Միքայել Հրեշտակապետիեկեղեցի (Պրիվոլնոյե)

Եկեղեցին կանգնեցվեց տեր Իոհան քահանա Մանսվետովի ջանքերով

Ընդհանուր տեղեկություններ

Անվանումը․ Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցի
Կոորդինատներ․ 41.1453056, 44.4456482
Տեղակայման վայրը․ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, գյուղ Պրիվոլնոյե
Գահի օծում․ Սուրբ Միքայել Հրեշտակապետ
Տեսակ․ գյուղական ծխական ուղղափառ եկեղեցի, ռուսական հոգևոր և մշակութային ժառանգություն
Կառուցման տարեթիվ․ 1875 թ.
Շինարարության նախաձեռնողներ․ Ավագ քահանա Իոհան Մանսվետով և Պրիվոլնոյե գյուղի հավատացյալներ
Պատմական պատկանելություն․ Պրիվոլնոյե գյուղի ռուս ուղղափառ համայնքի տաճար
Փակման ժամանակահատված․ խորհրդային տարիներ․ մոտավորապես 1920–1930-ական թթ․Կիրառումը խորհրդային ժամանակաշրջանում․ պահեստային տարածք
Եկեղեցական կյանքի վերադարձ․ 1990-ական թվականներից սկսած, ակտիվ ծիսական կյանքի վերականգնում՝ 2024–2025 թթ.
Ժամանակակից կարգավիճակ․ տաճարը պահպանվել է, վերանորոգման և հետագա վերականգման կարիք ունի
Ժամանակակից կողմնորոշիչ․ Պրիվոլնոյե գյուղի կենտրոն, Լոռու մարզ

*

Ասում են՝ այս գյուղի անունը տվել է անձամբ Ալեքսանդր Պուշկինը։ Համաձայն վարկածի՝ 1829 թվականին Էրզրում ճանապարհվելիս, բանաստեղծը գիշերակացի է կանգ առել Լոռվա լեռների մեջ մոլորված կազակական փոքրիկ գյուղում։ Ջուր էր խնդրել գյուղացիներից, հագեցրել ծարավն ու  նայել շուրջը տարածված անծայրածիր մարգագետիններին, անտառածածկ լանջերին ու պարզկա երկնքին։ «Է՜հ, որքա՜ն վայելուչ (պրիվոլնո) է այստեղ»,-  իբր ասել է Պուշկինը։ Այդ օրվանից էլ գյուղը կոչվում է Պրիվոլնոյե։

Լեգենդը լեգենդ, բայց վայրն իսկապես վայելուչ է. հողը՝ շռայլ, ջուրը՝ մաքուր, անտառները՝ կենդանիներով լի, իսկ սարերը պաշտպանում են ուժեղ քամիներից։ Այստեղ, դեպի այս բարձունքները, որոնք շատ մոտ են վրացական սահմանին, նախանցյալ դարի քսանական թվականներին ձգվեցին առաջին վերաբնակիչները։ Ռուսաստանը ամրապնդում էր իր դիրքերը նոր տարածքներում, որոնք ստացել էր Թուրքմենչայի  խաղաղության պայմանագրով, և անհրաժեշտ էր բնակեցնել, յուրացնել, պաշտպանել ամայի հողերը։ Պրիվոլնոյում էին բնակեցնում  պաշտոնաթող զինվորական ցածր աստիճանավորներին և կենտրոնական նահանգների՝ Վորոնեժի, Պոլտավայի, Չեռնիգովի  գյուղացիներին։ Նրանք երկար էին գալիս, երբեմն մինչև երկու տարի՝ իրենց հետ բերելով աղքատիկ կահ-կարասին, սրբապատկերները, աշխատասիրությունն ու պայծառ ապագայի հանդեպ հավատը։

Կազակներն ու գյուղացիները հիմնավոր էին տներ կառուցում, որոնք ունեին ընդարձակ բակեր, սպիտակեցված կավածեփ պատեր, կարմիր կղմինդրներ ու փորագրված շրիշակներ։ XIX դարի վերջին գյուղն ընդարձակվեց մինչև երկու հարյուր տուն՝ սեփական դպրոցով, արհեստանոցներով, խանութներով։ Հարուստ չէին ապրում, բայց համերաշխ։ Հյուսներ, տակառագործներ, դարբիններ, կոշկակարներ. բոլորն էլ աշխատանք ունեին։ Եվ այդ մարդկային մրջնաբույնի, հարթ տանիքների ու  ջրհորների, բանջարանոցների ու արոտավայրերի վրա, հենց գյուղի կենտրոնում, վեր էր խոյանում եկեղեցին։  

Այն կանգնեցրել էին 1875 թվականին քահանա Իոհան Մանսվետովի և տեղի ծխականների ջանքերով. ինչպես ասում են՝ ամբողջ աշխարհով։ Օգնում էին ով ինչով կարող էր՝ դրամով, քարով, սայլով։ Տաճարը տեղի տուֆից էին կառուցել՝ մոխրագույն, ջերմ երանգով, բլրակի վրա, որպեսզի գյուղի բոլոր անկյուններից երևա, օծեցին բանակի երկնային հովանավոր Միքայել Հրեշտակապետի անունով։ Մուտքի վերևում քարե ցուցանակ  տեղադրեցին, որին փորագրված է.   «Կառուցվել է ամենաբարեպաշտ ցար Ալեքսանդրի, Կովկասի փոխարքա, իշխան Միխայիլ Նիկոլաևիչի, արքեպիսկոպոս Եվսեբիոսի օրոք»։ Կողքին՝ երեք զանգ։ Ամենամեծն անվանական է, որի վրա ձուլված է «Միքայել Հրեշտակապետ։ Գյուղ Պրիվոլնոյե»։ Մյուս երկուսը ավելի փոքր են՝ գյուղական եկեղեցուն համապատասխան, որտեղ երբեք փառք չեն փնտրել, այլ միայն սրտաբուխ աղոթք։ 

    Հայր Իոհան Մանսվետովը մինչև մահ՝ 1914 թ., ծառայել է եկեղեցում։ Այստեղ էլ հանգչում է՝ խորանի պատի տակ։ Հետո էլ ծանր տարիներ սկսվեցին։ 

Խորհրդային տարիներին եկեղեցին փակվեց։ Գլխավոր զանգը ցած նետեցին զանգակատնից. ընկավ, ճաքեց, ու թեև պահպանվեց, բայց ձայնը դրանից հետո զրնգուն չէ, խուլ է։ Շենքը դարձրին պահեստ. ցորեն, պարկեր, մկներ… իսկ սրբապատկերները, սպասքը, զգեստները անհետացան կամ բաժանվեցին։ Միայն աղոթքի հոգով ներծծված պատերը համբերատար սպասեցին։   

Պատերազմից հետո Պրիվոլնոյեն դեռ ապրում էր։ Իլիչի անվան կոլտնտեսություն կար, դպրոց, մսուր, ամբուլատոր կլինիկա, պանրի գործարան, սղոցարան։ Տներում էլ լույս ու ջուր կար։ Իսկ 90-ականներին, երբ ամեն ինչ փլուզվեց, շատերը տեղափոխվեցին Ռուսաստան, ոմանք էլ՝ նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Հազիվ մոտ տասը ռուսական ընտանիք էր մնացել, մնացածը խառն ընտանիքներ էին, ռուսական ավանդույթները փոխառած հայեր և պարզապես հարևաններ, որ հիշում են՝ այստեղ միշտ եկեղեցի է եղել։

 Այդ նույն ժամանակաշրջանում էլ՝ 90-ականներին, փորձեցին վերականգնել եկեղեցին։ Կարգի բերեցին տանիքը, լուսամուտներ տեղադրեցին, ու նույնիսկ սկսեցին վերականգնել որմնանկարները, սակայն գումարը հերիքեց միայն սկզբի համար։ Պատերն այդպես էլ մնացին՝ որոշ հատվածներում սպիտակ, որոշներում էլ՝ ապագա սրբապատկերների հատվածներով, որոնք ասես քարացել են սպասման մեջ։ Պատարագները, երբ հաջողվում էր, գավթում էին մատուցում, որովհետև խորանի մոտ դեռ վտանգավոր էր գտնվել։ Մեծ տոներին կանայք էին հավաքվում, ձայնագրություն կամ հեռարձակում միացնում, մոմ վառում, աղոթում՝ ամբողջ հոգով, ընտանեկան ջերմությամբ։

Ռուզաննա Թոմեյանի ջանքերով եկեղեցուն կից ռուսերեն լեզվով թատերական խմբակ է բացվել՝ երեխաների, թոռների համար, որպեսզի սերունդները կապող թելը չկտրվի։

2024 թվականի նոյեմբերի 21-ին, սրբատոնին,  Միքայել Հրեշտակապետի  եկեղեցում երկար տարիների դադարից հետո առաջին անգամ Սուրբ Պատարագ էր մատուցվել։ Թեմից քահանա էր եկել, հավաքվել էին բնակիչները՝ ով ցանկություն ուներ և կարողացել էր. ուսուցիչներ, աշակերտներ, ծերեր։ Խաչակնքվում էին, խոնարհվում, արտասվում։

Իսկ 2025-ին լրացավ եկեղեցու 150 տարին։ Զատկի էին պատրաստվում, հավաքում, մաքրում, կարգի բերում։ Եվ այդքան տարի անտերության մատնված խորանը վերջապես բացվեց։ Մարդիկ ինքնուրույն, սեփական ձեռքերով, առանց գումարի և կապալառուների, անում էին այն, ինչ կարող են. մաքրում էին պատերը, սրբապատկերներ հավաքում, մոմ վառում։

…Այժմ եկեղեցում լռություն է։ Քարե հատակ, կրաքարե պատեր,  գմբեթի տակ Քրիստոսի պատկերն է՝ բացված գրքով, որի վրա միայն մեկ բառ է. «Զղջացե՛ք»։ Զանգակատանն առաջվա պես երեք զանգ է։ Ամենամեծը՝ ճաքով, այդ նույն գրությամբ։ Դրա ղողանջը նախկինի պես պարզ չէ, բայց եթե հարվածես, անցյալից հնչող խուլ, բայց զիլ ձայնով կշշնջա. Մենք այստեղ ենք, մենք չենք գնացել, մենք դեռ սպասում ենք։ 

Դրսից, մուտքի մոտ, համեստ ցուցանակ է փակցված. կառուցվել է 1875-ին, փակվել՝ 1920-30-ական թվականներին, վերադարձվել՝ 1990-ականներին, այսօրվա կարգավիճակը՝ վերանորոգում է պահանջում։ Սակայն տաճարն ոչինչ էլ չի պահանջում, այն պարզապես կանգնած է՝ սարերի, անտառների, գնացող և եկող մարդկանց մեջ։ Եվ քանի դեռ բացվում է դուռը, վառվում են մոմերը և հնչում է գեթ մեկ զանգի ղողանջ, այն ռուսական տաճար է մնում։ Եվ կենդանի է այն կառուցողների, այնտեղ աղոթողների, հարազատներին հուղարկավորողների և երեխաներին մկրտողների հիշատակը։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով