Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ. ուղղափառ եկեղեցի
Կոորդինատներ. 40,5930 N, 44,2619 E
Նվիրված է. Սուրբ Նիկողայոս Հրաշագործին
Կրոնական պատկանելություն. Ուղղափառություն (ՌՈՒԵ Վրաստանի էկզարխի ղեկավարությամբ)
Կառուցման ժամանակաշրջան. 1846 թ. (այլ տվյալներով՝ 1879 թ.)
Վերակառուցում. 1910–1914 թթ.
Ճարտարապետական ոճ. մոդեռն ճարտարապետության նեո-ռուսական ուղղություն
Նյութը. քար, մետաղական ծածկով փայտե տանիք
Հատակագիծը. խաչաձև
Զանգակատուն. հարավային, առանձին տեղակայված զանգակատուն
Պատմական բնակավայր. գյուղ Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից), հիմնադրվել է ուկրաինական կազակների կողմից
Պատմական կարգավիճակ. պատմամշակութային հուշարձան (1983 թ.-ից)
Կարգավիճակ. չի գործում, վնասվել է 1988 թ. երկրաշարժից
Տեղակայման վայրը. գ. Ամրակից, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն


*
Դեպի Ամրակից տանող ոլորապտույտ ճանապարհը Լոռվա բլուրներով ձգվում է վեր, դեպի խիտ անտառներ։ Բոխիներն ու կաղնիները շրջապատում են օձագալար ճանապարհը, իսկ ծառերի արանքից մերթընդմերթ աչքով են անում կանաչ, հյութալի հովիտները, որոնք այնքան տարբեր են Արարատյան արևից այրված հարթվայրերից։ Այստեղ հողն ուրիշ է՝ խոտերով, ջրերով, ստվերոտ կիրճերով… և լռությամբ շռայլորեն հարուստ։
Գյուղը բարձունքի վրա է։ Կենտրոնում, հնամենի ծառերի արանքում, սպիտակին է տալիս եկեղեցին։ Հայկական չէ, դա անմիջապես է աչքի զառնվում. գմբեթները, շինության ձևը, անգամ քարն է ուրիշ։ Դա Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին է։ Ռուսական եկեղեցին։
Այն կոկիկ է, ոչ շատ բարձր։ Հարավային կողմից կցակառույց զանգակատունն ուղիղ չէ տեղակայված, այլ անկյունագծով, ասես ճարտարապետն ուզում էր, որ զանգերի ղողանջը հովհարաձև սփռվի՝ տարածվելով գյուղով, դաշտերով և հեռավոր անտառներով։ Տանիքը սեպաձև է, զառիթափ, մետաղածածկ։ Պատերը սրբատաշ քարից՝ տեղական, մոխրագույն, որը մայրամուտին ջերմ օքրայի երանգ է ստանում։ Իսկ կենտրոնական մասում, շենքի հատակագծում նշմարվող խաչի վրա տարածվում է փոքր բուրգով կցակառույցը, վրան հինգ փոքրիկ գմբեթից բաղկացած փունջ, որոնք ասես Զատկի գիշերվա մոմեր լինեն։
Միանգամից չես պատկերացնի, որ դա ХХ դարասկզբի ճարտարապետություն է՝ այնքան արտահայտիչ է հին ռուսական շունչը, այնքան նման է այդ ամենը տերեմին և հեքիաթային եկեղեցիներին, որոնք պատկերում էին նեո-ռուսական ոճի վարպետները։
Իսկ սկսվել էր ամեն ինչ նախանցյալ դարի քառասունական թվականներին։ Այդ ժամանակ այս վայրերը Նիկոլաևկա էին կոչվում։ Գյուղը կազակներն էին հիմնել՝ Պոլտավայի և Չեռնիգովի նահանգներից այն երեսուն ընտանիքը, որոնց այստեղ էին վերաբնակեցրել Թուրքմենչայի խաղաղության պայմանագրից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին և նոր հողերը պետք էր բնակեցնել, յուրացնել, պաշտպանել։ Կազակներն իրենց հետ բերել էին հավատքը, ավանդույթները, երգերը։ Ընտանիքները։ Եվ եկեղեցի էին կանգնեցրել՝ փոքրիկ, փայտե, Ռուսաստանի ամենասիրված սրբի՝ Նիկողայոս Հրաշագործի անունով օծված։
Հետո, տարիներ անց, քարե կառուցեցին։ Իսկ ХХ դարի սկզբին, երբ կայսրությունով մեկ եկեղեցաշինության ալիք էր բարձրացել, տաճարը վերակառուցեցին՝ տոնական, հեքիաթային տեսք տալով նրան, որը և հասել է մինչ մեր օրեր։
Հարյուր տարի այստեղ զանգեր են ղողանջել։ Պատարագներն ուղղափառ ծիսակարգով էին մատուցվում, հոգևորականությունն ենթարկվում էր ռուս ուղղափառ եկեղեցու Վրաստանի էկզարխատին. այդպիսին էր այդ տարիների թեմական կառուցվածքը։ Վերջին վանահայրը ավագ քահանա Գրիգորի Շչուկինն էր։ Նրա մահից հետո պատարագները դադարեցվել էին. փոփոխությունների ժամանակներ էին, հետո էլ երկրաշարժը վրա հասավ։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին հողն այնպես ցնցվեց, որ Լոռվա սարերը տնքացին։ Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի Սպիտակի երկրաշարժը չխնայեց նաև Ամրակիցը։ Եկեղեցին դիմացավ, պատերը կանգուն մնացին, սակայն ճաքերով պատվեցին, տանիքը ծռվեց, ներսում գտնվելը վտանգավոր դարձավ։ Տաճարը փակեցին։
Երեսուն տարի նա այդպես լռակյաց կանգնեց՝ փակի տակ, զանգի փոխարեն քամուց ճոճվող պարանով։ Բնակիչները, որոնց թիվը գնալով նվազում էր, գյուղում առավելագույնը չորս ռուս ընտանիք էր մնացել, մոտենում էին փակ դռներին, մուտքի մոտ տեղադրված ինքնաշեն մոմակալի մեջ մոմ վառում, սրբապատկերներ կախում ծառերից։ Հարևանությամբ աղմկում էր մանկապարտեզը, տղաները գնդակ էին խաղում, իսկ եկեղեցին սպասում էր։ Եվ սպասումներն արդարացան։
2022 թվականին սկսվեցին աշխատանքները։ Ճարտարապետ-վերականգնող Հովհաննես Սանամյանը, ով դեռ 1989-ին, երկրաշարժից անմիջապես հետո, Ամրակից էր եկել վնասները գնահատելու, ավելի քան երեսուն տարի անց վերադարձավ՝ եկեղեցին վերականգնելու նպատակով։
Ֆինանսավորումը Հայաստանի պետբյուջեից է։ ժամանակի և ստորգետնյա ցնցումներից առաջացած ճաքերը լցվում են, պատերն ամրացվում։ Պատկերակալը, որը երկրաշարժից հետո պահպանության էին տվել Գյումրու ռուսական տաճարին, իր տեղը կվերադառնա։ Կվերադառնան նաև սրբապատկերներն ու հանդերձանքը։
Այժմ պատերը շրջապատված են շինարարական փայտամածներով։ Սակայն նույնիսկ այդպես է երևում, թե ինչ գեղեցկուհի է դառնալու եկեղեցին, երբ ազատվի շինարարական քողից։ Տանիքը նախկինի պես փայտից է լինելու՝ մետաղյա թիթեղներով։ Զանգակատունը կամրացնեն։ Կենտրոնական խաչաձև հատվածի հնգագմբեթը կրկին կշողշողա արևից։
Եվ կրկին, ինչպես և հարյուր տարի առաջ, Լոռվա բլուրներում կտարածվի զանգերի ղողանջը։ Եվ մարդիկ կգան՝ հայեր և ռուսներ, տեղացիներ և եկվորներ, մոմ կվառեն, աղոթք կմրմնջան Նիկողայոս Հրաշագործին, ով օգնում է դժբախտության պահին, փրկում ջրերում, պաշտպանում նրանց, ում անտեղի նեղացրել են։ Նրա հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է դեկտեմբերի 7-ին։ Այն օրը, երբ հողը ցնցվեց, բայց կանգուն մնաց տաճարը։
Դրա մեջ ինչ-որ երկնային արդարություն կա. ժողովուրդներ հաշտեցնող, կառուցողներին և պահպանածներին, երկու դար առաջ այստեղ եկած կազակներին և նրանց եկեղեցուն նոր կյանք պարգևող հայ վերականգնողներին իր թևի տակ առնող սուրբը։ Քանզի հավատքը մեկն է։ Եվ աղոթքով ներծծված քարը չի փշրվում։ Անգամ երկրաշարժից։
