Զամանլուի կամուրջ. կիրճի երկաթե լեգենդը

Շահալիի կամուրջը, որն այստեղ Զամանլուի կամուրջ են անվանում, ծնվել է 1898 թվականին

Ընդհանուր տեղեկություններ

Տեսակ. երկաթուղային կամուրջ
Կոորդինատներ․ 40.881176 N, 44.585794 E
Պատմական անվանում. Զամանլուի կամուրջ; Շահալիի կամուրջ
Տեղակայման վայրը. Զամանլու գետի կիրճ (այժմ՝ Վահագնի), Հայաստանի Հանրապետություն
Կառուցվածքային բնութագիր. եռակամար երկաթե կամուրջ
Կառուցման ժամանակաշրջան. XIX դարի վերջ
Շահագործման է հանձնվել. 1898 թվականին
Պատմական ենթատեքստ. կառուցվել է Ալեքսանդրապոլ -Թիֆլիս -Կարս երկաթգծի կազմում
Կառուցման պահին վարչական, պատմական պատկանելություն. Ռուսական կայսրություն 
Ինժեներական նշանակություն. Ցարական Ռուսաստանում կառուցված ամենախոշոր եռակամար երկաթե կամուրջ
Չափսերը. երկարությունը– 256 մ; բարձրությունը – 26 մ
Առնչվող պատմական անձ. ինժեներ Եվգենի Դմիտրիի Վուրցել
Կառուցման առանձնահատկություններ. կառուցվել է տեղագրական և երկրաբանական բարդ պայմաններում; շինարարության ժամանակ կիրառվել են ժամանակավոր մոնտաժային կառույցներ և դուրգամած ֆերմաներ
Սկզբնաղբյուրային հիշատակում. հիշատակվել է «Դեպի Կարս և Էրիվան քաղաքներ ճյուղերով Թիֆլիսից մինչև Պարսկական սահման, Ջուլֆա երկաթգծի տեսարանների և կառույցների ալբոմ. 1895–1907 թթ»-ում
Ուշ շրջանի պատմություն. 2010-2012 թթ կողքին նոր երկաթուղային կամուրջ է կառուցվել
Ժամանակակից կարգավիճակ. հին կամուրջը հանվել է հիմնական շահագործումից, նոր կամրջի գործարկումից հետո թանգարանի կարգավիճակ է ստացել

Շինարարության փուլերը, 1898 թ։

*

Լոռվա կիրճի խորքում, որտեղ Երկրի արարումից ի վեր քարերն է տաշում Վահագնի գետը, որը նախկինում Զամանլու էր կոչվում, մոտավորապես մեկ դար առաջ հրաշք էր կատարվել։ Ռուս ինժեներներն անդունդի վրա կամուրջ էին կառուցել, որի մասին մինչ օրս տարեցները պատմում են թոռներին, երբ ցանկանում են բացատրել, թե ինչ է իրական գեղեցկությունը կամ մարդկային մտքի անլսելի խիզախությունը։ 

Շահալիի կամուրջը, որն այստեղ Զամանլուի կամուրջ են անվանում, ծնվել է 1898 թվականին և անմիջապես դասվել լեգենդների շարքին։  Եվ դա բնական է․ երկու հարյուր հիսունվեց մետր մետաղ՝ ալեկոծվող ջրից քսանվեց մետր բարձրության վրա։ Այն Ռուսական կայսրության ամենամեծ եռակամար երկաթե կամուրջն էր։ Երբ շինարարները ավարտեցին աշխատանքը, մարդիկ գալիս էին պարզապես այն տեսնելու, ինչպես աշխարհի ութերորդ հրաշալիք։ Եվ ոչ միայն նայում, այլև ամբողջ կյանքում հիշում։ Մինչ օրս այս վայրերում ինչ-որ շինություն գովելուց՝ ասում են․ «Զամանլուի կամուրջի պես գեղեցիկ է»։ Եվ այնքան լեգենդներ են պտտվում կամրջի մասին, որ կարելի է գիրք գրել։ Թե ինչպես էին, օրինակ, կամրջի տակ ավազակները գանձեր թաքցնում, թե ինչպես է Քաղաքացիականի ժամանակ այստեղով անցել զրահագնացքը, իսկ կամուրջն անգամ չի էլ ճռռացել․ ամեն ինչ հնարավոր չէ պատմել։

…Իսկ սկսվել էր ամեն ինչ երկաթուղուց։ Ալեքսանդրապոլ -Թիֆլիս-Կարս գիծը պետք է այս լեռներով անցներ, որոնք ի հեճուկս ծրագրի, անսասան կանգնած էին ճանապարհին։ Շինարարության ղեկավար, ինժեներ Եվգենի Դմիտրիի Վուրցելը, ինչպես ասում էին նրա մասին, կոշտ բնավորության և լուսավոր մտքի տեր մարդը, հանձն առավ այդ գործը, որից շատերն էին հրաժարվել։

Ընտրված վայրից ավելի գեղեցիկը հնարավոր չէր երևակայել, բայց հնարավոր չէր գտնել նաև ավելի անհարմարը։ Ժայռեր, զառիթափեր, սաստիկ քամիներ։ Բնահողը միայն կոչվում է այդպես, իսկ իրականում՝ ոտքի տակից փախչող զանգված։ Սակայն Վուրցելը նահանջողներից չէր։ Կամուրջը նախագծում էին այն ժամանակների տեխնիկական բոլոր ձեռքբերումների հաշվարկով․ գնացքներն ավելի էին ծանրանում, ծանրաբեռնվածությունը մեծանում էր և կամուրջը պետք է դարերով ծառայեր։

Ամենադժվար փուլը ֆերմաների տեղադրումն էր։ Մետաղական կառույցները (յուրաքանչյուրը հարյուրավոր ֆունտ) անհրաժեշտ էր բարձրացնել քսանվեց մետր բարձրության վրա և այնպես ամրացնել, որ քամին չշարժի։ Դրա համար կրկնակի քաշող մեխանիզմներով հատուկ սայլեր պատրաստվեցին․ այդպիսիք ուրիշ ոչ մի տեղ չէին կիրառել, միայն այստեղ, այս կամրջի համար։ Ժամանակավոր փայտամածներ, բարձակներ են պատրաստել ֆերման օդում պահելու համար։ Իսկ թե ինչ դժվարությամբ էին դրանք բարձրացնում, առանձին պատմություն է։ Ծանր, թուջե, դրանք դուրգամում էին հսկայական կոնստրուկտորների պես, այնուհետև մաս-մաս, կամաց-կամաց հասցնում բարձունքը և այնտեղ արդեն, քամու հետ պայքարելով, համակցում։ Ամեն գամ մուրճով էր ամրացվում, իսկ այնտեղ դրանք հազարներով էին և յուրաքանչյուրը՝ ձեռքի աշխատանք։ Ներքևում մոլեգնում է գետը, վերևը երկինքն է, իսկ նրանք աշխատում են։ Ռուս տղամարդիկ, հայ վարպետներ, վրացի որմնադիրներ․ նրանք բոլորը հետո թոռներին էին պատմում, թե ինչպես են այդ բարձրության վրա պայքարել երկաթի հետ։   

Հիմքը բնության առանձնահատկություններից ելնելով էր դրվում։ Երկրաբանները այն ժամանակ մեծ պատասխանատվությամբ էին աշխատում․ ուսումնասիրում էին, թե ինչպես է շնչում բնահողը, ինչպես է փչում քամին, որտեղ է գնում անձրևաջուրը։ Հաշվի էին առնում, թե որտեղ է քարն ավելի ամուր, որտեղ ավելի թույլ։ Կամրջի մատույցները գետաքարով էին շարել՝ որոշ հատվածներում մեկ շարքով, որոշներում էլ՝ երկու, որպեսզի, ինչպես և ասված էր, դարերով ծառայի։

Աշխատանքներն այնքան շատ էին, որ անգամ լուրջ ալբոմում հայտնվեցին, որը պատմում է Թիֆլիսից մինչև պարսկական սահման երկաթուղիների մասին։ Այն հրատարակում էին 1895–1907 թվականներին՝ լուսանկարներով և գծագրերով։ Զամանլուի կամրջի մասին գրում էին իբրև «առավել հետաքրքիր նյութի», որը «տեխնիակական հետաքրքրություն էր ներկայացնում․․․ բարդության և աշխատանքների իրականացման պայմանների դժվարության տեսակետից»։  

Կամուրջն անխափան ծառայել է երկու հարյուրամյակ։ Օր ու գիշեր կամրջով գնացքներ էին անցնում․ նախ՝ շոգեքարշեր, հետո՝ ջերմաքաշեր, այնուհետև՝ էլեկտրական գնացքներ։ Պատերազմներ էին որոտում, սահմաններ տեղաշարժվում, կայսրություններ կործանվում, իսկ կամուրջը կանգնած էր։ Եվ միայն երբ գնացքները ավելի ծանրացան, ժամանակն արեց իր գործը․ որոշեցին, որ ծերուկը պիտի հանգստանա։

2010 թվականին գործի անցան «Կամուրջշին» ընկերության հայ շինարարները։ Հին կամուրջի կողքին, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, սկսվեց նորի կառուցումը։ Աշխատեցին երկու տարի, մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ ծախսեցին՝ այդ ժամանակների համար խոշոր գումար։ 2012 թվականի ապրիլի 21-ին նոր կամուրջն իր վրա վերցրեց ողջ ծանրաբեռնվածությունը։ Իսկ Զամանլուի հին կամուրջը, թեթևանալով ամենօրյա ծառայության բեռից, թանգարանի կարգավիճակ ստացավ։  

Այժմ այն կանգնած է կիրճի վրա՝ քիչ-քիչ ժանգոտում, բայց դիմադրում է։ Մարդիկ գալիս են, նայում, հպվում կամրջին, լսում քամու պատմությունը․․․Եվ հասկանում՝ կային ժամանակներ, երբ կարողանում էին այնպես կառուցել, որ հարյուր տարի անց էլ թոռները շնորհակալություն հայտնեն։ Եվ մինչև հիմա էլ պատմում են Զամանլուի լեգենդները։ Եվ դեռ կպատմեն, որովհետև այդպիսի գլուխգործոցները չեն մոռացվում։


Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով