Պուշկինի լեռնանցք

2022 թվականին լեռնանցքում բացվեց Պուշկինի արձանը

Հղման տեղեկատվություն

Տեսակ. լեռնանցք
Կոորդինատներ․ 40.911002 N, 44.431982 E
Տեղակայման վայրը. Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Բազումի լեռնաշղթա
Բարձրությունը. ծովի մակարդակից ավելի քան 2000 մ
Պատմական անվանում. Դվալի լեռնանցք
Առնչվող անձ. Ալեքսանդր Սերգեյի Պուշկին
Պատմական իրադարձություն. 1829 թ., Պուշկինը, դեպի ռուսական զորքեր ճանապարհին, հանդիպում է Ա.Ս.Գրիբոյեդովի աճյունը տեղափոխող սայլին 
Առնչվող բնակելի տարածք. գ.Գյառգյառ (այժմ՝ Պուշկինո)
Հուշակոթող. Պուշկինի և Գրիբոյեդովի հանդիպման հարթաքանդակով ցայտաղբյուր-հուշարձան
Հուշակոթողը  տեղադրվել է 1937 թ.
Հուշակոթողի հեղինակներ. քանդակագործ Սմբատ Սարգսյան, ճարտարապետ Գեորգի Մուրզա
Տեղակայման առանձնահատկություն. երկրաբանական պայմաններից ելնելով հուշակոթողը  հանդիպման վայրից ցածր է տեղադրված

*

Բազումի լեռնաշղթայում, երկու հազար մետր բարձրության վրա, կա մի վայր, որտեղ ժամանակն ասես կանգ է առել։ Այստեղ՝ լեռների, ամպերի ու քամիների մեջ հանդիպել էին երկու Ալեքսանդրները։ Մեկը գնում էր փառքին ու գնդակներին ընդառաջ, մյուսին էլ, սայլի ճռռոցի ու եզների բառաչի ներքո,  դագաղով տուն էին տանում։  

Հին տոմարով 1829 թվականի հունիսի 11-ին Ալեքսանդր Պուշկինը լեռնանցք էր բարձրանում։ Դեպի Էրզրումի գործող բանակ տանող ճանապարհը այս վայրերով էր անցնում՝ Վրաստանը հինավուրց Հայաստանից բաժանող Բեզոբդալ լեռով։ Բանաստեղծը շտապում էր, նրան հետապնդում էր պետերբուրգյան տապի, հսկողության և չասված խոսքերի  կարոտը։ Նա դեռ չգիտեր, որ մի քանի ժամից կգրի տողեր, որոնք կդառնան ռուսական գրականության ամենազիլ մահախոսականը։

Ահա թե ինչպես է նա նկարագրում դա «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում․

«Ես սկսեցի բարձրանալ Բզովդալը, այն սարը, որը բաժանում է Վրաստանը հին Հայաստանից։ Դիմացս, գետի բարձր ափին, տեսա Գյառգյառ բերդը։ Ես անցա գետը։ Երկու եզ, սայլին լծած, բարձրանում էին զառիթափ ճանապարհով։ Մի քանի վրացի ուղեկցում էին սայլը։ «Որտեղի՞ց եք գալիս դուք»,- հարցրի ես նրանց։ «Թեհրանից»։— «Ի՞նչ եք տանում»—«Գրիբոյեդին»»։

Գրիբոյեդ։ Հենց այդպես, մտերմիկ, առանց հայրանունի, անվանում էին նրան լեռներով նրա մարմինը տեղափոխողները։ Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդովի, բանաստեղծի, դիվանագետի, անմահ կատակերգության հեղինակի, ով ընդամենը տարուկես առաջ անձամբ Պետերբուրգ էր բերել Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի տեքստը, այն պայմանագրի, որը պարսկական լծից ազատեց Արևելյան Հայաստանը։

Այժմ նրան հետ էին տանում՝ Թիֆլիս, երիտասարդ կնոջ մոտ, ում հետ նա ապրել էր ընդամենը մի քանի շաբաթ։ 1829 թվականի փետրվարին կրոնական մոլեռանդների ամբոխը ջախջախել էր Թեհրանի ռուսական դեսպանատունը։ Դիվանագետի մարմինը ճանաչել են միայն Կովկասում Յակուբովիչի հետ ունեցած մենամարտից ձեռքի վրա մնացած հին սպիով։

Պուշկինը գլխաբաց խոնարհվեց սայլի առաջ։ Եվ շարունակեց իր ճանապարհը դեպի Էրզրում, որտեղ նրան գնդակներ, լեռներ և կովկասյան անբռնազբոսիկ բնությամբ հիացմունք էր սպասվում։ Իսկ Գրիբոյեդովի մարմինը մի քանի օրից հասավ Թիֆլիս և իր հանգիստը գտավ Մթածմինդա լեռան վրա, Սուրբ Դավթի վանքում։

Որոշ հետազոտողներ կասկածի տակ են դնում այդ հանդիպումը․ շատ է խորհրդանշական և գեղեցիկ՝ դարաշրջանի երկու գլխավոր բանաստեղծ՝ երկու Ալեքսանդր, որոնցից մեկը գնում է մահվան ընդառաջ, մյուսն էլ մահից փախչելով ճանապարհին է այն գտնում։ Պուշկինի սևագրերում այդ դրվագը բացակայում է, այն հայտնվել է միայն վերջնական տարբերակում, Գրիբոյեդովի մահից վեց տարի անց։ Օրն էլ է ընտրված խորհրդանշական․ նրանք ծանոթացել  էին 1817 թվականի հունիսի 11-ին։ Ու եթե համեմատես երթուղիները, Գյառգյառի բերդն էլ Պուշկինի ճանապարհին չէր, Գրիբոյեդովի մարմինն էլ այլ ճանապարհով էին տանում՝ Նախիջևանով և Թիֆլիսով։ 

Բայց չէ որ խնդիրը քարտեզների ճշգրտության մեջ չէ։ Կարևորն այն է, որ հենց այստեղ, այս լեռնանցքում է խաչվել երկու ճակատագիր, երկու փառք, երկու անուն, որոնք Հայաստանը հիշում և հարգում է մինչ օրս, որովհետև Գրիբոյեդովը նրան ազատություն էր տվել, իսկ Պուշկինը՝ խոսքի մեջ է հավերժացրել այդ հանդիպումը։

1938 թվականին, Պուշկինի մահվան հարյուրամյակին ընդառաջ, լեռնանցքում ցայտաղբյուր-հուշարձան է կանգնեցվել։ Մրցույթը մի տարի առաջ էր հայտարարվել, 1937-ին։ Հաղթել են քանդակագործ Սմբատ Սարգսյանը և ճարտարապետ Գեորգի Մուրզան։ Նրանց նախագիծը՝ լեռնանցքում հանդիպումը նկարագրող բրոնզե հարթաքանդակը, լավագույնն են ճանաչել։  Սկզբնական գաղափարի համաձայն հուշարձանը պետք է հենց սարի վրա տեղադրվեր, հենց այն նույն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, Պուշկինը տեսավ սայլը։ Սակայն խանգարեցին երկրաբանական պայմանները․  բնահողը թույլ չէր տալիս, սարալանջն էլ վստահելի չէր։ Հուշակոթողը ութ հարյուր վաթսուն մետրով ավելի ցածր տեղափոխեցին, դեպի Ստեփանավան-Լենինական հին մայրուղի։

Հարթաքանդակի տակ աղբյուր սարքեցին, որպեսզի անցորդները կարողանան ջուր խմել և հիշել երկու պոետներին։ Բացումը հանդիսավոր էր՝ նկարահանող խումբ էր եկել, Երևանից կառավարական պատվիրակություն և մոտակա գյուղերի բնակիչներ։

Խորհրդային տարիներին այստեղ գործում էր Պուշկինի թանգարանը։ Այն գոյատևեց մինչև Հայաստանի անկախացման առաջին տարիները, այնուհետև փակվեց։ Իսկ հարթաքանդակը մնաց։ Աղբյուրն էլ մնաց։

2005 թվականին, երբ կառուցվեց նոր թունելը և ժամանակակից մայրուղին, հին արձանը հայտնվեց ճանապարհից հեռու։ Այն որոշեցին տեղափոխել մայրուղուն մոտ, մարդկանց ավելի մոտ, որպեսզի ամեն ցանկացող կարողանա կանգ առնել և խոնարհվել։ 2005 թվականի նոյեմբերի 30-ին, «Ինտեր ՌԲԸ ՄԷՀ» խմբի աջակցությամբ, հուշարձանը ութ կիլոմետրով տեղափոխեցին՝ Գարգառ գյուղի հատված, որտեղ այն կանգուն է մինչ օրս։

 2022 թվականին լեռնանցքում ևս մեկ արձան բացվեց՝ անձամբ Պուշկինի, առանց գրիբոյեդովյան սյուժեի։ Արարողությունը ներկայացուցչական էր՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան, Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պատգամավորներ, հասարակական գործիչներ։ Սակայն հին հարթաքանդակը, որը դեռ Սարգսյանի և Մուրզայի աշխատանքն էր, նախկինի պես այստեղ է։ Իսկ աղբյուրի ջուրը նույնքան սառն է և մաքուր։

Այժմ Պուշկինի լեռնանցքը հանգիստ վայր է։ Կողքին աղմկում է մայրուղին, բեռնատար և մարդատար մեքենաներ են անցնում։ Իսկ եթե մի փոքր թեքվես և վեր բարձրանաս, դեպի հին ճանապարհը, կհայտնվես քամու, խոտերի և քարի կողքին։ Իսկ քարի վրա երկու հոգի՝ ճամփի եզրին քարացած բանաստեղծը, և դանդաղորեն սար բարձրացող սայլը։ Եվ բրոնզի մեջ հավերժացած հարցը․ «Ի՞նչ եք տանում»—«Գրիբոյեդ»։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով