Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ․ ռազմական, պատմական իրադարձություն
Հիմնական շրջանի կոորդինատներ․ 40.167603 N, 44.505983 E
Բերդի պահպանված հատված․ 40.169331 N, 44.501160 E
Տեղակայման վայր․ ք․ Էրիվան (այժմ՝ Երևան), նախկին Էրիվանի բերդի տարածք
Իրադարձության տարեթիվ․ 1827 թ․, հոկտեմբերի 1 (13)
Ռազմական հակամարտություն․ 1826–1828 թթ. ռուս-պարսկական պատերազմ
Հրամանատարություն․
— Ռուսական զորքեր— գեներալ Իվան Ֆյոդորի Պասկևիչ
— պարսկական կայազոր— Հասան խան
Ռազմական գործողության ընթացքը․
— շուրջ մեկ շաբաթյա բերդի պաշարում
— հեռահար հրետանու կիրառում (Սուրմալուի և ժամանակակից երկաթուղային կայարանի շրջան)
—ամրոցի հարավարևելյան հատվածի գրոհ
Արդյունք․
— ռուսական զորքի կողմից Էրիվանի բերդի գրավում
— Արևելյան Հայաստանում պարսկական ուժերի փաստացի ջախջախում
— Թուրքմենչայի պայմանագրի հետագա կնքում (1828 թ.)
Պատմական նշանակություն․
— Էրիվանի խանության անցումը Ռուսական կայսրության իշխանության տակ
— Ռուսաստանի կազմում Երևանի պատմության նոր փուլի մեկնարկ

*
1827 թվականի հոկտեմբերի 1-ին Էրիվանի բերդի արևելյան պատին ինչ-որ անհավանական բան էր կատարվում։ Այնտեղ, որտեղ դեռ երեկ ռումբեր էին պայթում և թափվում էին ատամնավոր աշտարակները, որտեղ գիշերը սակրավորները կրակի տակ ամրաշինություններ էին տեղադրում խրամատների եզրերին, հիմա մարդիկ էին կուտակվում։ Նրանք ծածանում էին սպիտակ թաշկինակները, գլխարկները, թափահարում ձեռքերը՝ ասես ուզում էին լուր տալ խրամատներից, պատերից, Զանգից փչող այդ անիծյալ քամուց այն կողմ գտնվող ռուս զինվորներին։
Խրամատներում սկզբից չհավատացին։ Սպաները բարձրացրին հեռադիտակները, զինվորները, մոռանալով վտանգի մասին, դուրս եկան հողապատնեշներից։ Արևելյան պատով մեկ, հատկապես ավերված հատվածներում, քաղաքացիներ էին կանգած։ Նրանց մեջ ոչ մի զինվորական չէր երևում․ դա տեղի խաղաղ բնակչությունն էր, հայերը, որոնք համարձակվեցին անել այն, ինչ չէր խիզախում կայազորը։
Պարսիկները առաջինը վազեցին։ Ինչ-որ մեկը ցատկեց խրամատ, նրա հետևից երկրորդը, երրորդը և մի քանի րոպեից հանձնվողներն արդեն չորս հարյուրն էին։ Նրանք վայր էին դնում զենքը, բարձրացնում ձեռքերը և մագլցում ռուսական կողմ, որտեղ նրանց բռնում էին և հրում թիկունք․ բերդը դեռ գրավված չէր, գերիներով զբաղվելու ժամանակ չկար։
Իսկ բերդում արդեն սկսվել էր այն, ինչ տեղի է ունենում, երբ համբերությունն ավելի շուտ է պայթում, քան պատերը։ Հասան խանը, ով դեռ երեկ կայազորին Աբբաս Միրզայի հարահաս օգնությունն էր խոստանում, այժմ Սարդարի պալատում խուճապահար դես ու դեն էր գնում։ Նա դեռ գիշերն էր փորձել փախուստի դիմել, սակայն բոլոր ելքերը փակել էր հետևակն ու հեծելազորը, իսկ գետի այն կողմում կանգնած էր փախուստի դիմողներին գերևարող ջոկատը։ Առավոտյան կողմ խանը թաքնվեց մզկիթում, ցնցոտիներ հագավ և նստեց մի կուժ ջրով ու մի պարկ հացաբլիթով՝ հույս ունենալով այստեղ աննկատ մնալ, սակայն երկու ժամից նրան գտան։ Բերդի պարետ Սուբհան-Կուլի խանին զնդանում գտան՝ նույնպես հագուստը փոխած և մի քանի օրվա պահուստով։ Նրա հետևից բռնեցին Կասիմ խանին՝ անձամբ Աբբաս Միրզայի պահակային ջոկատի հրամանատարին, Մարանդի Ջաֆար-Կուլի խանին, Թավրիզի Ալի-Մերդան խանին, Արաքլիի Ասլան-խանին և ձուլարանի ղեկավար Ֆաթ-Ալի խանին։
Երբ ամեն ինչ ավարտվում է, Պասկևիչը գրում է Պետեբուրգ՝ Նիկոլայ I-ին, որ կայսերական դրոշն այժմ ծածանվում է Էրիվանի պարիսպների վրա․ «Այս հայտնի ամրոցի բանալիները, նրա ամբողջ գերևարված կայազորը, բոլոր գլխավոր հրամանատարների հետ միասին, այդ թվում՝ Հասան խանի հետ, ով այս անգամ ո՛չ կարողացավ փախչել, ո՛չ էլ ճեղքել այն, գրավված ավարները՝ 4 դրոշ, 37 թնդանոթ, 2 հաուբից, 9 հրասանդ, մինչև 50 ֆալկոնետ, և վերջապես՝ բնակիչների հավատարմությունն ու երախտագիտությունը, ում մենք ազատագրել ենք իրենց դաժան ճնշողներից․ շտապում եմ այս ամենը ներկայացնել Ձերդ Մեծության ուշադրությանը»։ Եվ գրեթե զարմացած հավելում, որ նրանց կորուստները, երջանիկ հանգամանքների բերումով, չնչին են։ Էրիվանը, որը ենթադրում էին թե հնարավոր է գրավել միայն արյան հեղեղներով, ընկավ վեցօրյա պաշարումից հետո։
Երևանի նորագույն պատմությունը հենց այդ օրվանից են հաշվում՝ 1827 թվականի հոկտեմբերի 1-ից՝ հին տոմարով, 13-ից՝ նոր տոմարով։ Այն օրվանից, երբ ռուսական զորքերը՝ գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ, պարսիկներից ազատագրեցին Էրիվանի բերդը։ Այդ ռազմական գործողության համար Պասկևիչը արժանացավ Էրիվանի կոմսի տիտղոսի։ Էրիվանի խանության ազատագրումը ռուս-պարսկական պատերազմների գլխավոր նպատակն էր։ Առաջին փորձը, 1804–1813 թվականներին, հաջողությամբ չպսակվեց։ Երկրորդը սկսվեց 1826-ի հուլիսին, երբ Անգլիայի կողմից հրահրվող Պարսկաստանը խախտեց Գյուլիստանի խաղաղության պայմանգիրը և Աբբաս Միրզայի վաթսուն հազարանոց զորքով մտավ Անդրկովկաս։
Բայց երբ հայերը իմացան, որ ռուսական զորքերը կրկին գալիս են Էրիվանի վրա, ամբողջ խանությամբ հույսի ալիք տարածվեց։ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը զենք վերցնելու կոչով դիմեց ժողովրդին։ Նրա խոսքերը բերնեբերան էին փոխանցվում, շշնջում էին քարվանսարաներում, կրկնում Արարատի ստորոտի գյուղերում․ հասել էր Արարատյան երկրի ազատության ժամը, ժամանակն է ազատվել պարսկական լծից, ուրախացնել Ալեհեր Մասիսին, արյամբ շաղախել հայրենի հողերը և ապրել ազատ։ Կամավորական ջոկատները միանում էին ռուսական գնդերին։ Վրացիներն էլ ետ չէին մնում։
1826 թվականի սեպտեմբերի 5-ին Վալերիան Մադաթովի ջոկատը ազատագրեց Գյանջա — Ելիզավետոպոլը։ Մեկ շաբաթից Պասկևիչի Առանձին կովկասյան կորպուսը ջախջախեց պարսիկների հիմնական ուժերը և Արաքսից այն կողմ շպրտեց։ 1827-ի մայիսին ռուսները գրավեցին Էջմիածինը, շրջափակեցին Էրիվանը, վերցրեցին Նախիջևանն ու Աբբասաբադ ամրոցը։
Օգոստոսին Աբբաս Միրզան փորձեց փոխել պատերազմի ընթացքը։ Նա ներխուժեց Էրիվանի խանություն և օգոստոսի 15-ին պաշարեց Էջմիածինը։ Սակայն Օշական գյուղի մոտ ռուսական երեք հազարանոց զորքը՝ հայ և վրացի կամավորների հետ դիմավորեց պարսկական երեսուն հազարանոց բանակը։ Պարսիկները ալիքներով էին հարձակվում, ռուսներն անսասան կանգնած էին։ Երեկոյան շրջափակումը պատռվեց, Էջմիածինը փրկվեց թալանից և ավերածություններից, իսկ կայազորը, հոգևորականությունը, խաղաղ բնակչությունն ու հարյուրավոր հիվանդ զինվորներ՝ ոչնչացումից։
Սեպտեմբերի 19-ին Պասկևիչը գրավեց Սարդարապատի ամրոցը, իսկ սեպտեմբերի 28-ին դարձյալ կանգնած էր Էրիվանի մատույցներում։
Ամրոցը գտնվում էր Զանգու գետի ժայռոտ ափին։ Կրկնակի պարիսպներ, ջրով խրամատ, թնդանոթների ցցված փողաբերաններով աշտարակներ։ Պասկևիչը հեռահար հրետանի տեղադրեց Սուրմալուի շրջանում և այժմյա երկաթուղային կայարանի մոտ։ Թնդանոթները քարշ էին տալիս այն ճանապարհով, որն այսօր Արշակունյաց պողոտա է կոչվում, իսկ այն ժամանակ դա ընդամենը փոշոտ արահետ էր, որով անասուն էին քշում։
Սեպտեմբերի 23-ին գործող կորպուսը հասավ Զանգու։ Հաջորդ օրը պարսիկները կրակ էին բացել, որը սակայն վնաս չհասցրեց պաշարողներին։ Լույս 25-ի գիշերը ռուսներն արևելյան կողմից մի քանի արկ շպրտեցին քաղաքի վրա։ Որոշվել էր գրոհն իրականացնել բերդի հարավարևելյան կողմից։
26-ին Գեորգևյան բլուրում, արևելյան պատից երեք հարյուր սաժեն հեռավորության վրա շարեցին վեց հրանոթով մարտկոցը։ Աջից չորս հրասանդ էին կանգնեցրել։ Քաղաքի արևմուտքից արևելք զառիթափությունը հարմար էր ռումբեր և նռնակներ նետելու համար։
27-ի լույս գիշերը սկսեցին խրամատներ փորել։ Աշխատում էին շիրվանցիները, կաբարդինցիները, 39-րդ գնդի եգերները, սևոստոպոլցիները։ Լուսինը լուսավորել էր շրջակայքը, պարսիկները կրակում էին հրացաններից, բայց ռուսները լռում էին։ Բահերն անդադար աշխատում էին, ցախով հողասակառները մոտեցնում էին պատվարներին․ և ոչ մի պատասխան կրակոց։
27-ի լուսաբացին երկու մարտկոցից էլ կրակ բացվեց։ Հաջորդ գիշեր ավերվող պատից հարյուր հիսուն սաժեն հեռավորության վրա տեղադրեցին պարիսպների ճեղքման արքայական մարտկոցը, ձախ թևում՝ երկու հրասանդով գրոհող մարտկոցը։
28-ին պատերը սկսեցին քանդվել։ Ճեղքման գլխավոր մարտկոցը քար առ քար ավերում էր պարիսպները, ձախ մարտկոցը ռմբակոծում էր հարավային մասը, իսկ աջը՝ հարվածում բերդի ներսի պատերին և աշտարակներին։ Ատամնավոր պարիսպները քանդվում էին, հրակնատները ավերվում, պարսկական թնդանոթները մեկը մյուսի հետևից լռում։ Երեկոյան պարսիկների կրակը լռեց։ Բերդից մարդիկ էին վազում և պատմում՝ զորախումբը խուճապի մեջ է, բնակիչները անիծում են Հասան խանին, ով դեռ Աբբաս Միրզայի օգնությունն է խոստանում։
29-ին գործի դրեցին ճեղքման միջին մարտկոցը։ Այն ամբողջությամբ ջախջախեց հարավարևելյան անկյունային աշտարակը՝ կից պարսպով։ Գիշերվա ընթացքում պարսիկները փորձում էին վերականգնել հրակնատները, կրակում էին նռնականետերով և մանրագնդակի հրետառումբերով, սակայն ռուսները դիպուկ հարվածներով լռեցնում էին դրանք։
Պասկևիչը, բերդը լքածներից տեղեկանալով, որ պարսիկները երկմտանքի մեջ են, Հասան խանին առաջարկեց հանձնել բերդը՝ պարսկական զորախմբի անխոչընդոտ հեռանալու պայմանով։ Վեց ժամ մտորելու համար։ Խանի պատասխանը միանշանակ չէր՝ պետք է հարցնել Աբբաս-Միրզայից։ Պասկևիչը հրամայեց ակտիվացնել գրոհը։
Ավերածությունները սարսափելի էին։ Տները հերթով քանդվում էին։ Պայթյուններից և ավերածություններից առաջացած ծուխն ու փոշին թանձր շերտով պատել էր բերդը։
Լույս 30-ի գիշերը շարունակեցին խրամուղիներ փորել թշնամու կրակի ներքո՝ նախապես պատրասված պաշտպանական միջոցներով։ Պարսիկները հրացանային հուժկու կրակ բացեցին, բայց ռուսական մարտկոցները չէին լռում։ Գետից այն կողմ գտնվող Իրակլիի բարձունքում տեղակայել էին Կարաբինիերների 7-րդ գնդի գումարտակը, Խերսոնի գնդի երկու վաշտ և վեց թեթև հրանոթ․ նրանք արևմուտքից էին անհանգստացնում պաշարվածներին։
30-ին պարսիկները կրկին փորձեցին թնդանոթներով հարվածել, սակայն շատ շուտ լռեցին։ Խրամուղիները դանդաղ էին առաջ գնում․ աշխատանքները իրականացնողները ամբողջ օրը կրակի տակ էին։ Կեսօրին հյուսիս-արևելյան աշտարակի վրա հայտնվեցին պարսկական հրասանդները, որոնք հինգ ֆունտանոց ռումբերով հարվածում էին գլխավոր մարտկոցին, սակայն ռուսական հրասանդները լռեցրին դրանք։
Ճաշին Պասկևիչի մոտ Հասան խանից նամակով մարդ եկավ։ Խանը համաձայնվում էր հանձնվել, սակայն մինչ այդ ուզում էր իմանալ Աբբաս Միրզայի կարծիքը։ Պասկևիչը կարճ պատասխանեց․ հանձնվել առանց նախապայմանների և անմիջապես կամ զգալ ռուսական զենքի ուժը։ Եվ հրամայեց սաստկացնել կրակը։ Մինչև գրոհը քիչ էր մնում․ պարիսպները զգալիորեն ճեղքված էին։ Գիշերվա ընթացքում ռուսական զորքը նախապես պատրասված պաշտպանական միջոցներով հասավ մինչև խրամատ և եզրին տեղադրեց հողասակառները։ Երկու կողմից հուժկու կրակը չդադարեց ամբողջ գիշեր։ Պարսիկները արճիճ ու փամփուշտ էին թափում աշխատողների վրա, սակայն ռուսների մարտկոցների համազարկերն և երկրորդ զուգահեռի հրացանային կրակը գերազանցեց։ Եվ առավոտյան պատերին սպիտակ դրոշներ հայտնվեցին։
Գվարդիական գնդի վեց վաշտ ճեղքեց պաշտպանությունը և գրավեց հարավարևելյան աշտարակը։ Երկու թեթև հրանոթով բանվորները շտապեցին հյուսիսային դարպասների մոտ, որպեսզի ոչ ոք չփախչի։ Դարպասների մոտ հրաձգություն սկսվեց․ աուդիտոր Բելովը, ով գիտեր լեզուն, փորձեց բանակցություններ վարել և սպանվեց ֆալկոնետից արձակած կրակոցից։ Այդ օրվա վերջին զոհը։ Դարպասները պոկեցին․ սարբազների երկու գումարտակ վայր դրեց զենքերը։
Երկու ժամից քաղաքում լռություն տիրեց։ Զորքն անբիծ պահեց իր պատիվը և բռնության չդիմեց։ Հաղթողները դարձան իրենց պաշտպանության տակ հայտնված մարդկանց համեստ և մարդասեր հովանավորները։
Բերդի գրավումը մի քանի օր տոնեցին։ Ռազմական շքերթն անցավ ողջ բնակչության ներկայությամբ՝ տասնմեկ հազար մարդուց մի քիչ շատ։ Շքերթին մասնակցեցին ռուսական բոլոր գնդերն ու հայ կամավորական ջոկատները։ Էրիվանի վրա հարյուր մեկ համազարկ թնդաց։ Ժողովուրդը չէր լռում․ ցնծում էր։
Նոր 1828-րդ տարում Էրիվանի և մերձակա գյուղերի հայերը առաջին անգամ բացեիբաց տոնել են Սուրբ Ծնունդը։ Սրբապատկերներով և խաչվառներով խաչերթ կազմակերպվեց այն փողոցներում, որտեղ դեռ ոչ վաղուց պարսիկներն էին իշխում։ Մարդիկ աղոթում էին և օրհնում այլադավաններից իրենց ազատած զենքը։
1828 թվականի փետրվարին Թավրիզի մոտակայքում գտնվող Թուրքմենչայ գյուղում խաղաղության պայմանագիր ստորագրվեց։ Պարսկաստանը ընդմիշտ հրաժարվեց Էրիվանի և Նախիջևանի խանություններից։ Գեներալ Էրիստովի Առաջատար ռուսական ջոկատը հատեց Արաքսն ու գրավեց Թավրիզը։ Պասկևիչը հիմնական ուժերով հասավ։ Սկսվեց Թուրքիայի հետ պատերազմը, բանակցությունները ձգձգվեցին, սակայն ռուսները գրավեցին Ուրմիան և Արդեբիլը, և շահը հասկացավ՝ պետք է համաձայնվել։
Պարսկական ժամանակաշրջանի Էրիվանը տիպիկ ասիական քաղաք էր՝ ոլորապտույտ փողոցներով, կավաշեն պատերով, շուկայի աղմուկով։ Հատակագծի հարցը բարձրացավ միայն XIX դարի հիսունական թվականներին։ Քաղաքի առաջին հատակագիծը հաստատվեց 1856-ին։
…Այսօր Էրիվանի բերդից գրեթե ոչինչ չի մնացել։ Աշտարակը, որից իրականցվում էր գրոհը, չի պահպանվել․ այդտեղ հիմա բնակելի շենք է։ Սակայն հարյուր մետր հեռավորության վրա, Բրյուսովի փողոցում, կարելի է բերդի պարիսպների հատված տեսնել։ Այդ քարերը դեռ հիշում են 1827 թվականի հոկտեմբերի 1-ի առավոտը։
2018 թվականին Հայաստանը տոնում էր Երևանի 2800-ամյակը և Էրիվանի բերդի գրավման՝ մայրաքաղաքի պատմության նոր էջի մեկնարկի 190 տարին։ Թեև, անկեղծ ասած, դրա մասին ավելի քիչ էին հիշատակում։ Սակայն քարերը ամեն ինչ հիշում են։
P.S. Վերջերս Բաքվից հերթական «հեքիաթը» հնչեց՝ իբր 1918 թվականին լրացավ Երևանի «վարձակալության» ժամկետը, որը Ադերբեջանը Հայաստանին 99 տարով էր տվել։ Այդ հորինված պատմությունը «անհրաժեշտություն» են անվանում և այդ անհեթեթությունը մեկնաբանելու իմատ չկա։ Բերդը գրոհով են վերցրել։ Բանալիները պահվում են արխիվներում։ Եվ պատերը հիշում են, թե ով էր իջնում սպիտակ դրոշակներով և ով հրացաններով բարձրանում։
