Ընդհանուր տեղեկություններ
Կոորդինատներ․ 40.791005 N, 44.530584 E
Կոորդինատները․ անհայտ են
Անուն․ Պյոտոր Դանիլի Նեսվետաև
Տարեթիվ․ 1756 թ․ – 17 հունիսի 1808 թ.
Զինվորական կոչում․ Ռուսական կայսերական բանակի գեներալ-մայոր
Մականունը․ «Լեռնային գեներալ»
Ծագումը․ Յարոսլավլի նահանգի ազնվականություն
Զինվորական ծառայություն․ Լեյբ-գվարդիայի Իզմայլովյան գունդ, Կովկասյան կորպուս, Սարատովի հրացանակիրների գունդ
Մասնակցություն պատերազմներին․ 1788–1790 թթ․ ռուս-շվեդական պատերազմ, 1792 թ․ ռուս-լեհական պատերազմ, 1804–1813 թթ․ ռուս-պարսկական պատերազմ, 1806–1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմ
Կովկասում հիմնական ռազմական գործողությունները․ Վրաստանի ռազմական ճանապարհի ապստամբությունների ճնշում, Շուրագյալի շրջանի ռազմական գործողություններ, Կարսի պաշարում (1807 թ.), մարտեր Գյումրու և Արփաչայի մոտ
Պարգևներ․ Սուրբ Վլադիմիրի III աստիճանի շքանշան (1804 թ.), Սուրբ Գեորգիի IV աստիճանի շքանշան (1805 թ.), Սուրբ Գեորգիի III աստիճանի շքանշան (1807 թ.)
Մահվան տարեթիվ․ 17 հունիսի 1808 թ.
Մահվան վայրը․ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանձոր)
Առաջնային հուղարկավորություն․ Ղարաքիլիսայի եկեղեցու բակի հայկական գերեզմանոց (Վանաձոր)
Գերեզմանի կարգավիճակ․ տապանաքարը կորսված է
Վերահուղարկավորման վարկածներ․ Կարս (1910 թ.); Սիոնի տաճար, Թիֆլիս (1912 թ.)
*
Ղարաքիլիսայի հին հայկական գերեզմանոցում, այդպես էր կոչվում Վանաձորը մինչև 1935 թիվը, գերեզմանները իրար շատ մոտ են դասավորված՝ քարը քարին։ Ժամանակն այստեղ կոչումներով չի տարբերակում․ հարյուր, թե երկու հարյուր տարեկան՝ բոլորն են հավասար։ Խաչերը թեքվել են, անունները ջնջվել, քարերը պատվել մամուռով։
Հարավային մասում, պարսպի տակ, մոշի թփերի մեջ յուր ժամանակին հուշաքար կար։ Հասարակ, մոխրագույն քարից, առանց պճնանքների։ Դեռ անցյալ դարի սկզբներին փորագրությունն ընթեռնելի էր, իսկ այնուհետև անհետացավ՝ քամիները մաշեցին, թե մարդիկ ՝ դժվար է ասել։ Նա, ով ննջում էր այդ քարի տակ, խնդրել էր, որ իրեն Ղարաքիլիսայում հուղարկավորեն։ Կարող էր, իհարկե, իր հանգիստը գտնել Թիֆլիսի Սիոնում կամ Կարսում, որտեղ ավելի ուշ տեղադրվել է նրա կենոտաֆը։ Սակայն նա ընտրեց այս հողը։
Գեներալ-մայոր Պյոտոր Դանիլի Նեսվետաևը, ով լեռնային արշավանքների համար ստացել էր «Լեռնային գեներալ» մականունը, այստեղ է մահացել, 1808 թվականի հունիսի 17-ին, դեղին տենդից՝ կյանքի հիսուներկուերորդ տարում։
Ծննդով նա Յարոսլավլի նահանգի փոքրակալվածք ազնվական ընտանիքից էր։ 1773 թվականին, տասնյոթ տարեկան հասակում, զինվորագրվել էր Լեյբ-գվարդիայի Իզմայլովյան գնդում․ այդ ժամանակ այդպես էլ սկսում էին․ ծառայում էին, տանում իրենց բեռը, առաջ գնում։ Գվարդիայից դուրս եկավ որպես ռազմական հետևակի սպա։
1788–1790 թվականների շվեդական պատերազը նրան առաջին անգամ հարվածեց․ Ստարկուպես գյուղի մոտակայքում նա մանրագնդակի արկից վիրավորում ստացավ գլխի հատվածում։ Այդ նույն պատերազմը պարգևատրեց նրան նաև կարևոր՝ Պրեմյեր-մայորի կոչումով։ Այնուհետև Լիտվան էր, 1792-ի լեհական արշավանքը, մարտերը Գրոդնոյի և Վիլնոյի մոտ։ Այնտեղ էլ նրան նկատեց իշխան Պավել Ցիցիանովը, ով ավելի ուշ պիտի Կովկասի գերագույն հրամանատար դառնա և ապահովի Նեսվետաևի առաջընթացը։
Պավել I-ի օրոք ծառայությունը հարթ էր ընթանում․ 1797-ին՝ փոխգնդապետ, մեկ տարուց՝ գնդապետ, ևս մեկ տարուց՝ գեներալ-մայոր։ Սարատովի հրացանակիրների գունդը, որի ղեկավարն էր Նեսվետաևը, այդ ժամանակ Ռյազանում էր տեղակայված։ Ցիցիանովը գրեց կայսրին․ «Հազվադեպ է վիճակվել այդպիսի հիանալի գնդեր տեսնել, ինչպիսին սարատովյանն է»։ Նեսվետաևը իր զինվորներին սեփական գրպանից էր հագցնում, սպաներին գումար էր տալիս, և հետո պարտքի մասին մոռանում։ Պատմաբան Ա․Վ․Պոտտոն հետո կգրի․ «Նա միայնակ և վերին աստիճանի անշահախնդիր անձնավորություն էր, նրա անձնական պահանջները շատ փոքր էին․ համեստ կյանք էր վարում՝ իսկական զինվորական, և այն ամենը, ինչ ուներ օգտագործում էր զինվորներին և աղքատ սպաներին օգնելու համար։ Վերջիններս նրա հաշվին միշտ համազգեստ ունեին և ապահովված էին ամեն անհրաժեշտով։ Միաժամանակ նա պատշաճո ու նրբանկատ վերաբերմունք էր ցուցաբերում և կարողանում էր շրջանցել բարեգործության սուր անկյունները․ այդ ամենը նրանց պարտքով էր տրվում, անգամ գրանցվում պարտատետրում, սակայն այնուհետև այդ հարցին ոչ ոք չէր անդրադառնում։ Իսկ եթե պարտապանը ինչ-որ պատճառներով դուր էր գալիս ծառայությունից, Նեսվետաևն իր ձեռքով ջնջում էր պարտքը և, հրաժեշտ տալով, ասում միայն․ «Քրիստոս քեզ հետ։ Գնաս բարով, եղբայր, մեզ չար խոսքով չհիշես՝ իրար հանդեպ պարտքեր չունենք»»։
1804-ի սկզբին գունդը շարժվեց դեպի Վրաստան։ Ինքը՝ Նեսվետաևը գործերով մնաց Վլադիկավկազում։ Եվ հանկարծ օսերը խռովություն բարձրացրին, գրավեցին Լարսը, Անանուրը, Դարիալի կիրճը․ փակեցին Վրաստանի ճանապարհը։ Ցիցիանովը, իմանաով, թե որտեղ է Նեսվետաևը, հրաման ուղարկեց նրան՝ վերցնել Կազանի գնդի վեց վաշտ և բարձրանալ լեռներ։
Նեսվետաևը գնաց։ Արագացված երթով, լեռներով, որտեղ ձիով հնարավոր չէր անցնել։ Գրավեց Բալթան, Լարսը, Դարյալը, Կազբեկը։ Գուդաուրի լեռնանցքով իջավ Վրաստան ու գրավեց Անանուրը։ Կիրճով մեկ փոքրիկ ջոկատներ ուղարկեց և մի քանի օրից վերականգնեց ամբողջ Վրացական ռազմական ճանապարհը, ինչի համար արժանացավ Սուրբ Վլադիմիրի III աստիճանի շքանշանի։
1805 թվականին, Պարսկական արշավանքի հենց սկզբից Նեսվետաևին բաժին հասավ Փամբակի և Շուրագյալի շրջանների պաշտպանությունը։ Լեզգիններին, ում պարսիկները հարձակումների էին հրահրում, այնպես ջախջախեց, որ վերջիններս դադարեցրին իրենց փորձերը։
Իսկ հետո տեղի ունեցավ իրադարձություն, որի մասին դեռ երկար էին Կովկասում խոսում։
Շուրագյալի սուլթանությունն այդ ժամանակ պատկանում էր Էրիվանի խանությանը։ Իշխում էր այնտեղ Բուդաղ-սուլթանը։ Խանը նրան Էրիվան կանչեց և փակի տակ առավ՝ մեծ փրկագին պահանջելով։ Բնակիչները չէին ցանկանում վճարել և որոշել էին օգնության համար դիմել Ռուսաստանին։ Նեսվետաևը իմացավ, չորս հարյուր զինվոր հավաքեց և շարժվեց դեպի Շուրագյալ։ Գրավեց գլխավոր բնակավայրը՝ Արթիկը, և սուլթանի որդին, իսկ այնուհետև մյուս ավագները ծառայության երդում տվին ցարին։
Խանը երեք հազարանոց ջոկատ ուղարկեց ապստամբներին պատժելու համար։ Նեսվետաևը դիմավորեց նրանց Թալին սահմանամերձ գյուղի մոտ և ջախջախեց։ Կապիտան Մատուշևիչը, որը նրա հետ էր նաև լեռներում, փախչողներին քշեց ընդհուպ մինչև Էրիվան։ Իսկ ինքը՝ Նեսվետաևը, առանց գեթ մեկ կրակոցի հասավ Էջմիածին։
Էջմիածնի վանքը նրան դիմավորեց… դատարկությամբ։ Թանկարժեք իրերը՝ սրբապատկերները, արարողակարգային իրերը, նշխարները դուրս էին բերվել։ Միայն Փրկչի սրբապատկերի առաջ էր այրվում քարերով զարդարված մեծ կանթեղը։ Վանականները պատմեցին լեգենդը. դա Նադիր շահի նվերն է։ Ծանր հիվանդության ժամանակ շահը երազում տեսավ այդ նույն սրբապատկերը, իսկ առավոտյան գնաց Էջմիածին, ճանաչեց այն, աղոթեց և կազդուրվեց։ Ի նշան երախտագիտության վանքին տասներկու գյուղ նվիրեց և հրամայեց, որ կանթեղը օր ու գիշեր վառ մնա
Նեսվետաևը կանթեղը ձեռք չտվեց։ Իսկ իրերի կույտում մեկ այլ բան գտավ՝ փայտի կտոր, որն, ասում են, Նոյան տապանից էր, նիզակ, որով խոցվել է Փրկիչը և Գրիգոր Լուսավորչի Աջը։ Այդ ամենը Թիֆլիս ուղարկեց, որտեղ արդեն պահպանվում էր Ցիցիանովի կողմից դուրս բերված Էջմիածնի գանձերի մի մասը։
Այդ արշավանքի համար Նեսվետաևը արժանացավ Սուրբ Գեորգիի IV աստիճանի շքանշանի։ Ցիցիանովը դա քիչ համարեց և Կայսրից Սուրբ Վլադիմիրի II աստիճան խնդրեց նրա համար. «Միայն դա կարող է խրախուսել Ձեր ծառայության մեջ ալեհեր դարձած այս սպային՝ ապագա էլ ավելի մեծ սխրագործությունների համար, որպես մի գեներալի, ով արդեն հայտնի է մեր բոլոր հարևաններին: Այն ժամանակվանից ի վեր, երբ անցյալ տարի նրա սվինները ճանապարհ բացեցին դեպի Վրաստան, կովկասյան ցեղերը նրան կոչում են ոչ այլ կերպ, քան «լեռնային գեներալ»»։
1805 թվականի նոյեմբերին Ցիցիանովը նրան նոր առաջադրանքի ուղարկեց. Արաքսի մյուս ափից դուրս բերել մի քանի հարյուր թաթարական (ադրբեջանական) ընտանիքների՝ Խոյի Ջաֆար Ղուլի խանի հետ միասին, ով ռուսական հպատակության էր ձգտում։ Նոյեմբերի 8-ին Նեսվետաևը դուրս եկավ Արթիկից։ Անցնում էր մի տարածքով, որտեղ ամեն ավան մի ամրոց էր՝ աշտարակներ, դղյակներ, պարիսպներ։ Մեկը մյուսի հետևից պաշարեց դրանք, անցավ Արաքսը, Ասարկսի և Խայբերկլյուի ամրությունները գրավելով, հասավ Կարա-Օղլի, որտեղ էլ հանդիպեց Ջաֆար-Ղուլի խանին՝ չորս հարյուր ընտանիքով:
Հետդարձի ճանապարհը ձյունապատ լեռներով էր անցնում։ Մարդիկ ուժասպառ էին, ձիերը վայր էին ընկնում։ Նեսվետաևը նույնպես ոտքով էր գնում․ իր ձին տրամադրել էր վիրավորներին տեղափոխելու համար։ Զորքն ու վերաբնակիչներին առանց կորստի հասցրեց ռուսական գերիշխանության տարածք։
1807-ին սկսվեց Թուրքիայի դեմ պատերազմը։ Նեսվետաևին ջոկատ հատկացրին՝ հետևակի հինգ գումարտակ և կազակական չորս զորագունդ՝ Կարսի ռազմական գործողության համար։ Իսկ բերդում քսան հազարանոց կայազոր և վաթսուն հրանոթ էր տեղակայված։ Մարտի 25-ին գեներալը հարձակման անցավ, արդեն մտել էր արվարձանները, երբ եկավ գեներալ Գուդովիչի հրամանը՝ հանել պաշարումը, բավարարվել միայն Կարսի փաշայությամբ և պաշտպանել սահմանները։
Նեսվետաևը նահանջեց դեպի Գյումրի։ Թուրքական սերասկիր Յուսուֆ փաշան հետևեց նրան յոթ հազարանոց ընտիր զորքով։ Նեսվետաևն ընդամենը հազար ինը հարյուր մարդ ուներ: Մայիսի 19-ին, մայիսի 30-ին և հունիսի 5-ին նա հետ մղեց հարձակումները և ստիպեց Յուսուֆին նահանջել։ Նա գրել էր գեներալ Պորտնյագինին. «Ես բոլոր կողմերից սաստիկ հարձակումների էի ենթարկվել Յուսուֆ փաշայի կողմից, մարտը տևել է առավոտյան ժամը տասից մինչև երեկոյան վեցը։ Թուրքերը քիչ էր մնում մտնեին Գյումրի, սակայն դուրս մղվեցին այնտեղից կովկասյան գրենադերների սվիններով։ Պետք է երախտապարտ լինեմ իմ պահապան Աստծուն… Յուսուֆ փաշան երրորդ անգամ է ամոթով նահանջում»։
Այդ մարտերի համար կայսրը Նեսվետաևին Սուրբ Գեորգիի III աստիճանի շքանշան է շնորհել. բարձր պարգև, որին ամբողջ բանակում եզակիներն են արժանանում։
1808-ին նոր արշավանք էր նախատեսվում՝ դեպի Էրիվան։ Նեսվետաևը ամրացնում էր թիկունքը, հիմնավորվում Ապարան գետի հովտում։ Եվ այնտեղ էլ, Ղարաքիլիսայում, նրան վրա հասավ դեղին տենդը։
Նա մահացավ հունիսի 17-ին։ Այստեղ էլ հուղարկավորեցին՝ հայկական գերեզմանոցում։ Հետագայում, 1910-ին թե 1912-ին աճյունը, ասում են, տեղափոխեցին կամ Կարս, կամ Թիֆլիսի Սիոն։ Փաստաթղթերը իրարամերժ են։ Սակայն Ղարաքիլիսայի տապանաքարը երկար կանգնեց, մինչև որ ժամանակը չմաշեց այն։
Այժմ գերեզմանոցի տեղում շինություններ են։ Հին քարերը հանել են, ասֆալտապատել։ Թե որտեղ էր կանգնած հուշարձանը, այժմ չես էլ իմանա։
Սակայն Նեսվետաևի անունը մնացել է Կովկասյան պատերազմների պատմության մեջ, Պոտտոյի գրառումներում, պարգևատրումների ցուցակներում։ Սուրբ Վլադիմիրի III աստիճանի, Սուրբ Գեորգիի IV և III աստիճանների շքանշանների ասպետ, Սարատովի հրացանակիրների գնդի ղեկավար, Շուրագյալի նվաճող, Գյումրու փրկիչ գեներալ Պյոտր Դանիլի Նեսվետաև։ «Լեռնային գեներալ»։
Հողը, որում նա ննջում էր այս ամենը առանց քարի էլ է հիշում։
