Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ. զինվորական գերեզման
Կոորդինատներ. 40.9596367 N, 44.4171448 E
Տեղակայման վայրը. գյուղ Պուշկինո, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն
Սկզբնական տեղակայում. վանքին կից եկեղեցական գերեզմանատան տարածք (խոնարհվել է Մեծ հայրենական պատերազմի ժամանակ)
Ժամանակակից կարգավիճակ. տապանաքարը մասամբ միացված է պարսպին, մասամբ էլ հողի տակ է
Պահպանված գրություն. մասնակի՝ «Այստեղ հանգչում է շտաբս-կապիտան Սպիր… … Վլադիմիրովիչի աճյունը։ Ծ.18… Մահացել է…»
Առնչվող գերեզմաններ. կողքին այլ զինվորական գերեզմաններ կային, այդ թվում՝ 9-րդ մարտկոցի հրամանատար Կ.Ա. Վատերկամպֆի (տապանաքարը գերեզմանոց է տեղափոխվել)
Ուսումնասիրության ընթացիկ կարգավիճակ. արխիվային տեղեկությունների որոնում
Անհրաժեշտ գործողություններ. տապանաքարի դուրսբերում, հետազոտություն, վերականգնում և հուղարկավորված սպայի անձի ճշտում


*
Դեպի Վրաստանի սահման տանող մայրուղուց միջգյուղական ճանապարհ է թեքվում։ Ոլորապտույտ ձգվելով սարակլանջերով՝ այն մեկ թաքնվում խիտ անտառների ստվերում, մեկ էլ հայտնվում արևոտ մարգագետիններում, որտեղից երևում է արևելքում կապույտին տվող հեռավոր լեռնաշղթան։ Մոտ երեք կիլոմետրից ճանապարհը հասնում է Պուշկինո՝ բլրակի վրա տարածված մի գյուղ, որի տան կտուրները թաքնվել են հին բարդիների ստվերում, իսկ կենտրոնում, ինչպես և կարգն է, կանգնած է դպրոցը։
Իսկ դպրոցի ետնամասում, մոխրագույն քարով և բետոնով շարված պարսպի երկայնքով մի նշանակալի վայր կա։ Այստեղ պատի շարվածքը փոխվում է. կոպիտ քարերի արանքում սալաքար է հայտնվում՝ ակնհայտորեն հինավուրց, մարդու ձեռքով մշակված։ Եթե ուշադիր նայես, սալաքարի վրա կարող ես փորագրված բառերի հատվածներ տեսնել. «Այստեղ հանգչում է շտաբս-կապիտան Սպիր… … Վլադիմիրովիչի աճյունը։ Ծ.18… Մահացել է…»։
Եվ վերջ։ Քարն անհետանում է բնահողի և մոլախոտերի մեջ։ Ազգանունը կիսատ է մնում։ «Սպիր». գուցե Սպիրիդոնո՞վ։ Սպիրիդոնովի՞չ։ Վլադիմիրովիչ հայրանունը ավելի ընթեռնելի է, սակայն դարձյալ ոչ ամբողջությամբ։ Ծննդյան տարեթիվը սկսվում է 18-ով։ Հետևաբար՝ XIX դար։ Սպա, շտաբս-կապիտան, ծառայել է, պայքարել, գուցե այստեղ էլ մահացել՝ հիվանդությունից, վերքից, ծերությունից։
Մի ժամանակ այդ տապանաքարը եկեղեցական գերեզմանոցում էր գտնվում։ Պուշկինոյում ամուր եկեղեցի էր կանգնած՝ քարե, զանգակատնով. այն դեռ XIX դարի վերջում էին կառուցել այս վայրերում բնակեցված կազակների և զինվորների համար։ Վանքի կողքին էլ, ինչպես կարգն է, հուղարկավորում էին սպանվածներին, վերքերից մահացածներին, պարզապես կյանքի մայրամուտին հասած մարդկանց։ Շտաբս-կապիտանի գերեզմանը այստեղ վերջին հանգրվամը գտածների շարքում էր։
Մեծ Հայրենականի տարիներին եկեղեցին քանդեցին։ Փոխարենը դպրոց կառուցեցին՝ նոր կյանք, նոր ձայներ։ Տապանաքարերի մեծ մասն այդ ժամանակ գյուղական գերեզմանատուն տեղափոխեցին։ 9-րդ մարտկոցի հրամանատար Կ.Ա. Վատերկամպֆի գերեզմանաքարն օրինակ, տեղափոխվեց և նորից տեղադրվեց։ Իսկ այս մեկը թե չեն նկատել, թե որոշել են, որ կարելի է օգտագործել որպես հիմնաքար՝ թողել են։ Այդպես էլ որմնաշարել են դպրոցի պարսպի մեջ։
Տասնամյակներ են անցել։ Պարիսպը հնանում էր, վերանորոգվում, և քարն ավելի խորն էր հայտնվում հողի տակ։ Այժմ երևում է տապանաքարի միայն վերևի մեկ երրոդ մասը։ Տառերը խորն են փորագրված, բայց ժամանակը տաշել է անկյունները և դրանք հնարավոր է կարդալ միայն երեկոյան լույսի տակ, երբ ստվերներն ընդգծում են յուրաքանչյուր գիծ։
Ո՞վ էր այդ շտաբս-կապիտանը։ Որտեղի՞ց էր եկել։ Ո՞ր մարտերին էր մասնակցել։ Գուցե ծառայել էր այն անվանի Կաբարդինական գնդո՞ւմ, որ տեղակայված էր Ալեքսանդրապոլում։ Կամ ավելի ուշ այլ զորամասերի հետ էր եկե՞լ։ Գուցե նրանից հետո այրի է մնացել, երեխաներ, և նրանք, չկարողանալով ապրել օտարության մեջ, հեռացել են։ Իսկ գուցե ոչ ոք էլ չի եղել, դրա համար էլ քարը մնացել է այսպես՝ մոռացված, լքված…
Հայաստանի Ազգային արխիվում այժմ ցանկացած տեղեկություն են փնտրում։ Անձնակազմի ցուցակներ, անձնական գործեր, մահվան վկայականներ։ Գուցե և կգտնվի. Շտաբս-կապիտան այսինչը, մահացած այս ինչ թվին, հուղարկավորված այսինչ վայրում։ Եվ այդ ժամ անհայտ գերեզմանը անուն կունենա։
Իսկ մինչ այդ մնում է միայն պարսպին սերտաճած այս տապանը և անընթեռնելի գրությունը։ Կողքով դպրոցականներ են վազվզում և ոչինչ չեն նկատում։ Շքամուտքի մոտ, հայացքները հառած սարերին, ծխում են ուսուցիչները։ Եվ միայն հազվադեպ հայտնված հյուրը, ում կպատմեն անհայտ գերեզմանի մասին, կփորձի տարբերել տառերն ու պատկերացնել, թե ինչպիսին էր այդ մարդը՝ մեկ ու կես դար առաջ ապրող շտաբս-կապիտանը։
