորդեցին հեռավոր Հնդկաստանում անցկացրած երկար տարիները, որտեղ հայկական համայնքը  հարուստ էր և իր արմատներին ամուր կառչած։ Այնտեղ, Կալկաթայում և Մադրասում, օտար տաճարների և խոնավ տապի մեջ, նա եկեղեցու նվիրակն էր, նայում էր ցեղակիցների աչքերին ու մտածում՝ ժողովուրդը սեփական հող չունի։ Եվ վերադարձնել այն կարելի է միայն հզոր հարևանի օգնությամբ։ 

Ռուսաստան Եփրեմն արդեն հասուն տարիքում եկավ։ 1800 թվականին, Հովսեփ Արղությանի կաթողիկոս ձեռնադրվելուց հետո, նա Հայ եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ դարձավ։ Մոսկվայում, հայկական եկեղեցում, նա պատարագներ էր մատուցում, կարևոր մարդկանց հանդիպում, ուղիներ փնտրում։ Իսկ 1805 թվականին Դանիել կաթողիկոսից հետո թեև նա էր համարվում հավանական թեկնածուն, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին և Եփրեմը ստիպված եղավ սպասել։ Իսկ նա կարողանում էր սպասել։  

1809 թվականի օգոստոսի 20-ին իշխան Հովակիմ Լազարյանն (հայկական հայտնի տոհմից, որի ազգանունն է կրում Լազարյան համալսարանը) Եփրեմին բերեց Ալեքանդր I կայսեր մոտ, ով բազմիցս լսած լինելով հայ սրբազան հոր իմաստնության մասին, բարյացակամորեն ընդունեց նրան և Սուրբ Աննայի I  աստիճանի շքանշան շնորհեց։ Իսկ սեպտեմբերի 12-ին, Մոսկվայի հայկական եկեղեցու սուրբ պատարագին կաթողիկոսի կողքին աղոթում էր կայսրը՝ իր ընտանիքով և արքունիքով։ Հայկական եկեղեցին այդպիսի պատվի մինչ այդ չէր արժանացել։

1809 թվականի դեկտեմբերի 26-ին, Դանիել Ա Սուրմառեցի կաթողիկոսի մահից հետո, Եփրեմը վերջապես Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք ընտրվեց։ Ծանր ժամանականեր էին,  1804–1809 թվականների ռուս-պարսկական պատերազմը դեռ նոր էր ավարտվել, սակայն խաղաղություն չկար, միայն կարճատև դադար էր։ Հնագույն Աթոռանիստ Էջմիածինն երկու կայսրությունների սահմանագծին էր կանգնած և ամեն օրը բացվում էր անհանգստությամբ, թե որ զորքերը կհայտնվեն հորիզոնում։

Երբ 1812 թվականին Նապոլեոնի բանակը մտավ Ռուսաստան, Եփրեմը անմասն չմնաց։ Նա հայերի շրջանում հանգանակություն կազմակերպեց հարձակումից տուժածների համար, օգնեց ուժերի ներածի չափով։ Կայսրը գնահատեց դա․ կաթողիկոսն արժանացավ Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանի։

1813 թվականին, երբ Գյուլիստանում խաղաղության պայմանգիր էր կնքվում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, նա ոչ պաշտոնական, բայց հետևողական միջնորդ հանդիսացավ։ Նրա միջոցով էին գաղտնի նամակներ, խնդրանքներ, խոստումներ փոխանցվում։ Նա համոզում էր․ ռուսական հրամանատարությանը՝ օգնել Հայաստանին, պարսիկներին՝ ձեռք չտալ տաճարները, հայերին՝ դիմանալ, համբերել, սպասել։

Այդ նույն 1813 թվականին կաթողիկոսը կառուցեց Էջմիածնի հոգևոր ճեմարանի առաջին շենքը՝ քահանաներ, ուսուցիչներ, եկեղեցու ապագա առաջնորդներ պատրաստելու համար։ 1815-ին նրա օժանդակությամբ ցարական կառավարությունը լուծարել է առանձնացված Աղվանական կաթողիկոսությունը՝ այն անմիջականորեն Էջմիածնին ենթարկեցնելով։ Եկեղեցու միասնության համար նշանակալից որոշում, թեև այն ժամանակների համար ոչ բոլորին հասկանալի։

Սակայն Եփրեմ Ա-ին ոչ միայն եկեղեցական գործերն էին մտահոգում։ Այդ ժամանակ Էրիվանում իշխող Երևանի խան Հուսեյն-Ղուլին այնպիսի հարկեր էր սահմանել, որ գյուղացիները հուսահատ փախուստի էին դիմում։ Կաթողիկոսը փորձում էր համոզել, պաշտպանել․ չէր ստացվում։ Ինքն անձամբ 1822 թվականին, չդիմանալով խանի հարկային քաղաքականության դաժանությանը, անցավ ռուսական կայսրի հովանու տակ․ Հաղպատի վանք՝ խանի բարկությունից հեռու։ Այնտեղ, հինավուրց պատերի ներքո, լեռների ու անտառների մեջ ապրել է նա մինչև 1826 թիվը, այնուհետև տեղափոխվել Թիֆլիս՝ ռուսական իշխանություններին ավելի մոտ, ավելի մոտ նրանց, ովքեր կարող էին օգնել։

1827 թվականին ռուսական զորքերը գրավեցին Էրիվանը։ Իսկ 1828-ին, երբ Թուրքմենչայի պայմանգրով Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Եփրեմը վերադարձավ Էջմիածին։ Երկար սպասված օրը եկավ։ 1828 թվականի հունիսի 15-ին նա վերադարձավ հարազատ տաճարի հովանու ներքո։

Այժմ կարելի էր զբաղվել գլխավորով՝ հիշողությամբ։ 1834 թվականին, երբ արդեն ութսուն անց էր, ուժ և կարողություններ չխնայելով, Օշականի շրջակայքում նա ճակատամարտի հերոսներին նվիրված հուշարձան կանգնեցրեց։ Այն ճակատամարտի, որի ընթացքում մի բուռ ռուս զինվորներ ճեղքեցին պարսկական երեսուն հազարանոց զորքը և փրկեցին Էջմիածինը։ Եղբայրական գերեզմանոցում վեր խոյացած քարը պետք է հետագա դարերին հիշեցներ, որ այստեղ արյուն է թափվել այս հողի համար։

Դեռ մինչ այդ, 1831 թվականի հունիսի 30-ին Նիկոլայ I կայսրը հրաման ստորագրեց, որի համաձայն Եփրեմ Ա Ձորագեղցին, առաջինը Կովկասում, արժանացավ Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանի՝ քարոզչական, հոգևոր և բարոյական լուսավորչության գործում բացառիկ ավանդի, ինչպես նաև Աստծուն, Ցարին և Հայրենիքին երկարամյա ծառայության համար։   

Առողջությունն այդ ժամանակ արդեն այն չէր։ 1830 թվականի հոկտեմբերի 8-ին, պարգևատրումից մեկ տարի առաջ, նա հրաժարվեց կաթողիկոսությունից․ ուժերը չէին ներում եկեղեցի կառավարել։ Ապրում էր մեկուսացված կյանքով, Վաղարշապատում, աղոթում էր, հազվադեպ հյուրեր ընդունում։ 

1835 թվականի հուլիսի 16-ին նա կնքեց իր մահկանացուն։ Հուղարկավորեցին նրան հենց այստեղ, Սուրբ Գայանե վանքի գերեզմանոցում, որտեղ ժամանակին ինքն էլ էր կանգ առնում հոգսառատ օրվա վերջում հանգստանալու։  

Այժմ գերեզմանը գտնվում է հնամենի ծառի ստվերում։ Տապանաքար, խաչ, տարեթիվ։ Շուրջը՝ այլ գերեզմաններ, այլ անուններ, այլ ճակատագրեր։ Բայց այս մեկը չես շփոթի․ միշտ թարմ ծաղիկներ են դրված և մոմ է վառված։ Մարդիկ գալիս են, խաչակնքվում, ինչ-որ բան շշնջում․ գուցե պաշտպանություն են խնդրում, կամ պարզապես շնորհակալություն հայտնում, որ ամենամռայլ տարիներին ստվերի մեջ չմնաց, չկոտրվեց, այլ առաջ տարավ՝ դեպի լուսավոր ապագա։

Կյանքի ութսունյոթ տարի, դրանից քսանմեկը՝ եկեղեցու առաջնորդ։ Հնդկաստան, Ռուսաստան, Պարսկաստան, Վրաստան, Հայաստան։ Պատերազմներ, բանակցություններ, հույսեր, աղոթքներ․․․ Եվ խաղաղ անկյուն Սուրբ Գայանե վանքի պատի տակ, որտեղ ամեն ինչ ավարտվում է քարով և խաչով։ Եվ այդ ամենը Էջմիածնի զանգերի ղողանջի ներքո, որ հնչում է մինչ օրս։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով