Վանաձորի Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցի

Կառուցման ժամանակահատվածը համընկել է Նիկոլայ II-ի իշխանության հետ

Ընդհանուր տեղեկություններ

Տեսակ․ ուղղափառ տաճար
Կոորդինատներ․ 40.815053 N, 44.486143 E
Տեղակայման վայրը․ Հայաստանի Հանրապետություն, ք․ Վանաձոր (նախկինում՝  Ղարաքիլիսա)
Սկզբնական օծումը․ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի անունով (երկաթուղային տաճար)
Քարե տաճարի շինարարության ժամանակահատված․ 1893–1895 թթ.
Ճարտարապետ․ Ա․Ն․Պոմերանցև (1849–1918)
Նախորդող տաճար․ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ոչնչացված փայտե ուղղափառ եկեղեցի
Պատմական ենթատեքստ․ Ղարաքիլիսայի շրջանը ռուս-պասկական և ռուս-թուրքական պատերազմների ռազմական գործողությունների տարածք է;  1918թ․ մայիսին՝ Ղարաքիլիսայի ճակատամարտ
Փակման ժամանակահատված․ խորհրդային տարիներ (հստակ տարեթիվը հայտնի չէ)
Սուրբ պատարագների վերսկսում․ 1993 թ. սեպտեմբերի 21
Ժամանակակից օծում․ Սուրբ Աստվածամոր ծննդյան
Կարգավիճակ․ գործող ուղղափառ եկեղեցի

*

Հայկական Վանաձոր քաղաքում, որը մինչև հեղափոխությունը Ղարաքիլիսա էր կոչվում, իսկ դրանից հետո՝ Կիրովական, մի զարմանահրաշ տաճար է կանգնած։ Սպիտակ քարից, սլացիկ, երկնագույն գմբեթներով, նախշազարդ շրջկալներով․ այնպիսի տեսք ունի, ասես անմիջապես Ռուսաստանից է ժամանել, այն ժամանակներից, երբ Անդրկովկասի երկաթուղիներով դեռ գնացքներ էին անցնում, իսկ առաջին կարգի վագոններում ծխում էին կորովատես հանդերձանքով սպաները։ Սակայն այդ տաճարը պարզապես տեսարժան ճարտարապետություն չէ, այլ քարե տարեգրություն, որն արձանագրել է ամեն ինչ․ հին պատերազմների հրդեհները, կայսերական կամքը, 1918 թվականի արյունալի ճակատամարտը և խորհրդայան մոռացվածությունից հետո երկար ու բարդ վերադարձը կյանքին։

Իսկ սկսվել էր ամեն ինչ փայտաշեն եկեղեցուց։ Արդեն դժվար է իմանալ, թե երբ է այն կառուցվել Ղարաքիլիսայում․ շատ ջրեր են հոսել։ Սակայն հայտնի է մեկ ուրիշ փաստ, այն հիմնահատակ այրվել է ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Պարսիկներն այդ ժամանակ այրում էին ճանապարհին հայտնված ամեն ռուսականը՝ տներ, ամրոցներ, տաճարներ․․․ Փայտե եկեղեցուց մնաց միայն մոխիրը և կրակից ուժեղ հիշողությունը։ 1893 թվականին այրված տաճարի տեղում եռացին աշխատանքները։ Նախագիծը պատվիրեցին Ալեքսանդր Պոմերանցևին՝ այն նույն ճարտարապետին, ով կառուցել է Մոսկվայի Վերին առևտրային շարքերը (ներկայիս ԳՈՒՄ-ը) և նախագծել Սոֆիայի Ալեքսանդր Նևսկու տաճարը։ Պոմերանցևն որպես հիմք է ընդունել Սոֆիայի Մայր տաճարի ուրվագծերը, բայց վերաիմաստավորել դրանք սեփական՝ ռուսական ոճով։ Արդյունքում և սոֆիական սրբության նման տաճար ստացվեց, և միաժամանակ բացարձակապես յուրօրինակ՝ սլացիկ, լուսավոր, նրբագեղ համամասնություններով, կամարաձև զարդանախշերով և վրանաձև գմբեթներով, որոնք շատ սիրված էին նախապետրոսյան Ռուսաստանում։ Կառուցել են երկու տարի և աշխատանքներն ավարտել 1895-ին։  

Կառուցման ժամանակահատվածը համընկել է Նիկոլայ II-ի իշխանության հետ և տաճարը օծվել է Սուրբ Նիկողայոս Հրաշագործի անունով՝ ի պատիվ կայսրի երկնային հովանավորի։ Դա երկաթուղային տաճար էր՝ Ղարաքիլիսայով արդեն անցնում էր Անդրկովկասի երկաթուղու ճյուղը, և ծառայողների, մեքենավարների, ուղեպահների և պահպանության զինվորների համար եկեղեցին հոգևոր կենտրոն էր  դարձել։ Այստեղ էին գալիս երկար ճանապարհից առաջ, այստեղ վերադառնում՝ երախտապարտությամբ։ Գնացքների շաչյունները միախառնվում էին զանգերի ղողանջներին, և դրա մեջ խորհրդանշական և իմաստուն խոր գաղափար էր թաքնված, որովհետև հավատքն ու ճանապարհը միշտ իրար կողքի են։ «Նրա համար է ինձ գերում ճանապարհը, որ փոխարինում է ինձ Աստծուն»,- շատ տարիներ անց, բոլշևիկյան անաստվածության տարիներին կգրի մի ռուս բանաստեղծ։ Այն տարիներին, երբ խորհրդանիշները ծաղրանքի էին ենթարկվում, իսկ հոգևոր կենտրոնները՝ պղծվում․․․ Սակայն վերադառնանք մեր պատմությանը։

Վրա հասավ 1918 թիվը։ Մայիս։ Թուրքերը, խախտելով դեռ տասնյոթի դեկտեմբերին կնքված զինադադարը, հեղեղի պես անցան Անդրկովկասով։ Իրար հետևից ընկան Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը։ Մայիսի տասնհինգին գրավվեց Ալեքսանդրապոլը, այժմյան Գյումրին։ Այնտեղից թուրքական զորքերը հովհարաձև էին շարժվում՝ մի մասը դեպի Երևան, մյուսը՝ Ղարաքիլիսա։ Վեց օր՝ մայիսի 24 – 29-ը, հայ աշխարհազորը, ռուսական զորամասերի մնացորդները, կամավորները  կենաց մահու կռիվ էին տալիս թուրքական կանոնավոր բանակի դեմ։ Վեց օր, որոնց ընթացքում ցանկացած բլուր, գերան կամ տուն կարող էր վերջին սահմանագիծը դառնալ։ Տաճարն այդ օրերին պարզապես աղոթատեղի չէր, այլ ապաստան․ նկուղներում թաքցնում էին վիրավորներին, երեխաներին, կանանց։ Փամփուշտները կտցահարում էին պատերը՝ սև բծեր թողելով սպիտակ քարի վրա, սակայն նա դիմադրում էր։ Ինչպես և հողը։ Հասնելով Արևելյան Հայաստանի խորքն ու Ղարաքիլիսայի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի մոտ լուրջ դիմադրության բախվելով, թուրքերը ստիպված էին կանգ առնել։ Եվ այդ հաղթանակի գործում իրենց ներդրումն ունեցան այն պատերը, որ հիշում էին աղոթքները և պահում պաշտպանությունը։   

 Խորհրդային իշխանությունների օրոք եկեղեցին փակեցին։ Խաչերը հանեցին, զանգերը վայր գցեցին, ներսում պահեստ սարքեցին։ Երկար տասնամյակներ եկեղեցին լռում էր, ինչպես և հազարավոր ուրիշներ։ Բայց պատերը հիշում էին։ Նրանք հիշում էին և պարսկական կրակներում այրված փայտե նախակարապետին, և Նիկոլայ կայսրին, և ճարտարապետ Պոմերանցևին, և տասնութի մայիսը։ Հիշում էին և սպասում։  1993 թվականի սեպտեմբերի քսանմեկին, երբ երկիրը ծանր ժամանակներ էր ապրում՝ էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, ցուրտ և սով, Վանաձորում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը լրահոսում չհայտնվեց, սակայն հրաշք դարձավ նրանց համար, ովքեր հավատում էին։ Տաճարը կրկին բացվեց։ Գրեթե յոթանասուն տարվա լռությունից հետո վերսկսվեցին պատարագները։ Եկեղեցին նորից օծեցին և այն կոչվեց Սուրբ Աստվածամոր ծննդյան։ Գուցե այն պատճառով, որ նոր տոմարով սեպտեմբերի 21-ը հենց Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է, իսկ գուցե որովհետև նոր կյանքը միշտ էլ նոր երկնային հովանավոր է պահանջում։ Այդպես էլ տաճարը ստացավ իր երրորդ անունը։  

Այսօր այն գործող եկեղեցի է։ Ներսում՝ սրբապատկեր, մոմեր, լռություն։ Դրսում փոքր քաղաքի առօրեական կյանք։ Սակայն եթե ուշադիր նայես, պատերին այսօր էլ կարող ես տեսնել փամփուշտների հետքերը, իսկ եթե ուշադիր լսես՝ եռալեզու աղոթքների արձագանքը՝ եկեղեցասլավոներեն, հայերեն և ռուսերեն։ Երեք անուն՝ մեկ հավերժություն։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով