Մեղրի քաղաքի ամրոցի ավերակները

Տեղացիներն ասում են՝ ամրոց է։ Սակայն պատեր այստեղ չկան և չեն էլ եղել

Ընդհանուր տեղեկություններ

Տեսակ. միջնադարյան ամրաշինական կառույց, ճարտարապետական հուշարձան
Կոորդինատներ. 38.905962 N, 46.247459 E
Տեղակայման վայրը. Հայաստանի Հանրապետություն, ք. Մեղրի
Կառուցման ժամանակաշրջան. XI դարից ոչ ուշ (առաջին հիշատակումը՝ 1083 թ.)
Հիմնական վերակառուցում. XVIII դար

Ամրաշինական առանձնահատկություններ.
— տեղակայված է Մեղրու լեռնաշղթայի գագաթին
— բնական ամրություններ (լեռնալանջերը պատերի գործառույթ են իրականացնում)
— գրանիտե աշտարակները գտնվում են լեռնաշղթայի գագաթներին

Պատմական նշանակություն.
— ռազմավարական պաշտպանական կետ Հայաստանի հարավում
— Արաքս գետահովտի տարածքում տեղաշարժի վերահսկողություն

Ռազմական  իրադարձություններ.
— ռազմական գործողություններ 1804–1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում
— 1810 թ. — պարսկական զորքերի կողմից Մեղրու գրավում
— 1810 թ. հունիսի 17— գնդապետ Պ.Ս. Կոտլյարևսկու հրամանատարությամբ ռուսական ջոկատի կողմից Մեղրու ազատագրում

Ժամանակակից կարգավիճակ. պատմական ամրոցի ավերակներ, տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության օբյեկտ

*

Ով չի եղել այս լեռներում, չի հասկանա, թե ինչպես է օդն այստեղ սեղմում թոքերը, իսկ ժայռերը կարմիր ներկվում մայրամուտին, ասես այդպես էլ չեն մաքրվել թափված արյան հին հետքերից։ Այդ բարձունքներից մեկի վրա, Մեղրիից վերև, ավերակներ են երևում։ Տեղացիներն ասում են՝ ամրոց է։ Սակայն պատեր այստեղ չկան և չեն էլ եղել։ Ինչի՞ համար, երբ լեռն ինքն է պատ։ Երեք կողմից անդունդ է, չորրորդ կողմից՝ զառիթափ, որով ջորին անգամ չի անցնի։ Իսկ հենց գագաթին, ատամների պես ցցված են անտաշ գրանիտե աշտարակները։ VIII դարում, իսկ գուցե ավելի վաղ, այստեղ արդեն զինվորներ էին նստած։ Եվ ամուր էին նստած։  

XVIII դարում ամրոցը վերակառուցեցին։ Սակայն դարերով չվերափոխվեց էությունը, լեռնցիների յուրօրինակ վարքագիրքը. երբեք չթաքնվել պատերի ետևում, այլ անձամբ պատ լինել։ Ահա այն, հայկական յուրահատուկ ամրաշինությունը, երբ բնությունն ավելին է կառուցում քեզ համար, քան ցանկացած շինարար։ Եվ ամրությունն այդ անառիկ էր մինչև 1810 թվականի հունիսը, երբ այստեղ պատերազմ եկավ։ Այն էլ ոչ թե հարթավայրից, այլ լեռներից, որտեղ, թվում էր, արծիվներն են միայն բույն հյուսում։

Այդ ժամանակ Ռուս-պարսկական պատերազմն արդեն վեցերորդ տարին էր թնդում։ Շահ Աբբաս Միրզան՝ երիտասարդ, տաքարյուն, երազում էր ռուսներին Արաքսից այն կողմ շպրտել։ Մայիսի սկզբներին նա զորք կուտակեց Նախիջևանի մատույցներում, անցավ գետը և մայիսի 15-ին առանց մարտի գրավեց Մեղրին։ Երկու ուղղաբերձ ժայռերի ստորոտում գտնվող ավանը նրա հիմնական խաղաքարտն էր։ Այստեղ երկու ճանապարհ էր տանում. մեկը Արաքսի երկայնքով շրջանցում էր լեռները, մյուսը անցնում էր Մեղրի գետով։ Երկուսն էլ պարսիկները փակել էին ծառապատվարներով, մարտկոցներ տեղադրել, մեկ ու կես հազար զինվոր կանգնեցրել մատույցներում, ևս հինգ հարյուրն էլ՝ ավանում։ Դարանակալած սպասում էին։  

Ղարաբաղի հրամանատարը ռուս գեներալ-մայոր Նեբոլսինն էր։ Փորձառու, բայց շատ զգուշավոր մի մարդ։ Նրա հետ ուս ուսի գնդապետ Պյոտր Ստեփանի Կոտլյարևսկին էր, ում մասին այդ ժամանակ արդեն շշուկներ էին տարածվում։ Ավելի ուշ նրան «երկրորդ Սուվորով» կանվանեն, իսկ մինչ այդ նա պարզապես անում էր իր գործը. այնպես էր կռվում, որ թշնամին թաքնվում էր թփուտներում։ 

    «Առաջ գնացողին,- ասում էր նա զինվորներին,- մեկ գնդակ է բաժին հասնում՝ կամ կրծքին, կամ գլխին, հետ վազողին՝ տասը մեջքին»։ Եվ հավելում. «Պետք է կայծակնային գործել, անհավանական քայլերով՝ առանց ուսապարկերի և շինելների»։ Զինվորները նրան սիրում էին։ Աչքից հեռու մեծարում, իսկ ներկայությամբ՝ աչքերն էլ չէին բարձրացնում։ Հենց այդպիսիններին էին վստահել Մեղրին ազատագրել։  

    Նեբոլսինը Կոտլյարևսկուն չորս հարյուր եգերների հետ ուղարկեց քշել պարսիկներին ավանից, որն ասես անձամբ դևերն էին ամրացրել։

Կոտլյարևսկին նայեց ճանապարհին, քորեց անթրաշ այտն ու ասաց. «Չենք գնա»։ Գնդապետը հասկանում էր. եթե հարթավայրով գնան, թռչնի պես գնդակի զոհ կդառնան։ Եվ այդ ժամ ռուսական ջոկատն արեց այն, ինչը պարսիկները խենթություն կհամարեին։ Թողնելով թնդանոթները (լեռներում դրանք ավելորդ բեռ են)՝ հունիսի 12-ին եգերները սկսեցին լեռը մագլցել։ Ղարաբաղի լեռնաշղթայով։ Այնպիսի արահետներով, որտեղ այծն անգամ չէր անցնի։ Երեք օր շարունակ բարձրանում էին՝ բռնվելով քարերից և միմյանց օգնելով։ Ոչ կրակ էին վառում, ոչ էլ ձայն հանում. լռություն էր։ Պարսիկները չէին էլ սպասում. ո՞վ կարող է հյուսիսից գալ, որտեղ միայն երկնակարկառ ժայռեր են։

Հունիսի 17-ի առավոտյան ռուսներն արդեն տեղում էին։ Կոտլյարևսկին ջոկատը երեք զորասյունի բաժանեց։ Մայոր Դյաչկովին՝ հարյուր հիսուն եգերներով դեպի ձախ կատարը ուղարկեց, ինքը, ևս հարյուր հիսունի հետ, դեպի աջ գնաց։ Հարյուր հոգի էլ ավանի դիմաց թողեց, հենց կենտրոնում։ Եվ… հարվածեցին։

    Պարսիկները ցնցվեցին։ Նրանք ներքևից էին հարձակման սպասում, իսկ ռուսները վերևից, միանգամից երեք կողմից թափվեցին։ Առաջատար բարձրունքներն արագ գրավեցին, գրեթե անկորուստ։ Իսկ հետո ավելի դժվար էր՝ հիմնական ամրաշինություններն էին սկսվում, իսկ ցերեկով դրանց վրա մագլցելն ինքնասպանություն էր։ Կոտլյարևսկին հրամայեց դարանակալել և սպասել գիշերվան։

Մթնեց։ Լեռներում մթությունը թանձր է, ոչինչ չի երևում։ Գնդապետը հարյուր եգեր վերցրեց, անձայն իջավ ստորոտ և միացավ ավանի դիմաց կանգնածներին։ Այնուհետև աջից կեղծ հարձակման ուղարկեց պորուչիկ Ռոգովցևին՝ հիսուն զինվորով, որպեսզի պարսիկները կարծեն, թե գլխավոր հարվածն այնտեղից է. թող կրակեն մթության մեջ։

    Իսկ մայոր Դյաչկովին հրամայեց Ռոգովցևի աղմուկը լսելուն պես ձախից գրավել թշնամական հինգ մարտկոցը։ Հապաղել չէր կարելի։ Պաշարվածներին արդեն պարսկական երկու ջոկատ էր օգնության գալիս։ Մեղրին պետք էր մինչև լուսաբաց գրավել։

Արևի առաջին շողերի հետ ռուսները հարձակման անցան։ Ժամը տասի կողմերը, շուռ տալով պատնեշները, մտան գյուղ։ Դյաչկովը վերցրել էր հինգ մարտկոցից երեքը։ Կոտլյարևսկին օգնության հասավ, միասին մնացած երկուսն էլ վերցրեցին։ Ավանն ու ձախ կատարը մերն էին։

 Մնում էր աջը։ Այնտեղ, վեց մետրից բարձր ուղղաբերձ ժայռի վրա, բլրաշարքի հենց կենտրոնում, կանգնած էր վերջին մարտկոցը։ Թնդանոթներով երկու հարյուր պարսիկ։ Ժայռը ապակու պես հարթ էր, բարձրանալու ոչ մի հնար չկար, իսկ նեղ արահետը՝ կրակի տակ էր։ Կոտլյարևսկին նայեց ժայռին, իր հոգնած, քրտնած եգերներին և ասաց. «Չենք գնա»։ Կրկին։  

  Ամբողջ գիշեր և հաջորդ օրը ռուսները շրջափակման մեջ էին պահում մարտկոցը։ Ոչ ջուր էր հասնում, ոչ օգնություն։ Վերևը նստած պարսիկները նայում էին ներքև և հասկանում՝ դա վերջն է։ Երկրորդ գիշերը նրանք փախուստի դիմեցին։ Լեռնալանջից ցած էին նետվում, ջարդում ոտքերը, մահանում, միայն թե չգերևարվեն։ Մեղրին ընկավ։

 Լեռնալանջերին պարսիկների երեք հարյուր դիակ մնաց։ Ռուսական կողմից վեց հոգի էր զոհվել, քսանինը՝ վիրավորվել։ Կոտլյարևսկին նույնպես վիրավորվել էր ոտքից, բայց, ասում են, ձայն չէր հանել, միայն վիրակապ էր դրել և շարունակել վարել մարտը։ 

Աբբաս Միրզան, իմանալով կատարվածի մասին, այնպես էր կատաղել, որ հրամայել էր գլխատել Մեղրին պաշտպանող զինվորներին, որպեսզի մնացածներին էլ դաս դառնա և չհամարձակվեն հանձնել ամրոցները, որոնք ինքն Ալլահն էր հրամայել պահել։

Կոտլյարևսկին այդ մարտի համար արժանացավ 4-րդ աստիճանի Գեորգևյան խաչի և ոսկե սրի՝ «Արիության համար» մակագրությամբ։ Մնացած սպաներին ու զինվորներին էլ չէին նեղացրել՝ ով խաչ, ով շքանշան, որոշներն էլ գումար ստացան։ Բայց ամենակարևորը՝ պարսիկները զրկվեցին այն հենակետից, որտեղից կարող էին հարվածել Ղարաբաղին և կորցրեցին Թավրիզ — Նախիջևան ճանապարհի վրա հսկողությունը։

 Այժմ այդ լեռներում անդորր է։ Քամին սուլում է քարերում, արևը ջերմացնում գրանիտը, աշտարակների արանքում սողում են մողեսները։ Իսկ այնտեղ, ամենավերևում, բացվող տեսարանից դժվարանում է շնչառությունը. ներքևում հովիտն է, Արաքսն է շողշողում արևի տակ, լեռները ձգվում դեպի հեռուն՝ դեպի Պարսկաստան։

Եվ թվում է, թե ահա ժայռի հետևից կհայտնվի եգերի արևահարված, անթրաշ դեմքը, նա կուղղի հրացանը և կասի.«Ի՞նչ եք կանգնել։ Շարունակե՛ք ճանապարհը։ Մենք դեռ պետք է Թավրիզը գրավենք»։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով