Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ. պատմական հանրային շենք (փոստային գերատեսչություն)
Կոորդինատներ․ 40.785484 N, 43.837673 E
Տեղակայման վայր. փ. Ջիվանի, ք. Գյումրի, Հայաստանի Հանրապետություն
Շինարարության ժամանակահատված. XIX դարի երկրորդ կես
Շենքի մասերը.
— 1870 թ. — Աբովյան վաճառականների տուն (Աբոևներ)
— 1885 թ. — Խալաթյանց վաճառականների տուն (Խալաթովներ)
Պատմական գործառույթներ. Գանձատուն; Ալեքսանդրապոլի գլխավոր փոստ
Տարածաշրջանի փոստային համակարգ. Ալեքսանդրապոլը մտնում էր Ռուսական կայսրության Թիֆլիսի փոստային շրջանի մեջ
Փոստային գործունեություն. XIX–XX դդ. կանոնավոր փոստային գործունեություն, գործել է մինչև 1988թ. երկրաշարժը
Պատմամշակութային փաստ. «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանում (1985 թ.)
Ժամանակակից կարգավիճակ. «Կումայրի» արգելոց- թանգարանի օբյեկտ
Առնչվող պատմական անձինք.
— Պյոտր Իվանի Բայկով՝ Ալեքսանդրապոլի փոստի կառավարիչ (XIX դ. կեսեր)
— Օսիպ Պյոտրի Գոնչարենկո՝ փոստի կառավարիչ (1880-ական թթ.)
Առնչվող պատմական կապեր. Ալեքսանդրապոլ- Ախալքալաք-Կարս- Սարիղամիշ մեծ փոստուղի
Պատմական սակագին. Փոստային վճարը կախված էր հեռավորությունից և ուղարկման ձևից («թեթև»/«ծանր» փոստ)
*
Վանաձորի կողմից Գյումրու մուտքի մոտ, Ջիվանի փողոցի վրա կա մի շենք, որի կողքով անհնար է անտարբեր անցնել։ Երկու մասնաշենք միավորվել է մեկ ընդհանուր տանիքի տակ. աջ մասնաշենքը 1870 թվականի է, ձախը՝ 1885։ Յուր ժամանակին դրանք տարբեր վաճառականների էին պատկանում՝ Աբովյան և Խալաթյանց։ Մեկում գանձատուն էր տեղակայված, մյուսում՝ քաղաքի գլխավոր փոստը։
Փոստն այդ աշխատել է ընդհուպ մինչև 1988-ի Սպիտակի երկրաշարժը։ Հնաբնակները հիշում են՝ ինչպես էին այստեղ հեռագրեր բերում, սպասում պատուհանների մոտ, ինչպես էր տարածվում զմուռսի, թանաքի և հին փայտի բույրը։ Այնուտև շենքը մարեց, անցավ «Կումայրի» արգելոց- թանգարանի հսկողության տակ և այժմ ապրում է թանգարանային միապաղաղ կյանքով, որն անհամեմատելի է երբեմնի փոստային ակտիվության հետ։
Բայց շենքն այս ունի մի հատված, որի մասին գիտի ամբողջ Հայաստանը։ Դա բակ դուրս եկող պատշգամբն է՝ սովորական, թուջե բազրիքներով։ Հենց այստեղ է նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի տեսարաններից մեկը («Արմենֆիլմ», 1985 թ.)։ Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը այնպես էր տեղադրել տեսախցիկը, որ կադրում երևան փողոցը, պատշգամբն ու լույսը վառող-մարող կինը։ Հերոսուհին՝ Սիրանուշը, վիճելով վառած լույսից դժգոհ ամուսնու հետ, անընդհատ կրկնում էր. «Վառեմ-մարեմ»՝ թե որքան մտքովս անցնի, այդքան էլ կանեմ։ Թարգմանության մեջ այդ բառերը կորցնում են իրենց հնչեղությունը, իսկ բնօրինակում այդ արտահայտությունը թևավոր է դարձել, իսկ պատշգամբը ստացել է «Վառեմ-մարեմ» անունը։ Այժմ այստեղ զբոսաշրջիկներ են գալիս, կանգնում նույն տեղում, նայում փողոցին և ժպտում։ Տեղաբնակներն էլ, կողքով անցնելիս, եկվորներին են ցույց տալիս այն պատշգամբը, որտեղ լույս էին վառում։
Փոստային գործի պատմությունն այս վայրերում շենքի կառուցումից շատ ավելի վաղ է սկսվել։ 1828 թվականին, երբ ձևավորվեց Հայաստանի շրջանը, բացել էին Էրիվանի փոստային առաքումը։ 1884 թվականից սկսեց գործել Փոստի և հեռագրության գլխավոր վարչությունը, որին ենթարկվում էր Կովկասի և Կովկասից դուրս ամբողջ փոստային բաժինը։ Ալեքսանդրապոլը մտնում էր Թիֆլիսի փոստային խոշոր շրջանի մեջ, որը ներառում էր Թիֆլիսի, Քութայիսի, Էրիվանի, Բաքվի և Ելիզավետապոլի նահանգները, ինչպես նաև Կարսի և Զաքաթալայի շրջանները։
Բուն Ալեքսանդրապոլում գործում էր փոստային գրասենյակը։ Փոստ էր ընդունվում կայսրության բոլոր քաղաքների ուղղությամբ։ XIX դարի առաջին կեսին փոստն ուղարկվում էր շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին, ընդունվում՝ երկուշաբթի, առավոտյան ժամը ութին։ Սակագինը կախված էր հեռավորությունից և փոստի «ծանր» կամ «թեթև» լինելուց։ Սովորական ծրարով նամակի գինը 10 կոպեկ էր՝ արծաթով։ Քաղաքից փոստային ուղի էր գործում դեպի հյուսիս՝ Ախալքալաք, այնուհետև՝ Կարս և Սարիղամիշ։
Փոստի կառավարիչների անունները պահպանել են կովկասյան օրացույցները։ 1847 թվականին գրասենյակի ղեկավարն էր Պյոտր Իվանի Բայկովը։ 1880-ականներին՝ արքունի խորհրդական Օսիպ Պյոտորի Գոնչարենկոն։ Գոնչարենկոյի գերեզմանը մինչ օրս կանգուն է Գյումրու քաղաքային գերեզմանոցում՝ տապանաքար, փոքրիկ ցանկապատ, դժվար ընթեռնելի գրություն։ Այս պատմությանը ծանոթ մարդիկ երբեմն գալիս են՝ պարզապես կանգնելու։
Այսօր Գլխավոր փոստային բաժանմունքի շենքը պարզապես ճարտարապետական հուշակոթող չէ։ Դրա մեջ ամփոփված է հին վաճառականությունը, փոստային պատմությունը, կինոն և «խառնածին» «վառեմ-մարեմ» ծիծաղելի արտահայտությունից բռնված ժողովրդական հիշողությունը։ Շենքը կանգնած է նույն տեղում, Ջիվանի փողոցի վրա։ Այն նույն պատշգամբն էլ կախվել է մայթի վրա։
