Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ․ ռազմական, պատմական գերեզման
Տեղակայման վայրը․ ք․ Դիլիջան, Հայաստանի Հանրապետություն
Կոորդինատներ․ 40.738815 N, 44.866075 E
Անձնական տվյալներ.
— Պերեկրյոստով-Դեմյանովիչ Վլադիմիր Վասիլիի
— զինվորական կոչումը․ գնդապետ
— ծննդավայր․ Պոլտավայի նահանգ
— ծննդյան տարեթիվ․ հայտնի չէ
— մահվան տարեթիվ․ 1918 թ., ք. Դիլիջան
Ռազմական կրթություն․
— Պոլտավայի կադետների Պետրովյան կորպուս (ավարտել է 1900 թ.)
— Կոնստանտինովսկի հրետանային ուսումնարան
— Կիևի ռազմական ուսումնարան
Զինվորական ծառայություն․
— 01.01.1909 թ. դրությամբ՝ Կովկասյան 8-րդ հրաձգային գումարտակի պորուչիկ
— հետևակային պարտիզանական կորպուսի հրամանատար
Մասնակցություն ռազմական գործողություններին․
— Սարդարապատի ճակատամարտի մասնակից (1918 թ. մայիսի 21–28)
— թուրքական զորքերի դեմ պարտիզանական ստորաբաժանումների գլխավորում
Գերեզմանի պատմական ենթատեքստ․
— հուղարկավորված է Դիլիջանի Ռուսական ուղղափառ եկեղեցու բակում
— ХХ դարի կեսերին եկեղեցին ավերվել է սողանքներից
— գերեզմանը պահպանվել է
Պատմական նշանակություն․ կապված է Արևելյան Հայաստանի 1918 թվականի առանցքային ռազմական դրվագի՝ Սարդարապատի ճակատամարտի իրադարձությունների հետ

*
Դիլիջանի հին գերեզմանոցում, որտեղ հայկական խաչքարերը սերտաճել են հողի հետ, քիչ են ռուսական գերեզմանները։ Դրանցից մեկը գնդապետ Վլադիմիր Վասիլիի Պերեկրյոստով-Դեմյանովիչի գերեզմանաքարն է։ Ցավոք, մասամբ, և դրա մասին ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով։ Եկեղեցին, որի բակում նա հուղարկավորված էր, անցյալ դարի կեսերին տարել է սողանքը, և որտեղ է այժմ գտնվում այդ տապանը, ոչ ոք չգիտի։ Սակայն գնդապետի անունը մնացել է։ Այն հիշում են նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է Սարդարապատը։
Ծննդով նա Պոլտավայի նահանգից է՝ այն վայրերից, որտեղ դեռ քամին սուլում է դաշտերում և հիշում շվեդական ճակատամարտը։ Պատանեկության տարիներին նա, անշուշտ, այդ բլուրներից հետևում էր, թե ինչպես է մայրամուտին արևը կարմիր ներկում ցորենի դաշտերը, սակայն ճակատագրի այլ դաշտ ընտրեց՝ ռազմականը։ Պոլտավայի կադետների Պետրովյան կորպուսը նա ավարտել է 1900-ին, այնուհետև՝ Կոնստանտինովսկի հրետանային, Կիևի ռազմական ուսումնարաններ։ 1909 թվականին նա արդեն Կովկասյան 8-րդ հրաձգային գումարտակի պորուչիկ էր։ Կովկասը դարձավ նրա ճակատագիրը։ Այստեղ պոլտավյան տարաբնույթ բույսերի բույրը փոխարինվել էր դառը օշինդրի և վարոդի հոտով։
Երբ կործանվեց կայսրությունը, շատ սպաներ հեռացան՝ ոմանք դեպի Դոն, արտասահման, ոմանք էլ պարզապես տուն վերադարձան՝ մինչ խառնաշփոթը հանդարտվի։ Իսկ նա մնաց, որովհետև այստեղ էին նրա զինվորները, նրա դիրքերը, պարտքը։ Եվ որովհետև այս լեռներում նա արդեն հասցրել էր արմատներ ձգել։ Ինչ-որ տեղ Դիլիջանում նրան սպասում էր սպիտակեցված պատերով և լամպով սենյակը, որտեղ նա թեյ ըմպելով հետևում էր լեռների ստվերներին։
Երբ 1918-ի մայիսին թուրքերը հարձակվեցին Երևանի վրա, երբ որոշվում էր Հայաստանի ճակատագիրը՝ լինել, թե չլինել, գնդապետն իր վրա վերցրեց հետևակային պարտիզանական կորպուսի հրամանատարությունը։ Դա շատ գեղեցիկ է հնչում, գրեթե հանդիսավոր, իսկ ի՞նչ էր իրականում․ խայտաբղետ ջոկատներ, ճանապարհային խոչընդոտները դժվարությամբ հաղթահարող գումակներ, զինվորներ, որոնց լեզուն նա այդպես էլ մինչև վերջ չսովորեց։ Սակայն նրանք իրար անխոս էլ էին հասկանում։ Պատերազմը թարգմանչի կարիք չունի։
Սարդարապատ։ Տեղանուն, որ այդ ժամանակ թնդում էր ոչ պակաս, քան Կարսը նախորդ պատերազմին։ Երեք օր՝ մայիսի 21-ից 28-ը, հայկական կանոնավոր զորքը, աշխարհազորը, ռուսական գնդերի մնացորդները պաշտպանում էին երկաթուղային կայարանը։ Թուրքերը մոլեգնած էին՝ հասկանալով, որ առաջխաղացման դեպքում կգրավեն նաև Երևանը և բոլորին կկոտորեն։ Փոշու ամպերի մեջ միախառնվում էին «ուռան» և թուրքական «ալլահը», և ոչ ոք արդեն չէր հիշում, թե ով որտեղից է ծննդով։ Կային միայն մերոնք և թշնամին։
Ստորաբաժանման շտաբի պետ Ալեքսանդր Շնեուրը հետագայում հիշում էր, թե ինչպես էին դասավորված զորքերը մայիսի 26-ին՝ մարտի ամենաթեժ պահին․
«Աջ թևում առաջ էր ընթանում գնդապետ Պերեկրյոստով-Դեմյանովիչի պարտիզանական գունդը, կենտրոնում պատրաստվում էր հարված ընդունել Պողոս Բեկ-Փիրումյանի 5-րդ գունդը։ Աջից հարձակման էին անցել մուշեցիների և աշխարհազորի ջոկատները՝ Պանդուխտ Սեպերյանի հրամանատարությամբ։ Իսկ մինչ այդ, ինչպես և նախատեսված էր, թուրքերի թիկունքից անսպասելի հարվածներ էր հասցնում Կարո Կասաբաշյանի Խզնաուզի ջոկատը․․․»։
Թուրքերը սասանվեցին, իսկ հետո փախուստի դիմեցին։ Երկու օր հայկական զորքերը և աշխարհազորը հետ էր մղում նրանց այնտեղ, որտեղից եկել էին։ Երևանը փրկված էր։ Մայիսի 28-ի երեկոյան, երբ կրակոցները հանդարտվեցին, Պերեկրյոստովը, հավանաբար, նստել էր ճամփեզրին և գլխաբաց հետևում էր մայրամուտին։ Շուրջը նույն սարերն էին, ինչ որ երեկ, բայց մարդիկ արդեն ավելի քիչ էին։
Նա մահացավ նույն 1918-ին։ Հասցրե՞ց ադյոք տեսնել, որ Հայաստանը կարողացավ պահպանել ինքնությունը։ Ուզում ես հավատալ, որ հասցրեց։ Գուցե դրա մասին նրան պատմեցին մահվան մահճում, գուցե նա ընթերցեց դա ինչ-որ մեկի աչքերում։ Երևի թե ավելի հեշտ է հրաժեշտ տալ կյանքին, երբ գիտես, որ գործդ անհետ չի կորել։
Գնդապետին Դիլիջանում են հուղարկավորել, ուղղափառ եկեղեցու բակում, որը դեռ նախորդ դարում կարմիր և սև տուֆից կառուցել են ռուս վերաբնակիչները։ Նույն եկեղեցին, որի բակում արդեն հանգչում էր կապիտան Տոմիչը։ Գմբեթի, զանգերի ղողանջի և խաչի պաշտպանության ներքո։ Կողքին թփեր էին ծաղկում, սարերն էլ նայում էին իրենց բարձրությունից։
1950 թվականին սարերում սողանք սկսվեց, որը քշեց տարավ եկեղեցին, տակնուվրա արեց ու քարերի հետ խառնեց գերեզմանները։ Պերեկրյոստով-Դեմյանովիչի գերեզմանն անհետացավ․ գուցե մնաց հողի տակ, իսկ գուցե խորանի մնացորդների հետ հայտնվեց ձորում։ Գեներալ Վիշինսկի, կապիտան Տոմիչ, գնդապետ Պերեկրյոստով․ նրանք բոլորը իրար հետ էին, սակայն ինքը հողը բաժանեց նրանց։
Բայց դեռ կենդանի է Սարդարապատի մասին հիշողությունը։ Մինչ հայերը հիշում են այն մայիսյան օրերը, մինչ կանգուն է Երևանը, կենդանի է նաև Վլադիմիր Վասիլիի Պերեկրյոստով-Դեմյանովիչը։ Պոլտավայի կադետ, ռուս սպա, պարտիզանական ջոկատի հրամանատար, ով չթողեց, չգնաց, չդավաճանեց և հավերժ մնաց Հայաստանում՝ անգամ առանց գերեզմանաքար։
