Ֆիոլետովո ռուսական (մոլոկանական) գյուղ

Առաջին մոլոկաններն այստեղ են եկել 1830–1840-ական թվականներին

Ընդհանուր տեղեկություններ

Բնակավայրի տեսակ․ ռուսական մոլոկանական գյուղ
Կոորդինատներ․ 40.725821 N, 44.714665 E
Պատմական անվանում․ Նիկիտոնո
Ժամանակակից անվանում․ գ․ Ֆիոլետովո, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն
Հիմնադրումը․ 1842 թ. (Ռուսական կայսրությունից մոլոկան վերաբնակիչների կողմից)
Էթնոկրոնադավանական բնութագիր․ հոգևոր քրիստոնյաներ-մոլոկաններ
Պատմական ենթատեքստ․ 1830–1840-ական թթ․ Տոմբովի և Սարատովի նահանգներից մոլոկանների վերաբնակեցումը Անդրկովկասում
«Նիկիտինո» անվան ծագումնաբանություն․ զինվորական պաշտոնյա Նիկիտինի պատվին, ով որոշել էր բնակեցման վայրը
Անավանփոխություն․ 1930-ական թթ․ վերջին անվանափոխվել է Ֆիոլետովոյի (Բաքվի կոմիսարներից մեկի պատվին)
Տեղանքի բարձրությունը․ ծովի մակարդակից մոտ 1700–2200 մ բարձրության վրա
Կառուցապատման պատմական տեսակը․ գետնափոր և փայտաշեն տներ, ավելի ուշ՝ փայտե բաղադրիչներով քարե տներ
Բնակչությունը․ մոտ 350 տուն, 1300 բնակիչ
Մշակութային առանձնահատկություններ․ մոլոկանական կրոնական և կենցաղային ավանդույթների պահպանում, տների սպիտակ-երկնագույն բնորոշ երանգ 
Հետաքրքիր վայրեր․ մոլոկանական կենցաղի թանգարան, XIX դարի ավանդական փայտե տներ, ազգային խոհանոցի սրճարան
Ժամանակակից նշանակություն․ Հայաստանի ամբողջությամբ պահպանված մոլոկանական հազվագյուտ բնակավայրերից մեկը

*

Բարձր լեռներում, ծովի մակարդակից գրեթե երկու հազար մետր բարձրության վրա, Լոռու լեռնաշղթայի անտառածածկ լանջերին տեղակայված է Ֆիոլետովո գյուղը։ Կապույտ փեղկերով սպիտակեցված տներ, առմուտքի մոտ կեչիներ, տամբովյան բարբառ․ այստեղ Հայաստանի համար ամեն ինչ արտասովոր է, սակայն արմատներ է ձգել և հարազատ դարձել։ Եվ պատմությունն այդ տևում է գրեթե երկու հարյուրամյակ։ 

Առաջին մոլոկանները այս վայրեր են եկել 1830–1840-ական թվականներին։ Նրանց այստեղ են արտաքսել Տամբովի, Սարատովի նահանգներից, որովհետև չէին ցանկանում ուղղափառ ծիսակարգին վայել խաչակնքվել, չէին ընդունում քահանաներին և սրբապատկերները, իսկ Սուրբ գիրքը ինքնուրույն էին ընթերցում։ Իշխանությունները որոշեցին՝ թող Կովկաս գնան, այնտեղ հողերը ամայի են, իսկ սահմանը պետք է բնակեցնել։  

1840 թվականին Տամբով նահանգի Մորշանսկի գավառի Ալգասովո գյուղից հիսունյոթ ընտանիք է ուղարկվել Անդրկովկաս՝  հարյուր իննսունհինգ տղամարդ և հարյուր իննսունչորս կին։ Երկար էին գալիս՝ սայլերով, փոքր երեխաներով, կովերով, ձեռագործ կահ կարասիով։ Իսկ երբ տեղ հասան, զինվորական պաշտոնյա Նիկիտինը ցույց տվեց բնակության նոր վայրը․ այստեղ, անտառում, լեռան ստորոտում։ Նրա պատվին էլ գյուղը սկզբից Նիկիտինո անվանեցին։ 

Վայրը խուլ էր։ Անանցանելի անտառներ, կենդանիներ, քարեր։ Առաջին կացարանները ձեռքով սարքած գետնափոր տներ էին։ Այդ գետնափորերի հետքերը նկատելի են մինչ օրս․ գյուղի հետևի մասում գտնվող տատասկով ու մամուխով ծածկված բլուրները։ Հետո արդեն փայտաշեն տներ հայտնվեցին՝ ինչպես հայրենիքում։ Սակայն խոնավությունից ու ջերմաստիճանի տատանումներից  փայտն այստեղ շուտ էր փտում, և հետզհետե անցան քարի։ Միայն պատշգամբները, շրջակալները և փեղկերը մնացին փայտե՝ երկնագույն ներկված՝ երկնքի ու մաքրության գույնով, որը մոլոկանները շատ են սիրում։ 

1930-ական թվականների վերջին գյուղը անվանափոխեցին Ֆիոլետովոյի՝ ի պատիվ Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Իվան Ֆիոլետովի։ Սակայն հնաբնակները մինչև հիմա գյուղն երբեմն հին անունով են կոչում՝ «Նիկիտինո»։

Այսօր Ֆիոլետովոյում մոտ հազար երեք հարյուր բնակիչ կա՝ մոտ երեք հարյուր հիսուն տուն։ Մոլոկաններն այստեղ և հավատքն են պահպանել, և կենցաղը։ Կանայք գլխաշոր են կրում, տղամարդիկ՝ մորուք։ Տները ներկում են երկնագույն և սպիտակ, որպեսզի հեռվից երևա, որ այստեղ ռուսներ են ապրում։

Ամեն տան մոտ կեչի է կանգնած։ Ոմանք մեկն են տնկել, ոմանք էլ մի ամբողջ ծառուղի։ Կեչին մոլոկանների համար հեռվում թողած հայրենիքի հիշողությունն է։ Ասում էին, որ հայկական հողում այն չի աճում՝ շատ է բարձրադիր, ցուրտ, քար ու կավ է։ Սակայն ոչ՝ արմատներ ձգեց։ Գյուղի ետևում  մոլոկանների ձեռքով տնկած կեչիների մի ամբողջ պուրակ է՝ որպես բոլոր կասկածների ժխտում։

Փայտե հին տներից մեկում, որոնց տարիքը ավելի քան մեկ ու կես դար է, մոլոկանների կենցաղի թանգարան են բացել։ Այնտեղ և իլիկ կա, և ձեռագործ կարպետներ, և հին լուսանկարներ։ Կողքին ավանդական խոհանոցով սրճարան է՝ «Չայբուշկան»։ Այստեղ կարելի է կաղամբապուր, շտի, կաթնային ապուրներ և հալած կարագով մոլոկանների հանրահայտ նրբաբլիթները համտեսել։ 

1928 թվականին այս վայրեր էր եկել Մաքսիմ Գորկին։ Նա իր ճանապարհային նոթերում այսպիսի գրառում էր թողել․ «Լճի ափին ռուսական մեծ գյուղ կա, այնտեղ խոշոր, մարմնեղ կանայք, մեծ ու մորուսավոր տղամարդիկ, լավ կերած խարտյաշ երեխաներ են ապրում։ Շատ առողջ ժողովուրդ է, սակայն մեծամասնության աչքերը զարմանալիորեն թափանցիկ են և քնկոտ։ Այդպիսի աչքեր ես նկատում էի Շվեյցարիայի սարերի հովիվների մոտ, և ինձ թվաց, որ դա ժամանակից և իրականությունից դուրս ապրող մարդկանց աչքեր են։

«Ժամանակից դուրս» աչքերը երևի թե այն պատճառով են, որ մոլոկանները միշտ իրենց մեկուսացված աշխարհով էին ապրում՝ իրենց հավատքով, իրենց երգերով, իրենց նիստ ու կացով։ Հարևանների հետ չէին խառնվում, բայց չէին էլ թշնամանում։ Խաղաղ էին ապրում, իրարից բռնված, և ժամանակը նրանց համար ասես իսկապես այլ կերպ էր հոսում։

Այսօր համայնքի ղեկավարը շարունակում է մնալ Ալեքսեյ Ալեքսեյի Չիչևը։ Գյուղը միջնակարգ դպրոց ունի, սեփական ավանդույթներն  ու սեփական խոսվածքը։ Երիտասարդությունն, ինչպես և ամենուր,  դեպի քաղաքն է ձգտում, բայց նրանք, ովքեր նախընտրում են մնալ, բծախնդրորեն պահպանում են հնությունը։

 Գյուղը կանգնած է ծովի մակարդակից 1700–2200 մետր բարձրության վրա։ Շրջակա անտառները նոսրացել են, սակայն դեռ տարածում են սոճիների խշշոցն ու սունկի բույրը։ Արևի տակ սպիտակին են տալիս կեչիները։ Եվ թվում է՝ ժամանակի ընթացքն այստեղ իսկապես այլ է՝ դանդաղ, հանդարտ, թափանցիկ, ինչպես այն «թափանցիկ ու քնկոտ աչքերը», որոնց մեջ նայում էր յուր ժամանակին Գորկին։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով